Friday, March 29, 2024
Նորություններ

Ինչո՞ւ է լուծարվելու Ուսանողական պոլիկլինիկան

Երեւանի Հատուկ (ուսանողական) պոլիկլինիկան, որը պատկանում է Հայաստանի առողջապահության նախարարությանը, փակվելու է։ Որոշման նախագիծը ԱՆ-ն արդեն ուղարկել է կառավարություն։ Բուժհաստատության աշխատակիցներն այդ որոշումը կապակցում են առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի բիզնես շահերի հետ, որը քաղաքի կենտրոնում ունի առաջնային բուժծառայություններ մատուցող «Վարդանանց» բուժկենտրոնը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հատուկ պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Գեւորգյանը պարզաբանեց, որ պոլիկլինիկայի լուծարման գործընթացը արդեն սկսվել է, ու այն կտեւի 6-8 ամիս։ Նրա խոսքով, ԱՆ-ն խոստացել է աշխատանքով ապահովել փակվող պոլիկլինիկայի լավագույն աշխատակիցներին, սակայն անձամբ նրան դեռ աշխատանքի մասին որեւէ առաջարկություն չեն արել։

ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը NEWS.am Medicine- ի թղթակցին պարզաբանել է, որ պոլիկլինիկան լուծարվելու է օպտիմիզացման մասին կառավարական ծրագրի շրջանակում։ Նա պարզաբանել է, որ այստեղ գործառույթների կրկնություն կար՝ ուսանողները ու մարզիկները, որոնց սպասարկում էին տվյալ պոլիկլինիկայում, շարունակում էին հաշվառված մնալ նաեւ ըստ բնակության վայրի պոլիկլինիկաներում։ Փաստացի պետությունը նրանց համար կրկնակի էր վճարում։

Մամուլի քարտուղարի խոսքով ուսանողներին ու մարզիկներին, որոնք օգտվել են տվյալ պոլիկլինիկայի ծառայություններից, առաջարկվելու է ըստ ցանկության դիմել առաջնային բուժհաստատություններ՝ ըստ բնակության վայրի, կամ ըստ ուսման վայրի։ Ինչ վերաբերում է «Վարդանանց» ԲԿ-ին, նա նկատեց, որ այդ բուժկենտրոնը չունի այնպիսի հնարավորություններ, որպեսզի սպասարկի բոլոր ուսանողներին, բայց ուսանողները իրենք կընտրեն, թե ուր գնան։

Նա հավելել է, որ այն գումարները, որոնք ազատվելու են տվյալ պոլիկլինիկայի լուծարումից, իսկ դա մոտ տարեկան 100 մլն դրամ է, ուղղվելու են հեմոդիալիզի ծառայության զարգացմանը։

Անահիտ Հայթայանը նաեւ հայտնել է, որ նախարար Լեւոն Ալթունյանը հունիսի 3-ին մտադիր է ընդունել պոլիկլինիկայի աշխատակիցներին։

Նկատենք, որ ուսանողական պոլիկլինիկան մինչ այդ ունեցել է իր սեփական շենքը Տերյանի փողոցում՝ Պետական ճարտարագիտական համալսարանի մոտ, բայց չորս տարի առաջ այդ շենքը օտարվել է, իսկ պոլիկլինիկան տեղափոխվել է Կոմիտասի վրա գտնվող 49/4 շենքը։ Պոլիկլինիկայի աշխատակիցները համաձայն չեն ԱՆ տեսակետի հետ այն մասին, որ կա գործառույթների կրկնություն, նրանց կարծիքով այդ բուժհաստատությունը միակն ու եզակի է։

Պոլիկլինիկան անվճար սպասարկում է մոտ 60 հազար հայ ու օտարերկրացի ուսանողների, նաեւ 50 հազար մարզիկների։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook