Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ վահանագեղձի աշխատանքի խանգարումներն ու որ ախտանշաններն են հուշում դրանց մասին

Վահանագեղձը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող մի շարք կարևոր գործառույթներին։ Թիթեռի տեսք ունեցող այս օրգանը գտնվում է պարանոցի առջևի հատվածում և շատ կարևոր դեր է կատարում օրգանիզմում, ուստի դրա աշխատանքի վատթարացումն անմիջապես անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են  հետևել այս օրգանի առողջական վիճակին ու հանգեցնել սննդակարգը յոդով` վահանագեղձի համար ամենակարևոր հանքանյութերից մեկով հարուստ մթերքով։

Վահանագեղձի աշխատանքի խանգարումներն ազդում են օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։ Այս գեղձը պատասխանատու է նյութափոխանակության ու հորմոնալ բալանսի համար, ուստի առաջին հերթին կարող են ի հայտ գալ նյութափոխանակության խանգարումներ ու հորմոնալ դիսբալանս, ինչն էլ արդեն իսկ բացասաբար կանդրադառնա ինքնազգացողության ու կյանքի որակի վրա։

Եթե վահանագեղձի հետ կապված խնդիրները հայտնաբերվում են հղիների կամ երեխաների մոտ, ապա հարկավոր է շատ զգոն լինել, քանի որ հղիների դեպքում նման խանգարումները կարող են դառնալ պտղի զարգացման դանդաղեցման կամ անգամ հղիության ընդհատման պատճառ, իսկ երեխաների մոտ կարող են նկատվել զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ, այդ թվում` մտավոր զարգացման անդառնալի ուշացումներ ու ներքին օրգանների լուրջ հիվանդություններ։

Վահանագեղձի հիվանդությունները կարող են շատ երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի, ինչի հետևանքով աննկատ կմնան և կհայտնաբերվեն միայն այն ժամանակ, երբ օրգանիզմիկրած վնասն արդեն չափազանց լուրջ կլինի։ Նման դեպքերում խանգարման մասին հուշող ախտանշանները հաճախ վերագրվում են մի շարք այլ խնդիրներին, այդ թվում անգամ սթրեսին, վատ սննդակարգին, քնի պակասի, հոգնածությանը և այլն։ Սա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, ուստի խնդիրը ժամանակին նկատելը շատ կարևոր է։

Վահանագեղձի աշխատանքի խանգարումների կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ արյան հետազոտության միջոցով ստուգել վահանագեղձի հորմոնների մակարդակն օրգանիզմում։ Որևէ խնդրի կամ կասկածների բացակայության դեպքում նման հետազոտություն կարելի է անցնել տարեկան մեկ անգամ, սակայն հնարավոր խանգարումների մասին հուշող ախտանշանների առկայության դեպքում ներզատաբանին հարկավոր է դիմել հնարավորինս շուտ։

Այս կարևոր օրգանի աշխատանքի խանգարումների մասին հուշող ախտանշանները կարող են բավական արտասովոր լինել, ուստի ոչ միշտ են ասոցացվում վահանագեղձի հետ։ Նման ախտանշաններից ամենատարածվածների շարքին են դասվում.

  • քաշի ավելացումն առանց սննդակարգի կամ կենսակերպի փոփոխության,
  • հոգնածությունն անգամ ամենապարզ գործերից հետո,
  • դյունագրգիռությունը,
  • լիբիդոյի նվազումն ու վերարտադրողականության հետ կապված խնդիրները,
  • նորմայից մեծ ախորժակը,
  • կոկորդի հատվածում արտասովոր տհաճ զգացողությունները։

Այս ախտանշանները ենթադրում են անհապաղ բուժզննում ու խորհրդակցություն մասնագետի հետ, սակայն նման խնդիրների զարգացումը կարելի է կանխել մի քանի պարզ կանոնի հետևելու դեպքում։ Վահանագեղձի առողջության պահպանման համար մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս առողջ կենսակերպ վարել ու խուսափել յոդի դեֆիցիտից։ Այս տարրը կարելի է ստանալ ծովային ձկներից, մսից, ծովամթերքից, ինչպես նաև յոդացված աղից, սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն սկսել ընդունել յոդի հավելումներ, քանի որ այս դեպքում «հոգատարությունը» վահանագեղձի նկատմամբ կարող է վտանգավոր լինել։ Եթե անգամ ճիշտ սննդակարգն ու յոդով հարուստ մթերքի գործածությունը չի օգնում ազատվել այս տարրի պակասից, ապա հարկավոր է դիմել մասնագետին ու հետևել նրա նշանակումներին։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook