Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպե՞ս նվազեցնել Երեխայի հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը

Նորածին երեխան տունը լցնում է ուրախությամբ եւ ջերմությամբ, բայց նաեւ որոշակի լարվածության մեջ պահում ծնողներին: Ընտանիքի յուրաքանչյոր անդամ ջանք չի խնայում փոքրիկի գերազանց կոմֆորտի եւ առողջության համար: Սակայն այն բոլոր միջոցները, որոնք ձեռնարկվում են, պետք է առաջին հերթին ուղղված լինեն Երեխայի հանկարծակի մահվան համախտանիշը կանխելուն: 

Երեխայի հանկարծակի մահվան համախտանիշը (SIDS) մինչեւ մեկ տարեկան՝ արտաքնապես առողջ երեխայի մահն է, որը հաճախ անվանում են «մահ` օրորոցում», քանի որ մահը վրա է հասնում քնած ժամանակ եւ հնարավոր չէ նախապես որեւէ նախանշանով դա կանխատեսել:

Մինչ օրս գիտնականները չեն բացահայտել, թե ինչն է դառնում երեխայի հանկարծակի մահվան պատճառ, սակայն կան որոշ միջոցներ, որոնք ձեռնարկելով հնարավոր է էականորեն նվազեցնել SIDS-ի ռիսկը:

Ի դեպ, եթե երեխան վաղահաս է ծնվել, ապա նրա մոտ SIDS-ի ռիսկը երեք անգամ ավելի մեծ է:

1. Երեխայի կյանքի առաջին տարում, հատկապես՝ մինչեւ 6 ամսականը, պետք է նրան միշտ մեջքի վրա պառկեցնել: Այդ դիրքով երեխաներն ավելի լավ են շնչում: Փորձը ցույց է տալիս, որ մեջքի վրա քնող երեխաներն ավելի քիչ են հակված մահանալ SIDS-ից, քան այն երեխաները, որոնք քնում են կողքի կամ փորի վրա:

Սովորաբար վեց ամսականից սկսած՝ երեխան ինքնուրույն կարող է թեքվել կողքի կամ փորի վրա: Այդ դեպքում նորմալ է թույլ տալ, որպեսզի նա քնի իր նախընտրած դիրքում:

2. Պետք է խուսափել երեխայի մահճակալում կողմնակի առարկաներ դնելուց: Մեծ, լայն վերմակներ, ծածկոցներ նույնպես չի կարելի թողնել մահճակալի մեջ, նաեւ՝ փափուկ խաղալիքներ, բարձեր:

Եթե սենյակում ցուրտ է, երեխային պետք է ծածկել իր չափսերին համապատասխան վերմակով:

3. Շատ ծնողներ կարող են երեխային իրենց մահճակալում քնացնել, սակայն պետք է խուսափել դրանից: Երեխան կարող է քնել ծնողների հետ նույն սենյակում, բայց ոչ երբեք նույն մահճակալում:

4. Երեխայի մանկասայլակը կամ քարսիթը նրա համար չպետք է ծառայեն որպես քնելու մշտական վայր: Նստած դիրքում քնելը կարող է դժվարացնել շնչառությունը:

5. Եթե հնարավորություն ունեք, ապա նախընտրելի է երեխային կրծքով կերակրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով կերակրումը նվազեցնում է SIDS-ի ռիսկը 50 տոկոսով:

6. Կարեւոր է նաեւ հղիության ընթացքում եւ երեխայի ծննդից հետո թողնել ծխելը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ SIDS-ից մահացած երեխաների մեծ մասի թոքերում նիկոտինի պարունակությունն ավելի մեծ է եղել:

7. Երեխային պետք է տաք պահել, սակայն պետք է չափը չանցնել: Ամենաօպտիմալը՝ երեխային հագցնել Ձեզանից մեկ շերտ ավել հագուստ:

Եթե երեխան քրտնում է, կամ նրա կրծքավանդակը տաք է, դա վկայում է այն մասին, որ Դուք նրան շատ եք հագցրել:

8. Ծծակը կարող է պաշտպանել երեխային հանկարծակի մահվան սինդրոմից, սակայն պետք չէ ստիպողաբար երեխային ծծակ տալ: Եվ անհանգստանալու կարիք չկա, եթե ծծակն ընկնի երեխայի բերանից քնած ժամանակ:

Նյութի աղբյուրը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook