Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԱռողջ ապրելակերպSEO

Ի՞նչ է Կենգուրուի մեթոդը եւ ինչո՞ւ արժի այն Հայաստանում ներդնել

Կենգուրուի մեթոդը անհաս երեխաների ողջ մնալու տեխնիկա է, որն այսօր հաջողությամբ կիրառվում է աշխարհի երկրներից շատերում, եւ այն նաեւ Հայաստանում ներդնելու ժամանակն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց WHO Collaborating Centre for Maternal and Child Health-ից բժիշկ Ֆաբիո Ուքսան:

Կենգուրուի մեթոդի հիմնական գաղափարը երեխայի անմիջական շփման մեջ լինելն է մոր (եւ/կամ հոր) մաշկի հետ. մայրը (կամ հայրը, կամ այլ ազգական) մի քանի ժամ շարունակ երեխային իր կրծքի վրա է կրում` ապահովելով մաշկը մաշկի հետ շփումը: Եթե երեխան գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, օրական մի քանի ժամ նրան դնում են ծնողների կրծքի վրա. մաշկը մաշկին շփման տեւողությունը կախված է երեխայի վիճակից:

Մեթոդն իր անվանումը ստացել է ի պատիվ այն նմանության, թե ինչպես են պարկավորները խնամում իրենց ձագերին: Կարծիք կա, որ մեթոդը մեկնարկել է Կոլումբիայում, որից հետո սկսել է կիրառվել աշխարհի երկրներից մեծ մասում:

Բժիշկ Ուքսայի խոսքով` մորից հեռու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելն անհաս երեխայի համար սթրես է: Եվ հակառակը` նա որքան շատ ժամանակ է մոր հետ անցկացնում, այնքան դա լավ է ու օգտակար` ե´ւ երեխայի, ե´ւ մոր համար:

Կենգուրուի մեթոդով «մաշկը մաշկին» շփումը թույլ է տալիս երեխային տաքացնել եւ պահպանել նրա մարմնի ճիշտ ջերմաստիճանը` առանց ջերմության լրացուցիչ աղբյուրների օգտագործման. նա բնական ջերմություն է ստանում մոր մաշկից: Մոր կողքին գտնվելիս նա ստանում է նաեւ ինֆեկցիաներից պաշտպանություն եւ հոգեբանական հարմարավետություն: Տարածված կարծիքի համաձայն` Կենգուրուի մեթոդը անհաս երեխաների շրջանում նպաստում է կյանքի առաջին ամիսներին հիվանդացածության եւ մահացածության նվազմանը:

Ինչ վերաբերում է մորը` Կենգուրուի մեթոդը մեծացնում է երեխայի համար նրա պատասխանատվության զգացումը, խորացնում է նրան կապվածությունը, օգնում է կազմակերպել բնական կրծքով կերակրելը: Կինն առաջին օրերից սովորում է, թե անհաս երեխային ինչպես ճիշտ խնամի:

Ինչպես նշեց բժիշկ Ուքսան, սովորաբար Կենգուրուի մեթոդը կիրառում են  այն երեխաների խնամքի համար, որոնք 1,5 կգ-ից պակաս քաշով են ծնվել: Սակայն աշխարհի մի քանի առաջատար հիվանդանոցներում կիրառում են նաեւ 1 կգ-ից պակաս ծնված երեխաների խնամքի համար, եթե նրանք կարողանում են ինքնուրույն շնչել: Նույնիսկ խորը անհաս երեխաների համար աշխատում են ինկուբատորների օգտագործումը նվազագույնի հասցնել, քանի որ համարվում է, որ մոր մաշկի հետ շփումն ավելի օգտակար է եւ մեծացնում է նրանց ողջ մնալու հավանականությունը:

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է այս մեթոդը նաեւ Հայաստանում ներդնել: Անհրաժեշտ է նախարարությանը եւ հիվանդանոցներին բացատրել, թե այս մեթոդն ինչ օգուտ ունի. այն թույլ է տալիս կրճատել հիվանդանոցներում անհաս երեխաների մնալու ժամանակը, նվազեցնել ներհիվանդանոցային ծախսերը»,- նշեց բժիշկ Ուքսան:

Ծննդատներում Կենգուրուի մեթոդի ներդրումը կապված չէ մեծ ծախսերի հետ, սակայն, ինչպես նշեց մասնագետը, հիվանդանոցում անհրաժեշտ կլինի մոր մնալու համար հարմարավետ պայմաններ ապահովել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook