Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ է փորկապությունը և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները

Ոմանց մոտ դեֆեկացիան կարող է լինել օրական 2 կամ 3 անգամ, մյուսների մոտ 3-5 օրը մեկ: Ընդ որում՝ երկու դեպքում էլ ամեն ինչ նորմայի սահմաններում է: Հարկ է հիշել, որ փորկապության մասին վկայում է ոչ թե դեֆեկացիայի հաճախականությունը, այլ արտաթորանքի թանձրությունն ու անհանգստացնող տհաճ զգացողությունները:

Փորկապության առաջացման պատճառները

Փորկապության առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.

  •  աղիները դատարկելու անհրաժեշտությունն անուշադրության մատնելը,
  • թութքը կամ հետանցքի ճաքերը, որոնք կարող են առաջացնել ցավ արտաթորության ժամանակ,
  • սխալ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության պակասը, ռեժիմի փոփոխությունը կամ ուժեղ սթրեսը,
  • սննդակարգում հեղուկի և սննդային մանրաթելերի պակասը,
  • որոշ դեղամիջոցների ընդունումը (օրինակ՝ հակադեպրեսանտները, միզամուղ դեղամիջոցները, արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցները, հակահիստամինային դեղամիջոցները, թմրանյութերը և այլն),
  •  արդեն իսկ հավելյալ սնունդ ստացող կրծքի երեխաների մոտ փորկապության պատճառ կարող են դառնալ չափազանց թանձր խառնուրդները,
  • երեխաների մոտ փորկապությունը կարող է պայմանավորված լինել ինտենսիվ ծանրաբեռնվածությամբ ու սթրեսով,
  • տարեց մարդկանց մոտ փորկապությունը կարող է պայմանավորված լինել տարիքի հետ որովանախոռոչային մկանների թուլացմամբ:

 

Որոշ դեպքերում փորկապությունը կարող է լինել ավելի լուրջ հիվանդության ախտանշան: Օրինակ՝ հերթով փորկապության ու փորլուծության առաջացումը կարող է վկայել գրգռված աղու համախտանիշի մասին:

Փորկապություն կարող է առաջացնել նաև դիվերտիկուլիտը, որի դեպքում փորկապությունն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ինչպես նաև որովայնի ստորին ձախ հատվածի ցավով:

 

Փորկապության ախտանշաններն են.

  •  ուղիղ աղիքում ճնշման զգացողությունը,
  • մեծ քանակությամբ գազերի կուտակումը,
  • աղիների լցվածության տհաճ զգացողությունը:

Խորհուրդ է տրվում դիմել բժշկին, եթե փորկապության ժամանակ փոխվում է արտաթորանքի ձևը (գնդաձև, գլանաձև կամ ժապավենաձև), եթե հետանցքից միայն հեղուկ կամ լորձ է դուրս գալիս, ինչպես նաև՝ եթե փորկապությունն ուղեկցվում է սրտխառնոցով, բարձր ջերմությամբ, ախորժակի կորստով, գազերի կուտակմամբ ու ջղաձգումներով:

Հիվանդին հարկավոր է շտապ հոսպիտալացնել, եթե փորկապությունն ուղեկցվում է ուժգին փորափքանքով և հիվանդը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել կուտակված գազերից:

Ինչ կարող է անել հիվանդը

Եթե փորկապությունը չի ուղեկցվում որևէ այլ ախտանշանով, ապա հարկավոր է պարզապես սպասել, մինչև այն անցնի: Հարկ է հիշել, որ դեֆեկացիայի հաճախականությունն ու արտաթորանքի տեսքը կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել և դրանում ոչ մի տարօրինակ բան չկա:

Հարկավոր է ավելի ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների հանդեպ, քանի որ այն միշտ զգուշացնում է դեֆեկացիայի անհրաժեշտության մասին: Եթե դեֆեկացիան ամեն օր կրկնվում է նույն ժամին, ապա հարկավոր է ամեն օր 10 րոպե հատկացնել դրան և փորձել հնարավորինս թուլանալ:

Բացի այդ, հարկավոր է փոխել սննդակարգը և ավելի շատ հեղուկ օգտագործել: Փորկապության դեպքում շատ օգտակար կարող է լինել սալորի հյութը: Նաև հարկավոր է սննդակարգը հարստացնել թարմ մրգերով, բանջարեղենով, ինչպես նաև ամբողջահատիկ հացով:

Շատ մեծ նշանակություն ունի նաև ֆիզիկական ակտիվությունը: Այն ոչ միայն օգտակար է աղիների համար, այլև օգնում է ազատվել սթրեսից, որը համարվում է փորկապության հիմնական պատճառներից մեկը:

Նաև հարկավոր է օգտագործել լուծողական միջոցներ, որոնք կօգնեն նրբորեն ազատվել խնդրից, սակայն երբ աղիների աշխատանքը կարգավորվի, անհրաժեշտ է փոխել սննդակարգն ու կենսակերպը և խուսափել սթրեսային իրավիճակներից:

Եթե փորկապությունը չի հաջողվում բուժել ավելի քան 7 օր, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

 

Ինչ կարող է անել բժիշկը

Փորկապության դեպքում բժիշկը սովորաբար զննում է հիվանդին, որից հետո.

  •   հաստատում կամ բացառում է թութքի, հետանցքի ճաքերի, ինչպես նաև փորկապության այլ լուրջ պատճառների առկայությունը (օրինակ՝ հսատ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղ),
  • սահմանում է ճիշտ սննդակարգ և ֆիզիկական ակտիվության ռեժիմ, ինչպես նաև խորհուրդ է տալիս հարստացնել սննդակարգը մանրաթելերով  հարուստ սննդամթերքով,
  • նշանակում է անհրաժեշտ դեղամիջոցները, որոնք կօգնեն ազատվել փորկապությունից ու սպազմից,
  • նշանակում է մոմիկներ կամ հոգնա:

Հարկ է հիշել, որ լուծողական դեղամիջոցները կարող են ժամանակավորապես ազատել փորկապությունից, սակայն աղինեի աշխատանքը կարգավորելու համար խորհուրդ չի տրվում դրանք մշտապես օգտագործել, քանի որ այդ դեղամիջոցները կարող են կախվածություն առաջացնել:

Փորկապության կանխարգելումը

Փորկապությունից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել ավելի շատ հեղուկ, մրգեր, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ: Բացի այդ, հարկավոր է խուսափել սննդամթերքի այն տեսակներից, որոնք կարող են փորկապություն առաջացնել:

Նաև հարկավոր է հրաժարվել գազավորված ըմպելիքներից ու սուրճից, պարբերաբար մարզվել, հետևել սննդակարգին և ուտել օրական 3-4 անգամ (ամեն օր նույն ժամերին): Բացի այդ, հարկ է հիշել նաև, որ դեֆեկացիայի անհրաժեշտության դեպքում չի կարելի այն անուշադրության մատնել և հետաձգել:

 

Նյութի աղբյուրը՝ likar.info

Leave a Reply

x Close

Like Us On Facebook