Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչո՞ւ է երեխայի խոսքն ուշանում. պարզաբանում է լոգոպեդը

Երեխաները տունը լցնում են մանկան ճիչով, լույսով եւ խանդավառությամբ: Եվ յուրաքանչյուր ծնող անհամբերությամբ է սպասում իր բալիկի թոթովանքին եւ առաջին բառին: Սակայն երբեմն երեխայի խոսքը կարող է ուշանալ: Doctors.am-ը թեմայի հետ կապված զրուցել է լոգոպեդ Շուշան Ավագյանի հետ:

Ներկայում միտումն այնպիսին է, որ երեխաները սկսում են խոսել 3 տարեկանից հետո: Դա անհանգստանալու առիթ չէ, քանի որ ամեն երեխա ինդիվիդուալ է: Մեկը կարող է սկսել խոսել 1 տարեկանում, մյուսը՝ 2,5, երրորդը՝ 3 տարեկանում:

Երեխայի խոսքի զարգացման հապաղումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ երեխայի հետ տանը չեն զբաղվում, երեխան չի շփվում իր հասակակիցների հետ:

Կապ ունի նաեւ, թե երեխան ինչ ընտանիքում է  մեծանում: Եթե տանն անընդհատ վեճեր են, ապա դա նույնպես կարող է նպաստել, որպեսզի երեխան ուշ խոսի: Եթե հղիության ընթացքում մայրիկը սթրեսներ է տարել, ապա դա էլ հետագայում կարող է ազդել երեխայի հոգեվիճակի վրա: Նման դեպքերում ես մայրիկներին խորհուրդ եմ տալիս լոգոպեդի դիմելուց առաջ այցելել հոգեբանի եւ պարզել՝ արդյոք երեխան չունի հոգեբանական խնդիրներ:

Երկրորդը, ներկայում երեխաները հաճախ են հեռուստացույցով կամ համակարգչով մուլտֆիլմեր նայում, որոնք հաճախ համր են, առանց էմոցիաների կամ օտար լեզվով: Հայերեն ինֆորմատիվ մուլտֆիլմերը շատ քիչ են:

Ինչպես զարգացնել երեխայի խոսքն ինքնուրույն

Մայրիկները կարող են ինքնուրույն փորձել զարգացնել երեխայի խոսքը՝ նրանց հետ խաղալով: Սկզբում պետք է սովորեցնել կենդանիների ձայները հանել, դրանից հետո՝ կենդանիների անունները, ապա՝ միրգ ու բանջարեղենի անունները, որոնք օգտագործում եք կենցաղում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ երեխային միանգամից չսովորացնեն գրական հայերենով խոսել: Օրինակ, եթե Դուք երեխային սովորեցնում եք ելակ, բայց տանն օգտագործում եք «կլուբնիկա», դա ճիշտ չէ: Թող երեխան կենցաղային լեզուն նախ սովորի, իսկ հետագայում դպրոցում նա կիմանա, որ «կլուբնիկան» ելակն է:

Երեխայի խոսքի հապաղումը կարող է պայմանավորված լինել նաեւ այն հանգամանքով, որ բալիկը չի շփվում այլ երեխաների հետ, չի հաճախում մանկապարտեզ կամ բակում չի շփվում իր հասակակիցների հետ: Շատ կարեւոր է, որպեսզի մայրիկը ձեռնարկի իր բալիկի շփումն այլ երեխաների հետ, որովհետեւ հաճախ երեխան ավելի արագ ընկալում է իր հասակակցի խոսքը, քան մեծահասակի:

Առհասարակ, պետք է աշխատել, որպեսզի խոսելիս երեխայի եւ մեծահասակի աչքերը հավասար մակարդակի լինեն, որովհետեւ հակառակ դեպքում երեխայի մոտ կարող է տպավորություն առաջանալ, թե իրեն հրահանգում են, սովորեցնում, իսկ դա դրական արդյունքի չի բերում: Պետք է ինքդ դառնաս երեխա եւ սկսես խաղալ երեխայի հետ:

Պետք է հիշել, որ երեխայի խոսքը զարգանում է աստիճանաբար՝ սկզբում փոքրիկը գղգղում է, ապա թոթովում, բառեր ասում, բառակապակցություններ, եւ հետո միայն ամբողջական նախադասություններ: Երեխան պետք է 300-400 բառ ունենա իր բառապաշարում, որպեսզի կարողանա խոսել: Ուստի, նախեւառաջ պետք է հարստացնել երեխայի բառապաշարը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook