Wednesday, April 24, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպե՞ս ողջ օրը զբաղացնել երեխաներին, որպեսզի նրանք նույնիսկ չհիշեն գաջեթների մասին

Մի մտածեք, թե անհրաժեշտ է ամեն ինչ թողնել կամ ավարտել, հետո երեխայի հետ խաղալ։ Փոխարենը կարող եք ամեն ինչում երեխային ներգրավել։ Առաջարկում եմ օրվա անելիքը երեխայի հետ համատեղ անել։ Օրինակ՝ սնունդ պատրաստելիս երեխային ներգրավել։ Մի կողմ դնենք մաքրասիրությունը, մտավախությունը, թե գործը կդանդաղի, ալյուրը կթափվի և այլն։ Պետք է զգուշորեն, բայց համատեղ պատրաստել։ Հաճախ մենք սպասում ենք, որ երեխաները քնեն, որպեսզի տանը ինչ-որ բան վերանորոգենք։ Սա նույնպես աշխատանք է, որում կարելի է երեխային ներգրավել։ Օրինակ` երեխան կարող է լապտերով լույս գցել, երբ հայրիկը անսարք իր է նորոգում, կամ մայրիկին օգնել հեքիաթների գրքերոը սոսնձելու գործում։ Եթե անգամ այդ պահին լապտերի լույսը պետք չէ, երեխային սա շատ դուր կգա. նա իրեն կարևորված է զգում այս դեպքերում։

Օգտագործեք այս պահը երեխայի հետ «ջրիկանալու» համար։ Եթե հիմնականում աշխատանքից ուշ էիք վերադառնում ու երեխային քնից առաջ աշխուժանալ պետք չէր, ապա հիմա հանգիստ կարող եք ցերեկը միասին «ջրիկանալ»։ Սա հավելյալ դրական էմոցիաների աղբյուր է։

Կարող ենք երեխայի հետ նկարել, պաստառներ պատրաստել։ Ենթադրենք տատիկ-պապիկը ինքնամեկուսացված են, նրանց ողջունող ու քաջալերող պաստառներ պատրաստեք, լուսանկարեք դրանք ու ուղարկեք նրանց։ Սա շատ հետաքրքիր է երեխաներին։ Պաստառների մի մասի վրա կարող եք նկարել, մյուս մասի վրա՝ ինչ որ ամսագրերից պատկերներ կտրտել ու սոսնձել։ Վստահ եմ՝ սա նույնիսկ մեծահասակներին դուր կգա։

Երեխայի հետ միասին գիրքհեքիաթ կարդացեք։ Եթե երեխան փոքր է, կլսի հեքիաթը, եթե դպրոցական տարիքի է, ապա կարող եք հերթով կամ դերերով կարդալ։ Նույնիսկ շատ փոքրիկի համար  հեքիաթ ընթերցելիս նրա մատը սահեցրեք ընթերցվող բառերի վրայով։ Ընթերցանության նախադրյալների զարգացման համար սա կարևոր է։ Հետո կարդացած հեքիաթը կարող եք գեղեցիկ բեմականացնել։ Երեխաներին դուր է գալիս, երբ սավանը փռում ենք սեղանի վրա, մտնում ենք տունիկի մեջ և դառնում, օրինակ, երեք խոզուկներ։ Փորձեք ու կհամոզվեք, որ ժամանակը շատ արագ կթռնի։

Երեխաների հետ փոքրիկ ֆիլմեր նկարեք։ Սա նրանց հատկապես դուր կգա։ Երեխան կարող է մեկ օր լինել սցենարի հեղինակը, հաջորդ օրը՝ օպերատորը, մյուս օրը՝ ռեժիսորը և այսպես շարունակ։ Երբեմն, ընթրիք պատրաստելիս, կարող է հնարավոր չլինել երեխային գործընթացի մեջ ներգրավելը։ Այդ դեպքում երեխան կարող է համեղ պատրաստելու մասին հաղորդում նկարահանել և ուղարկել ընկերներին։

Երեխաների հետ զարգացնող թիմային խաղեր խաղացե՛ք։ Օրինակ՝ լոտոներ, քարտերով խաղեր։ Սրանք մրցակցային տարր ունեն ու անգամ տան մեծերն են անհամբեր սպասում խաղին, որպեսզի տեսնեն, թե ով այսօր կհաղթի։

Նաև կարևոր է միասին ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելը։ Իսկը ժամանակն է ծածկոցի մեջ փաթաթվելու, բազմոցին նստելու ու երեխայի հետ համատեղ ընտանեկան լավ ֆիլմմուլտֆիլմ նայելու։

Ճաշից հետո առաջարկում եմ ընտանեկան դիսկոտեկ անցկացնել։ Կտեսնեք, թե երեխաները որքան կուրախանան սրանից։

Ըստ էության՝ սրանք հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաների համար են նախատեսված։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար պետք է հաշվի առնել նրանց նախասիրությունները։ Օրինակ՝ դպրոցական տարիքի երեխաների հետ միասին կարող եք ընտանեկան բիզնես ստեղծելու գաղափարի շուրջ աշխատել, փորփրել ընտանեկան արխիվներն ու նախնիների պատմությունները, նկարել ընտանեկան ծառը և այլն։ Պետք է երեխաներին ներգրավել տուն մաքրելու գործերում։ Կարող եք նրանց առաջարկել իրենց սենյակում կամ տանը փոխել կահույքի և իրերի դասավորվածությունը, այնպես, ինչպես իրենք են ցանկանում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook