Thursday, April 25, 2024
Նորություններ

Ինչու՞ են դեղ արտադրողները դեմ զուգահեռ ներմուծմանը

Դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող ընկերությունները դեմ են զուգահեռ ներմուծմանը, քանի որ դրանում շատ ռիսկեր են տեսնում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Սանոֆի ընկերության Եվրասիայի տարածաշրջանի անվտանգության տարածաշրջանային տնօրեն Յուրի Օրլովը:

Նրա խոսքով՝ որևէ պետության, ասենք՝ Հայաստանի համար արտադրվող դեղամիջոցին կցվում է օգտագործման ցուցում այդ երկրի լեզվով: Իսկ եթե այդ դեղը զուգահեռաբար ներմուծվում է նաև այլ երկրից, օրինակ՝ Ֆրանսիայից, ապա շատ հայեր չեն կարողանա կարդալ ցուցումները, քանի որ դրանցում չի լինի հայերեն և ոչ մի բառ:

Բացի այդ, երբ կա զուգահեռ ներմուծում, բավական դժվար է կառավարել դեղերի փոխադրումն ու դրանց պահպանման պայմանները: Օրլովի խոսքով՝ պաշտոնական ներկայացուցիչը փոխադրում է դեղերը ինչպես հարկն է, հետևաբար՝ արտադրողը կարող է միանգամայն վստահ լինել իր արտադրանքի որակի մեջ: Իսկ եթե զուգահեռ ներմուծողը չկարողանա ապահովել դեղամիջոցի տեղափոխման և պահպանման բոլոր պայմանները, ապա այն կարող է կորցնել իր հատկությունները և անգամ դառնալ վտանգավոր:

«Շատ դեղամիջոցներ բավականին «զգայուն են»: Օրինակ, եթե ինսուլինն ուժեղ թափահարվի տեղափոխման ընթացքում կամ եթե խախտվի ջերմաստիճանային ռեժիմը, ապա այն կդառնա օգտագործման համար ոչ պիտանի»,-նշել է Օրլովը և ավելացրել, որ նման դեպքերը ոչ միայն կվնասեն հիվանդին, այլև մեծ վնաս կհասցնեն արտադրողի հեղինակությանը , քանի որ, հիվանդը, որին չի օգնել դեղը,  չի մտածի որ այն տեղափոխել են սխալ պայմաններում, այլ որ արտադրողը ստեղծել է վատ դեղամիջոց:

Հիշեցնենք, որ «Դեղամիջոցների մասին» նոր օրենքը թույլատրել է Դեղերի զուգահեռ ներմուծումը:

Ըստ առողջապահության բնագավառի շատ ներկայացուցիչների՝ զուգահեռ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական շուկայում գների իջեցման. մատակարարը, իմանալով, որ երկրում թույլատրված է զուգահեռ ներմուծումը, չի կարողանա Հայաստանում վաճառել իր դեղերը բարձր գներով, քանի որ նույն դեղերը այլ շուկաներից կարող են երկիր մտնել ավելի ցածր գներով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook