Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի նշվում է 1983թ.-ից։ Նախաձեռնողները Սան Ֆրանցիսկոյի  քաղաքացիներ էին, որոնց կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը: Այդ ժամանակից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր։

unnamed (2)

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը Երևանում «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով հանրային միջոցառում էր կազմակերպել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ: Նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, ինչպես նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով։ Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվել է խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացրել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկայում:

Հյուսիսային պողոտայում տեղադրվել էր վահանակ, որի վրա անցորդներին առաջարկվել  է փակցնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող կարմիր երիզներ՝ ի նշան համաճարակի դեմ պայքարին նրանց միանալու: Միջոցառման ընթացքում նաև կարվեց քվիլթ՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների:

Անցորդներին բաժանվել են ուղերձներով մոմեր, տեղեկատվական-կրթական նյութեր: Տեղի է ունեցել մոմավառություն:

Միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 121 մարդ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook