Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպե՞ս է կարճ զբոսանքն ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա

Դարեր շարունակ Միջերկրածովի բնակիչները երկար, դանդաղ ուտելուց հետո գնացել են զբոսնելու։ Քայլքը նրանց առողջ կենսակերպի անբաժանելի մասն է եւ մտնում է գերառողջ միջերկրածովյան սննդակարգի ցուցակի մեջ։

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ միջերկրածովյան սննդակարգը կարող է նվազեցնել դիաբետի, խոլեստերինի բարձր մակարդակի, սրտի հիվանդությունների, կաթվածի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը՝ ամրացնելով ոսկրերը, բարելավելով ուղեղի առողջությունը, կանխելով թուլամտությունն ու դեպրեսիան, ինչպես նաեւ օգնելով քաշի առողջ նվազմանը։

Այժմ կարելի է ավելացնել ուտելուց հետո զբոսնելու եւս մեկ պատճառ. այդ դեպքում կարող է իջնել արյան մեջ շաքարի մակարդակը։

2022թ. հետազոտության արդյունքներով, որը հրապարակվել է Sports Medicine ամսագրում,  զբոսանքն ուտելուց հետո կարող է զբաղեցնել ընդամենը երկուսից հինգ րոպե։

Գիտնականներն ուսումնասիրել են յոթ հետազոտությունների արդյունքները, որոնցում համեմատվել է նստելու, կանգնելու եւ քայլելու ազդեցությունը ինսուլինի եւ արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Հետազոտությունների մասնակիցներին խնդրել են կամ կանգնել, կամ քայլել երկուսից հինգ րոպե յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, ամբողջ օրվա ընթացքում։

Յոթ հետազոտություններում ակտիվության ընդհանուր ժամանակը դիտարկումների ամբողջ ընթացքում կազմել է մոտ 28 րոպե, ընդ որում՝ կանգնելու եւ թեթեւ քայլքի ընդմիջումները տեւել են 2-ից 5 րոպե։

Կանգնելն ավելի օգտակար է եղել, քան բազմոցին նստելը, երբ խոսքը վերաբերել է արյան մեջ շաքարի մակարդակին, բայց դա չի օգնել իջեցնել ինսուլինի մակարդակն արյան մեջ, վկայել է ուսումնասիրությունը։

Բայց եթե մարդիկ ուտելուց հետո ոչ մեծ զբոսանք են կատարել, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացել եւ իջել է ավելի սահուն, իսկ ինսուլինի մակարդակն ավելի կայուն է եղել, քան կանգնած կամ նստած վիճակում, նշվել է հետազոտությունում։

Փորձագետների խոսքով՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը զսպելն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այդ մակարդակի ավելանալն ու արագ իջնելը կարող են բարձրացնել դիաբետի եւ սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է ուտելուց հետո 60-90 րոպեի ընթացքում, ուստի ավելի լավ է սկսել շարժվել ուտելուց անմիջապես հետո։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook