Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես դուրս բերել աչքի մեջ հայտնված օտար մարմինը

Աչքում օտար մարմնի առկայությունը կարող է բավական տհաճ զգացողություններ առաջացնել, և դրանք ծանոթ են, թերևս, յուրաքանչյուրին: Այդ օտար մարմինը կարող է լինել պարզապես թարթիչ, փոշու հատիկ, փոքր միջատ կամ որևէ այլ փոքր առարկա, սակայն դրա առաջացրած տհաճ զգացողությունները, ցավն ու այրոցը կարող են պարզապես անտանելի լինել:

Աչքում օտար մարմնի առկայության դեպքում ակնթարթորեն ակտիվանում են օրգանիզմի պաշտպանական գործառույթները, որոնց շնորհիվ առատ արտասուք է արտադրվում և մարդն սկսում է ավելի հաճախ թարթել: Այս կերպ օրգանիզմը բնական ճանապարհով փորձում է ազատվել օտար մարմնից, սակայն խնդիրն այն է, որ դա ոչ միշտ է հաջողվում անել առանց հավելյալ օգնության:

Եթե օտար մարմնից չի հաջողվում ազատվել ինքնուրույն, ապա հարկավոր է հավելյալ միջոցներ ձեռնարկել: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադիր զննել աչքը, հատկապես՝ կոպերի տակ: Եթե օտար մարմինը գտնվում է սպիտակուցային թաղանթի վրա, ապա այն կարելի է դուրս բերել մաքուր թաշկինակի օգնությամբ: Բացի այդ կարելի է օգտագործել նաև բամբակյա ծայրը թրջած ականջմաքրիչ:

Սակայն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում մասնագետի օգնության կարիք, քանի որ օտար մարմինն ինքնուրույն դուրս բերելու փորձերը վտանգավոր են դառնում: Հատկապես վտանգավոր է, եթե աչքում հայտնված իրը շատ փոքր է ու սուր կամ գտնվում է եղջրաթաղանթի վրա: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ օտար մարմինը կարող է դառնալ աչքի վնասման կամ տեսողության վատացման պատճառ:

Բացի այդ, հարկավոր է շատ ուշադիր զննել վերին ու ստորին կոպերը, քանի որ օտար մարմինը կարող է հայտնվել դրանց տակ: Նման դեպքերում հարկավոր է լինում կողմնակի օգնություն այն աչքից դուրս բերելու համար: Անհրաժեշտ է զգուշորեն բարձրացնել կոպը, ինչը թույլ կտա հայտնաբերել օտար մարմինն ու դուրս բերել այն:

Աչքում օտար մարմնի առկայությունը կարող է դառնալ նաև բորբոքումների պատճառ, որոնցից խուսափելու համար հարկավոր է լվանալ աչքը թեյի թունդ, սառը թուրմով: Այն կօգնի ախտահանել աչքն ու կարագացնի մանր վնասվածքների ապաքինումը: Եթե անգամ այս դեպքում ցավը չմեղմվի, ապա հարկավոր է անպայման թույլ վիրակապ դնել աչքերին ու անմիջապես դիմել բժշկին: Նման դեպքերում սխալ միջամտությունը կամ անուշադրությունը կարող է դառնալ տեսողության վատացման և մի շարք այլ խնդիրների պատճառ:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook