Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս զբաղեցնել մինչև 6 ամսական փոքրիկին. խաղեր տնային պայմաններում

Նախ` սկսենք նրանից, որ երեխաների համար կարևոր է կրկնությունը: Փոքրիկի կենտրոնացումն այդ տարիքում կարող է փոփոխական լինել`կախված նրանից, թե ստույգ քանի ամսական է, ինչ բնույթ ու տրամադրություն ունի:  Երբեմն նա կարող է վայելել խաղն ավելի քան 20 րոպե, բայց ավելի հաճախ դուք ստիպված կլինեք ամեն հինգ րոպեն մեկ վերափոխել խաղը: Ի դեպ, փոքրիկի միմիկայից կարող եք գլխի ընկնել`հոգնել է խաղից, թե ոչ: Եթե  պտտվում է դեպի ձեզ ու ծիծաղում, ուրեմն`դեռ ցանկանում է խաղալ, իսկ եթե հայացքով փախչում է ձեզնից,  լաց է լինում, ուրեմն` ժամանակն է փոխել ժամանցի բնույթը:

Ոչ բոլոր երեխաներն են «միանում» բոլոր տեսակի խաղերին: Բայց դա չպետք է անհանգստացնի ձեզ: Այդուհանդերձ, եթե ունեք երեխայի զարգացման հապաղման հետ կապված որևէ մտահոգություն, զրուցեք երեխայի բժշկի հետ:

Թվում է՝ այս տարիքի երեխան, պառկելուց բացի, այլ բան չի անում: Այդ դեպքում  ինչպե՞ս է հնարավոր նրան զվարճացնել: Լավագույն տարբերակը երեխայի զգայարանները ներգրավելն է՝ շոշափելիքների, տեսողական, հոտառական և լսողական: Առաջին եռամսյակի ավարտին փոքրիկը կարող է ձեռքերը մեկնել ու բռնել որոշ իրեր՝ ուրախանալով ձայներից, բույրերից, նախշերից:

Ի դեպ, երեխային անհրաժեշտ կլինի մի քանի վայրկյան, որպեսզի նա արձագանքի ձեր խաղին կամ միգուցե ընդհանրապես չարձագանքի: Համբերատար եղեք. հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նորից փորձել կամ սպասել, մինչև կստանաք արձագանք:

 

Պարեր

Ցերեկները, երբ երեխաները սկսում են ձանձրանալ ու դառնում են դյուրագրգիռ, կարող եք պարել: Կարող եք փոքրիկին դնել սլինգի մեջ, լավ երաժշտություն միացնել ու պարել:

 

Ուսումնասիրել տունը

Երեխայի հետ կարող եք զննել տան անկյունները: Ցանկացած իրով զբաղմունքը, որը չի թունավորի, չի էլեկտրահարի կամ որևէ այլ կերպ չի վնասի փոքրիկին, կարող եք վերածել խաղի: Երեխաները սիրում են հարիչներ, գդալներ, շշեր, ամսագրեր և այսպես շարունակ: Կարող եք խաղալ դրանցով, բայց հետևելով, որպեսզի որևէ վտանգավոր բան չտանի բերանը: Կարող եք  որևէ տուփ վերցնել, անվտանգ իրերը լցնել մեջն ու նստել փոքրիկի կողքին: Իհարկե, պետք է նկատի ունենաք, որ փոքրիկներն ունեն խաղալու իրենց տարբերակը, հետևաբար մի ակնկալեք, որ գրքով պետք է խաղա այնպես, ինչպես դուք եք պատկերացնում: Նա, հավանաբար, մի քանի րոպեից կխլի գիրքը ձեր ձեռքից և կփակի: Դա ևս երեխայի զարգացմանը նպաստող գործողություն է:

 

Ճամփորդություն`դեպի մայրիկի հանդերձասենյակ

Փոքրիկի հետ կարող եք մտնել հանդերձասենյակ և պեղել այն բոլոր իրերը, որոնք պահում, բայց չեք օգտագործում: Կարող եք այդ իրերը դնել հատակին ու թույլ տալ փոքրիկին խաղալ դրանցով: Երեխան, հաստատ, հետաքրքրությամբ կզննի դրանք:

 

Հե՜յ, այդ ի՞նչ է իմ գլխավերևում կախված

Դուք չեք էլ կարող պատկերացնել`որքան զվարճալի խաղեր կարող եք հորինել ձեր ձեռքի տակ եղած իրերով: Օրինակ`

  • փայտե գդալին կարող եք տարատեսակ ժապավեններ ամրացնել ու կախել փոքրիկի գլխավերևում:
  • վերցրեք բարակ շարֆ ու այնպես նետեք, որ այն հայտնվի փոքրիկի գլխին:
  • Թելը կապեք կտորե գնդակին ու հատակին հարվածելով զվարճացրեք փոքրիկին:

 

Հիշեք`երբեք չի կարելի փոքրիկին թողնել այդ իրերի հետ միայնակ:

 

Երգե՜ք

Հնարավոր է`դուք լավ ձայն չունեք, բայց հիշեք`դրա մասին փոքրիկը չգիտի, հետևաբար կարող եք հանգիստ երգել: Ընտրեք այնպիսի երգեր, որոնց դեպքում ձայնը կամաց-կամաց բարձրանում է: Ձայնի տատանվող ելևէջները գրավում են  փոքրիկներին:

Աղբյուրը` /impoqrik.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook