Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններ

Ինչպես անել, որ սեպտեմբերի 1-ը և՛ երեխայի, և՛ ծնողի համար չդառնա սթրեսային. հոգեբանի խորհուրդները

Հաջորդ շաբաթ կսկսվի 2022 թվականի նոր ուսումնական տարին: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվում են, սակայն այդ ամենից հետո սկսվում է նոր՝ սթրեսային փուլը. Ինչպես երեխային պատրաստել նոր ուսումնական տարվան, ինչպես նա կհարմարվի նոր միջավայրին, կամ օրվա նոր գրաֆիկին:

Zarkerak.am-ը այս և ևս մի քանի հարցերի շուրջ զրուցել է ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ, ում խոսքով ցանկացած փոփոխություն ենթադրում է սթրես, յուարքնաչյուր նորի սկիզբ,  սակայն ոչ բոլոր դեպքերում պետք է այն դիտարկել բացասական իմաստով.

«Նոր բնակարան կամ նոր աշխատանքի տեղափոխվելը սթրես է, նոր հագուստ ընտրելը և այդ ամենը հոգեբանության տեսանկյունից դիտարկվում է և՛ դրական, և՛ բացասական իմաստով: Սեպտեմբերի 1-ը և ծնողների և աշակերտների կամ ուսանողների համար նույնատիպ իրավիճակ է՝  սկսվում է նոր ուսումնական տարի, աշակերտների դեպքում՝ ուսուցիչները փոխվում են, սկսվում են նոր ծրագրեր․․․ Առջևում անորոշություններ են, որոնք կարող են սթրես առաջացնել, ու այդ ամենի համար է պահանջվում է հարմարման ժամանակ, այսինքն՝ գործընթացը հենց սթրեսի պրոցեսն է և դրա մեջ պետք չէ անպայման բացասական երանգներ փնտրել»,- նշում է հոգեբանը:

Սթրես՝ ծնողի համար

Մասնագետի խոսքով, իհարկե, ծնողների համար լրացուցիչ ծախսեր կարող են լինել, օրինակ՝ գրենական պիտույքների, գրքերի, հագուստի ձեռքբերումը, բայց շատ կարևոր է, որ ծնողները այդ սթրեսային իրավիճակը երեխային  մատուցեն որպես դրական փոփոխություն: Օրինակ՝ ևս մեկ տարով առաջընթաց ՝ ինչպիսի դրական սպասիլիքներ ունեն նոր ուսումնական տարում:

«Եթե ծնողի համար ցանկացած նորը դիտվում է որպես անախորժություն  կամ դժվարություն, որի հաղթահարումը խնդրահարույց է, անհրաժեշտ է երեխային ներկայացնել իրականությունը և ինչ-որ չափով մանսակից դարձնել նրան խնդրի լուծման գործընթացում։ Օրինակ, եթե ֆինանսական դժվարություն կա՝ գրենական պիտույքները գնել երեխայի հետ՝  գրախանութում բացատրելով թանկն ու էժանը, եթե պետք է զգույշ լինել  ծախսերի մեջ: օրինակ ընտրությունը կարելի է թողնել երեխային՝ դու կարող ես կամ 3 հատ այս տեսակից, կամ 2 հատ մյուսից, և եթե 3 հատ ունենաս ավելի երկար կօգտագործես»,- օրինակով ներկայացնում է հոգեբանն ու հավելելով, որ սա լավ առիթ է երեխային կյանքի մի շարք հմտությւոններին ծանոթացնելու համար:

Նա նաև ընդգծում է, որ շատ կարևոր է, թե ծնողն ինչպես է ներկայացնում սեպտեմբերի 1-ը, քանի որ երեխան այն ընկալում է հենց ծնողի «փաթեթավորումով»:

«Հաճախ, մասնավորապես նախադպրոցական, դպրոցական, վաղ դեռահասության տարիքում երեխաների համար շատ կարևոր է ծնողների ընկալումը, այն կարծես ուղեցույց է կյանքի մյուս բոլոր ընկալումներն իրականացնելու համար»:

Սթրես՝ երեխայի համար

Եթե խոսենք նոր դպրոց հաճախող երեխայի մասին, ապա պետք է ընտանիքն ու մանկապարտեզը երեխային նախապատրաստեն դպրոց գնալուն: Այս մասին ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանն ու ընդգծում, որ այդ գործընթացը պետք է երևեխային ներկայացնել որպես հասունացման ևս մեկ քայլ.

«Փոքր տարիքում երխաները միշտ մրցակցության մեջ են՝ երբ կմեծանան, ով է ավելի մեծ, ով է ավելի ուժեղ: Ուստի դպրոց գնալն այնպես պետք է մատուցել, որ դու արդեն մեծ ես մանկապարտեզի տարիքից և այլն: Այստեղ մի շարք ինքնահաստատման և երեխայի ինքնագնահատականի բարձրացման խնդիրներ են դրված»,- նշում է նա:

Մասնագետը խոսելով այն երեխաների մասին, որոնք մեկուսացված են և չեն սիրում շփումը, ասում է՝ նրանց համար խնդիրները շատանում են և այս դեպքում ծնողներն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն հաղթահարելու, հաճախ հոգեբանների ներգավմամբ:

«Լինում են երեխաներ, ովքեր կապված են մայրերի հետ և անգամ  թույլ չեն տալիս, որ ծնողը հեռանա դպրոցից, ու ստիպում են, որ մայրը նստի նույն դասարանում, կամ պետք է դասարանի դուռը բաց լինի ու ինքը տեսնի մորը ցանկացած պահի: Նման դեպքերում, ընդհանրապես խորհուրդ չի տրվում բռնի ուժով երեխաներին թողնել դպրոցում, որովհետև այդ պարագայում դպրոցը դառնում է ոչ թե ուսման ու գիտելիքի աղբյուր, այլ՝ տառապանքի, որտեղ երեխան միայն բացասական հույզեր է ստանում»,- ասում է հոգեբանը:

Հարցին, թե ինչ պետք է անել նման դեպքերում, հոգեբանն ասում է, որ նախ պետք է երեխայի հետ վաղ տարիքից աշխատել նման խնդրի չառնչվելլու համար.

«Բոլոր այս դեպքերում մենք գործ ենք ունենում, հիմնականում,  տագնապային դժվարությունների հետ, որովհետև, երեխային թվում է, թե եթե մայրը հեռանա վատ բան կպատահի՝ կա՛մ մամայի հետ, կա՛մ իր հետ ու ինքը չի իմանա ինչպես վարվել: Այստեղ, մենք ընտանիքներում շատ կարևոր առաքելություն ունենք՝ երեխային ինքնուրույն և անկախ կյանքի նախապատրաստելու, ոչ թե նրա բոլոր նախաձեռնություններին ասել՝ չէ դու չես կարող, թող ես անեմ, այլ հակառակը՝ որ մասը որ հնարավոր է, ասել, որպեսզի երեխան ինքն ինքնուրույն կատարի»,- ասում է Խաչատուր Գասպարյանն ու հավելում, որ հաճախ երեխայի միջավայրից մեկուսացման պատճառն ընտանիքում խնդիրներն են՝ կոմֆլիկտների արդյունքում ստացած տրավման, կորուստները, ծնողների ամուսնալուծությունը: Նա նշում է, որ նման դեպքերում նախընտրելի է մանկական հոգեբանը երեխայի հետ աշխատանք տանի:

Երեխան, որն առաջին  անգամ չէ հաճախում դպրոց այլ սթրեսային իրավիճակում է գտնվում: Հոգեբանն ասում է, ցանկացած դեպքում արձակուրդից հետո՝ կլինի դա ամառային, թե մեկ այլ, միևնույն է դժվար է վերադառնալ:

«Մեծահասակների համար արձակուրդի հետո աշխատանքի վերադառնալն էլ է դժվար լինում. բայց այստեղ, իհարկե, գլխավոր դերակատարն այն է, թե մարդն ինչքանով է սիրում իր աշխատանքը: Եթե դուք սիրում եք ձեր աշխատանքը վերադարձը հաճելի է, իսկ եթե ձեր աշխատանքը ձեզ համար միայն ֆինանսական աղբյուր է և հաճույք չեք ստանում, բավականություն չեք ստանում, այդ դեպքում վերադառնալն արձակուրդից հետո դառնում է սթրեսային: Նույն կերպ երեխաների մոտ է. մենք ունենք դպրոցում շատ դեպքեր, որ ուսուցիչները երեխաների նկատմամբ ագրեսիվ են, ուսուցիչները ունեն իրենց սեփական չլուծված խնդիրները, որոնք բերում են դպրոց: Օրիանկ՝ իմ երեխայի ուսուցչուհին այնքան ագրեսիվ էր, որ ծնողներով հավաքվեցին և խնդրեցին, որ փոխեն ուսուցչուհուն:

 

Ուսուցիչները պատճառներ են բերում, որ, օրինակ քովիդի ընթացքում կորուստներ են ունեցել, որ ինքն առողջական խնդիրներ ունի և այլն, բայց երեխաները մեղավոր չեն, որ մեծերը խնդիրներ ունեն և չպետք է նրանց վրա «լցնեն» իրենց չլուծված հարցերի հետևանքները, այնպես որ դպրոցն ու հասարակությունը շատ կարևոր առաքելություն ունեն»,- շեշտում է ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը:

 

Արաքսյա Փաշոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook