Wednesday, April 24, 2024
ՀայտարարություններՆորություններ

Լեղապարկի հազվադեպ հանդիպող ուռուցքի վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում

«Էրեբունի» ԲԿ ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքում կատարվել է լեղապարկի հազվադեպ հանդիպող ուռուցքի վիրահատություն: Հիվանդը մի քանի ամիս գանգատվել է որովայնի ծավալի մեծացումից, հաճախակի սրտխառնոցից, ախորժակի բացակայությունից, ընդհանուր թուլությունից, քաշի կորստից: Վերջին անգամ հետազոտվել է 3 տարի առաջ եւ սոնոգրաֆիկ քննությամբ հայտնաբերվել է միայն լեղաքարային հիվանդություն: Հոսպիտալացումից անմիջապես հետո կատարվել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ` որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, ԷԳԴՍ, տրանսվագինալ/տրանսաբդոմինալ ՈՒՁՀ: Համակարգչային տոմոգրաֆիայով որովայնի խոռոչի աջ կեսում հայտնաբերվել է 17x12x19սմ անհամասեռ, բլթակավոր, հարթ եզրերով հյուսվածքային գոյացություն՝ լեղապարկի շրջանից սկսվող, լյարդային և լեղապարկային զարկերակներով սնուցվող։ Լեղապարկի խոռոչում առկա են եղել մինչև 16մմ չափով կոնկրեմենտներ, իսկ կոնքում՝ քիչ քանակությամբ ազատ հեղուկի կուտակում: Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիկ քննությամբ ստամոքսի խոռոչը մեծացած է եղել, առկա է եղել անտրալ հատվածի ծալվածք՝ կապված դրսից ճնշման հետ։
Ինչպես ուռուցքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպք, այս դեպքը եւս մանրամասն քննվել է Tumor board-ում՝ ուռուքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանի գլխավորությամբ եւ որոշվել է բուժման մարտավարությունը՝ կատարել վիրահատություն:
Բ․գ․դ․ պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի ղեկավարությամբ «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական թիմը՝ բ․գ․թ․դոցենտ Անդրանիկ Օհանյանը, բ․գ․թ դոցենտ Արտակ Վարդանյանը, կլինիկական օրդինատոր Հայկ Աղաբեկյանը և անեսթեզիոլոգ Արթուր Հովհաննիսյանը կատարել են բացառիկ վիրահատություն՝ միջային լապարոտոմիա: Հաստատվել է, որ որովայնի ամբողջ աջ կեսը զբաղեցնում էր պինդ, էլաստիկ կոնսիստենցիայի, անհարթ մակերեսով, անկանոն ձևի, մոտ 20x25x20 սմ չափսերի գոյացությունը, որը սկիզբ էր առնում խիստ մեծացած լեղապարկի հատակից, կոնտակտային աճ տալով դեպի լյարդի հյուսվածք, գտնվում էր մեծ ճարպոնի թերթիկների միջև՝ հարելով, սակայն չներաճելով հաստ աղու վերել և լայնական հատվածների պատերի մեջ։ Որովայնում կար մոտ 200մլ թափանցիկ հեղուկ։ Կատարվել է խոլեցիստէկտոմիա՝ ուռուցքի և մեծ ճարպոնի հետ, ընդհանուր կոնգլոմերատի հետ հեռացվել է նաեւ լեղապարկի հատակի շրջանին հարակից լյարդի ախտահարված հյուսվածքները LigaSure-ի կիրառմամբ, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում:
Հեռացված գոյացության հիստոլոգիական քննությամբ ախտորոշվել է լեղապարկի կարցինոսարկոմա՝ մեծ ճարպոնի մետաստազավորմամբ: «Էրեբունի» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմուքի վարիչ, պրոֆեսոր Աննա Խաչատրյանը գերմանացի գործընկերների հետ ուսումնասիրել է հեռացված ուռուցքը եւ պարզվել է, որ այն պատկանում է հազվադեպ հանդիպող ուռուցքների շարքին, որը եզակի է ինչպես աճի, այնպես էլ տարածվածության չափերով, դուրս է ուռուցքաբանական ստանդարտներից, ավելին, հետագա բժշկագիտական ուսումնասիրման կարիք ունի: Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, նա դուրս է գրվել ապաքինմամբ:

Նյութը ՝ «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook