Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս կարող են սերմնաբջիջներ չունեցող տղամարդիկ հայրանալ

Եթե ամուսնական զույգը երկար ժամանակ չի կարող երեխա բեղմնավորել, որպես կանոն առաջինը բժշկի մոտ են ուղարկում կնոջը, թեպետ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ղեկավար ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը կարծում է, որ դեպքերի կեսի մոտ «մեղավորը» տղամարդն է։

Տղամարդու անպտղությունը կարող է մի շարք պատճառներ ունենալ, եւ դրանցից մեկը ազոոսպերմիան է՝ պաթոլոգիական վիճակ, որի դեպքում սերմնահեղուկի մեջ բացակայում են սպերմատոզոիդները։

NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Գեւորգ Գրիգորյանը նշեց, որ ազոոսպերմիան բաժանվում է 2 տեսակի՝ օբստրուկտիվ (սպերմատոզոիդների դուրս գալու համար մեխանիկական արգելքներ կան) եւ ոչ օբստրուկտիվ (խախտված է սպերմատոզոիդների հասունացման գործընթացը)։

Նախկինում երկու դեպքում էլ տղամարդը ոչ մի դեպքում հայրանալ չէր կարող։ Որոշ դեպքերում, ազոոսպերմիայի պատճառներից կախված՝ նրանց կարող է օգնել դեղորայքային բուժումը, իսկ այլ դեպքերում՝ վիրահատական։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ օբստրուկտիվի դեպքում կարելի է միկրովիրաբուժական միջամտություն կատարել եւ վերականգնել սերմնածորանների անցանելիությունը։ Իհարկե, այդ ուղղությունն այնքան էլ տարածված չէ Հայաստանում, եւ քիչ հիվանդանոցներում են նման վիրահատություն անցկացնում։

Ինչ վերաբերում է ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիային, այստեղ հնարավոր է այսպես կոչված ամորձիների բիոպսիա՝ ամորձիների էկստրակցիա (TESE)։ 20 տարի առաջ դրա համար ուղղակի կտրվածք էին անում ամորձիների վրա եւ մանրադիտակով սպերմատոզոիդներ փնտրում։ Եթե գոնե մի քանի հատ գտնում էին, դրանք օգտագործում էին արտամարմնային բեղմնավորման կամ ԻՔՍԻ-ի (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը ձվաբջիջի մեջ) համար։ Եթե այդ կոնկրետ տեղում սպերմատոզոիդներ չէին գտնում, տղամարդն անպտուղ էր համարվում։

Սակայն այսօր բժշկության մեջ հայտնվել են նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս հասնել լավագույն արդյունքների։ Վիրահատության ընթացքում ժամանակակից վիրաբույժներն արդեն գործածում են հատուկ մանրադիտակ՝ 40-ակի մեծացման հնարավորությամբ։ Անելով փոքր կտրվածքներ ամորձիների վրա՝ մասնագետը մանրադիտակով դիտում է, թե ամորձիների որ մասում է պահպանվել սպերմատոգենեզը։ Մասնագետը բացատրել է, որ որոշ էնդոկրինոլոգիական կամ գենետիկ հիվանդությունների դեպքում կարող է լինել սպերմատոգենեզի տեղային պահպանում՝ տղամարդկանց ամորձիների մի մասում կարող են լինել սերմնաբջիջներ, իսկ մյուս մասում՝ ոչ։ Անելով ամորձիների բիոպսիա առանց նման մանրադիտակի, վիրաբույժը չի կարող տեսնել, արդյոք ճիշտ տեղից է վերցնում նմուշը։ Իսկ միկրոսկոպիկ տեխնիկան հնարավորություն է տալիս բիոպսիա անել հենց այն տեղում, որտեղ պահպանվում է սպերմատոգենեզը։

Գեւորգ Գրիգորյանը նշել է, որ բիոպսիայի ստանդարտ մեթոդի (TESE) դեպքում ձվաբջիջի բեղմնավորման համար պիտանի սերմնաբջիջներ հաջողվել է գտնել դեպքերի 50-60 տոկոսում , իսկ microTESE-ի գործածման դեպքում պրոցեդուրայի արդյունավետությունը աճում է մինչեւ 90 տոկոս։

Տղամարդկանց անպտղության բուժման վիրահատական մեթոդների մասին դասախոսությամբ Գեւորգ Գրիգորյանը ելույթ է ունեցել Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի գիտաժողովի ընթացքում, որն անցել է հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում։ Գիտաժողովի ժամանակ եղել են ոչ միայն գիտական զեկույցներ, այլեւ տարբեր մասնագիտացումների բժիշկների միջեւ ոչ պաշտոնական շփում, փորձի փոխանակություն ու վարպետության դասընթացներ, որոնք անցկացրել են նշանավոր մասնագետներ։

https://med.news.am/arm/

 

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook