Wednesday, April 24, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Լեռնային արշավները կարող են դառնալ Հայաստանի բրենդերից մեկը

Հայկական լեռները և արշավները կարող են դառնալ Հայաստանի բրենդներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեցին լեռնային արշավներ կազմակերպող «Հատիս Տուր»-ի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը և Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագը:

Մարտիրոսյանի խոսքով` ներգնա լեռնային արշավների տեսանկյունից Հայաստանում նախընտրությունները միջին բարձրության լեռներն են, որոնք չեն գերազանցում 3000 մետրը: «Արշավականերն ունեն նախընտրելի լեռներ` Արագածը, Արայի լեռը, Խուստուփը և Աժդահակը: Հիմա առավել տարածված են նոր ուղղությունները. նախընտրելի են նաև քայլարշավները, ինչպես օրինակ «Դժոխքի ձորը», Տեսիլք լեռը, ինչպես նաև քայլարշավները մի եկեղեցուց մեկ այլ եկեղեցի»,-շեշտեց նա:

Արագած լեռ

Հրաբխային քառագագաթ լեռ է Հայաստանի կենտրոնական  հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի  4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ  200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում:

Բացի լեռնային տուրիզմից, մեծ հետաքրքրություն կա նաև Հայաստանի մի քանի այլ ուղղությունների նկատմամբ: Զբոսաշրջիկների սիրելի վայրերից են Տաթևի վանական համալիրը, Սանահինը, Հաղպատը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկերում առկա մյուս տեսարժան վայրերը: «Այժմ Հայաստան են գալիս նաև այնպիսի զբոսաշրջիկներ, որոնց մեր երկիրը գրավում է բացառապես լեռներ բարձրանալու համար: Լեռնային արշավները, ինչպես նաև տուրիզմը կարող են դառնալ Հայաստանի բրենդը: Մեր հիմնական արշավականները եվրոպական երկրներից են»,-եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը:

Խուստուփ լեռ

Գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում։ Բարձրությունը 3201 մետր է։ Լեռը՝ կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգիլիտներից ։ Կան ալպյան մարգագետիններ: Լեռան ձյան հալոցքից առաջանում է Վաչագան գետը։ Խուստուփ լեռան լանջին է թաղված զորավար Գարեգին Նժդեհը:

Տիգրան Վարագի կարծիքով՝ արշավակաների մեծամասնությունը տեղյակ չէ, որ Հայաստանի հիմնական լեռներից` Արագածից, Խուստուփից զատ գոյություն ունեն նաև իրենց գեղեցկությամբ և բարդությամբ չզիջող այլ լեռներ: «Բոլոր արշավականերին խորհուրդ եմ տալիս չսահմանափակվել 2-3 գագաթով, այլ հերթով բարձրանալ Հայաստանի լեռները, քանի որ շատ ավելի գեղեցիկ գագաթներ կան, որոնց մասին քչերը գիտեն»,-ասաց Վարագը:

Աժդահակ լեռ

Այն համարվում է Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկը։ Աժդահակը Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է, գտնվում է շղթայի կենտրոնական հատվածում, լեռան բարձրությունը 3597 մ է։ Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա հրաբխի խառնարան` որը լցված է ջրով, լիճն անվանում են Վիշապալիճ: Տարվա մեծ մասը ձնածածկ է: Լանջերը մերկ են: Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն:

Վարագի պնդմամբ` Հայաստանի բրենդներից մեկը վերջիվերջո կարող են դառնալ լեռնային արշավները: «Հայաստանի բնությունն իր ուրույն գեղեցկությունն ունի, ինչը կարող է դառնալ բրենդային»,-եզրափակեց նա:

Հայրենիքը քայլելով ճանաչելու կոչ էր արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տոնական օրերից մեկը՝ հունվարի 5-ը, նվիրել էր լեռնային արշավի՝ բարձրանալով Արտանիշ լեռը (2461 մ.):

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Հատիս տուրի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook