Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես է վիտամին D-ի դեֆիցիտն անդրադառնում աչքերի ու տեսողության վրա

Վերջին ամիսներին մարդիկ սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել օրգանիզմում վիտամին D-ի մակարդակին, քանի որ գիտնականներն այս տարրի բարձր մակարդակը կապում են կորոնավիրուսային վարակի ծանր տեսակների ժամանակ ինքնազգացողության բարելավման ու արագ ապաքինման հետ, սակայն մասնագետները հիշեցնում են, որ այս վիտամինն իրականում մի շարք լուրջ գործառույթներ է կատարում, ուստի դրա մակարդակը վերահսկողության տակ պահելը կարևոր է ոչ միայն COVID-19-ի ժամանակ արագ ապաքինվելու, այլև մի շարք առողջական խնդիրներից պաշտպանվելու համար։

Վիտամին D-ն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի մակարդակից է կախված լինում մկանների, ոսկորների, սրտանոթային համակարգի, գլխուղեղի ու առհասարակ ամբողջ օրգանիզմի վիճակը։ Այս տարրը շատ կարևոր է նաև տեսողության օրգանների համար, իսկ դրա դեֆիցիտը կարող է նպաստել մի շարք բացասական գործընթացների զարգացման, որոնք էլ խանգարում են տեսողական համակարգի բարդ աշխատանքը։

Մասնագետները ներկայացրել են՝ ինչպես է վիտամին D-ի դեֆիցիտն անդրադառնում մարդու աչքերի վրա և ինչ է հարկավոր անել այդ խնդիրներից խուսափելու համար:

Չոր աչքի համախտանիշ

PubMed Central-ի հրապարակած հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի դեֆիցիտը կարող է դառնալ չոր աչքի համախտանիշի զարգացման պատճառ։ Այս խանգարման դեպքում արցունքագեղձերը չեն արտազատում բավարար քանակությամբ արցունք, ինչը կարող է շատ վնասակար լինել, քանի որ չորությունը բարձրացնում է բորբոքումների ու եղջերաթաղանթի վրա սպիների առաջացման հավանականությունը։ Չոր աչքի համախտանիշի մասին հուշող ախտանշաններն են աչքերի կարմրությունը, ցավը, աղոտ տեսողությունն ու այրոցը։

Դեղին բծի դեգեներացիա

Վիտամին D-ի դեֆիցիտի հետևանքով կարող է զարգանալ նաև դեղին բծի դեգեներացիա, որը հայտնի է նաև դեղին բծի տարիքային դեգեներացիա անվամբ։ Սա շատ վտանգավոր խանգարում է, որը որոշակի ժամանակահատվածում կարող է դառնալ տեսողության կորստի պատճառ։ Այս ախտաբանությունը զարգանում է այն ժամանակ, երբ դեղին բիծը կամ ցանցաթաղանթի կենտրոնական հատվածն ատրոֆիայի է ենթարկվում՝ կորցնելով լուսազգայուն բջիջները։ Առավել հաճախ այս հիվանդությունը զարգանում է 50 տարեկանից հետո։ Ընդ որում՝ սկզբում խնդիրը սկսում է զարգանալ միայն մի աչքում, որից հետո ախտահարվում է նաև երկրորդը։ Հիվանդությունը կարելի է ախտորոշել միայն բուժզննման ժամանակ, ուստի կանոնավոր ակնաբույժին դիմելն ու բուժզննում անցնելը շատ կարևոր է։

Ծիածանաբորբ

Այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաև ծիածանաբորբի զարգացման։ Այս հիվանդության դեպքում բորբոքվում է աչքերի անոթաթաղանթը կամ դրա պատերի հյուսվածքները։ Հիվանդությունը դրսևորվում է այնպիսի տհաճ ախտանշաններով, ինչպիսին են ցավը, աչքերի կարմրությունն ու տեսողության աղոտացումը։ Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այս ախտաբանությունը կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ և հանգեցնել տեսողության կորստի։

Ինչպես ստանալ բավարար քանակությամբ վիտամին D

Կենսական նշանակություն ունեցող այս տարրը բավարար քանակությամբ ստանալու ամենապարզ միջոցն արևի ճառագայթների տակ գտնվելն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրական կես ժամ զբոսնել, որպեսզի մաշկը լինի ցերակային լույսի ազդեցության տակ։ Ընդ որում՝ նման զբոսանքները հարկավոր է շարունակել անգամ մռայլ եղանակին։

Բացի այդ, վիտամին D կարելի է ստանալ նաև սննդամթերքի որոշ տեսակներից։ Այս տարրի լավագույն սննդային աղբյուրներն են հավկիթը, յուղոտ ձկնատեսակներն ու սունկը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ներառել դրանք սննդակարգում։

Շատ կարևոր է նաև վիտամին D-ի մակարդակը մշտական վերահսկողության տակ պահելը, ուստի հարկավոր է ժամանակ առ ժամանակ դիմել մասնագետին ու արյան հատուկ անալիզի միջոցով ստուգել օրգանիզմում այս տարրի մակարդակը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook