Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպես կարող եք օգնել ձեր երեխային ռմբակոծության ժամանակ

Ճգնաժամերը տուժած երեխաների համար վախի և շփոթության ժամանակաշրջան է, որը հաճախ ենթադրում է բաժանում ընտանիքից և ընկերներից, տան և գույքի ոչնչացում և անգամ ավելի վատ՝ սիրելիների կորուստ: Տարհանումը և ազդանշանային շչակների ձայնը երեխաների հոգեկան առողջության խաթարման լուրջ պատճառներից են:

Ինչպես գիտեք, հոգեբանական սթրեսը, լինի այն կարճաժամկետ, թե երկարաժամկետ, տարբեր ձևով է անդրադառնում յուրաքանչյուր երեխաների վրա: Եթե ամենափոքրերը կարող են չհասկանալ տարհանման անհրաժեշտությունը, մյուսների արձագանքը կհամապատասխանի նրան, ինչ հոգեբանները անվանում են՝ խնդրի առջև սառել, պայքարել կամ փախուստի դիմել: Հենց նման ժամանակներում է, որ ծնողները պետք է հնարավորության սահմաններում լինեն հանդարտ, պահպանեն ինքնատիրապետումն ու լավատեսությունը:

Ամենակարևորը՝ մի՛ մոռացեք անվտանգության կանոնների մասին

  • Ցո՛ւյց տվեք Ձեր երեխային, թե ինչպես պետք է պատսպարվել ռմբակոծության ժամանակ. պառկել փորի վրա, փակել ականջները և թեթևակի բացել բերանը:
  • Եթե ապաստարան չկա, ավելի լավ կլինի կանգնել շենքի աստիճանավանդակին և հեռու մնալ պատուհաններից:
  • Ձեր երեխային հիշեցրե՛ք, որ չդիպչի անծանոթ առարկաների կամ ռմբակոծված շինությունների փլատակներին՝ պայթուցիկ նյութերից խուսափելու համար:
  • Նախապես պատրաստվեք։ Երեխայի հետ դիտարկեք՝ ինչ անել, երբ ռմբակոծություն է տեղի ունենում և ինչ անել դրանից հետո: Եթե կա ապաստարան, ապա փորձարկե՛ք ապաստարան շտապելու ընթացքը: Արտակարդ իրավիճակների վարժանքները սովորական գործողության վերածելը էապես նվազեցնում է սթրեսը և ձեր երեխային փոխանցում իրավիճակը վերահսկելու զգացողություն:
  • Պատրաստե՛ք առաջին անհրաժեշտության պարագաներով «ճգնաժամային պայուսակ», որը կկարողանաք վերցնել ձեզ հետ ապաստարան կամ նկուղ վազելիս: Ուսապարկը լավագույն տարբերակն է, որպեսզի ձեռքերն ազատ լինեն, սակայն այլընտրանք կարող է լինել նաև փոքր անվավոր ճամպրուկը կամ պայուսակը: Հաշվի՛ առեք, որ դուք ստիպված եք լինելու վազել այդ բեռով:

Ահա թե ինչ պետք է ունենաք ճգնաժամային պայուսակում

  1. Վերցրե՛ք երեք օրվա համար նախատեսված չփչացող սննդամթերք և ջուր՝ ձեր ընտանիքի բոլոր անդամների հաշվարկով:
  2. Ներառե՛ք մեկ շաբաթվա համար հագուստ և անձնական հիգիենայի պարագաներ, այդ թվում՝ խոնավ անձեռոցիկներ և ձեռքի ախտահանիչ:
  3. Փաթեթավորե՛ք անհրաժեշտ դեղորայք և վիտամիններ: Չմոռանաք առաջին օգնության դեղատուփը՝ վնասվածքները մշակելու համար անհրաժեշտ պարագաներով:
  4. Հավաքե՛ք այն ամենը, ինչը կարող է անհրաժեշտ լինել ձեր փոքրիկներին, օրինակ՝ կերային խառնուրդ, շիշ, մանկական սնունդ, տակդիրներ:
  5. Ձեզ մոտ ունեցե՛ք ձեր անձնագիրը, նույնականացման քարտը, կարևոր փաստաթղթերը և բանկային քարտերը:
  6. Ներառե՛ք լապտեր, մարտկոցներ, ձեր բջջային հեռախոսը և լիցքավորիչը, ինչպես նաև կանխիկ գումար այն դեպքերի համար, եթե տարածքում էլեկտրականությունն անջատված լինի և բանկոմատներից հնարավոր չլինի կանխիկացնել գումար:
  7. Եթե ժամանակը թույլ է տալիս, տեղավորե՛ք արժեքավոր կամ անփոխարինելի իրերը, շարժական համակարգիչները: Լավ կլինի, որ ձեր համակարգչի կարևոր տվյալներն ու փաստաթղթերը պարբերաբար պահպանեք արտաքին կրիչի վրա կամ ամպային պահոցում:
  8. Եթե ժամանակ ունեք, նաև վերցրե՛ք մի քանի փոքր խաղալիք կամ գիրք, մատիտներ և թուղթ կամ այլ փոքր պարագաներ, որոնք օգտակար կլինեն ձեր երեխաներին:
  9. Չմոռանա՛ք ձեր ընտանի կենդանիներին: Ունեցե՛ք փոխադրման համար նախատեսված արկղ կամ վանդակ և անհրաժեշտ սնունդ:

Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որ պետք է հիշել ապաստարանում եղած ժամանակ

  • Աշխատե՛ք ապահովել հիմնական կարիքները (սնունդ, հեղուկ, հագուստ, հիգիենա):
  • Փորձե՛ք սահմանել օրվա կարգուկանոն: Դա կայունության, ինչպես նաև վստահության զգացում կտա երեխային, որ գոնե ինչ–որ բան վերահսկելի է:
  • Պարտադիր չէ մշտապես «ուժեղ» լինել. դուք առանց այդ էլ անում եք հնարավորինը ձեր ուժերի ներածին չափով: Սակայն փորձե՛ք լինել հնարավորինս լավատես, հո՛գ տարեք ինքներդ ձեր մասին և արտահայտե՛ք դրական հույզեր, քանի որ երեխաները ձեր վարքից հասկանում են, թե ինչ է կատարվում և ինչպես կարելի է արձագանքել:
  • Մի՛ խրախուսեք զայրույթի կամ վրեժի զգացումը ձեր երեխայի մեջ: Դա միայն կավելացնի նրա անհանգստությունը:
  • Խուսափե՛ք երեխային ինչ-որ կոնկրետ զգացում ապրելու ուղղությամբ ուղղորդելուց: Ոմանք կարող են հարձակումների ժամանակ շատ զուսպ և հանգիստ պահել իրենց, մինչդեռ մյուսները կարող են խիստ ցասումով լցվել:
  • Անկախ նրանից, թե ձեր երեխաները ինչ են զգում և ինչպես են դա արտահայտում, ըմբռնումո՛վ մոտեցեք և ընդունեք նրանց տարբեր զգացումները:
  • Երեխաներին զե՛րծ պահեք իրադարձությունների հետ կապված պատկերներից և տեսանյութերից՝ հեռախոսով, հեռուստատեսությամբ, թե ռադիոյով:
  • Դեռահասների դեպքում ցուցաբերե՛ք հավասարակշռված մոտեցում՝ նրանց վերաբերվելով որպես չափահասի (ասելով ճշմարտությունը, նրանց հետ կիսելով սեփական մտքերը, տալով պատասխանատու հանձնարարություններ), ինչպես նաև թո՛ւյլ տվեք, որ նրանք դիմեն ձեր օգնությանը:
  • Խուսափե՛ք բարեկամների և ընտանիքի անդամների հետ բացահայտ վեճերից և հակասություններից:
  • Որքան շատ աջակցություն ստանաք ուրիշներից, այնքան ավելի լավ կկարողանաք օգնել ձեր երեխաներին:

Ահա սթրեսը նվազեցնելու մի քանի խորհուրդ

  • Եթե երեխան ցանկանում է, գրկե՛ք նրան և թո՛ւյլ տվեք, որ «հարմարավետ տեղավորվի» ձեր գրկում:
  • Միասին երգե՛ք ձեր սիրած երգերը: Դա ապահովության զգացողություն կտա նրան:
  • Եթե ցանկանում եք, կարող եք աղոթել ձեր երեխայի հետ:
  • Ձեր երեխային հիշեցրե՛ք նախկինում եղած դրական իրադարձությունների, ընտանիքի և ընկերների մասին:
  • Միասին պատկերացրե՛ք մի ապահով վայր, որտեղ էլ այն լինի: Թո՛ւյլ տվեք ձեր երեխային վերարտադրելու այն, ինչ տեսնում և զգում է այդ վայրում:

Եվ վերջում, մի քանի շնչառական վարժություններ.

  • Փոքրիկ ճագարիկ. ձեր երեխային համոզե՛ք այգում վազվզող ճագարիկի պես երեք անգամ արագ–արագ շնչել քթով, որից հետո երկար արտաշնչել բերանով:
  • Հոտ քաշել ծաղիկներից. ձեր երեխային առաջարկե՛ք պատկերացնել, թե հոտ է քաշում ծաղիկից՝ խոր շունչ քաշելով քթով և արտաշնչելով բերանով: Նա նաև կարող է մտքում պատկերացնել ծաղիկները:
  • Սթրեսը թոթափող գնդակ. պատրաստե՛ք սթրեսը թոթափող սեփական գնդակ՝ որևէ գործվածքի, պլաստիկ տոպրակի կամ փուչիկի մեջ լցնելով չոր ոսպ կամ բրինձ: Սթրեսի զգացողություն ունենալիս ձեռքերով տրորե՛ք գնդակը՝ մկանային լարվածությունը թուլացնելու համար:

unicef.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook