Saturday, April 20, 2024
Նորություններ

Լեւոն Ալթունյանը 15 տարի է չի ծխում, Մկրտչյանը` 17 տարի, Դավիդյանը` հիմնարկում չի ծխում

Այսօր` ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ինքը չի ծխում եւ արդեն 15 տարի: Առանձնահատուկ միջոցներ դրա համար նա չի ձեռնարկել, նույնիսկ հատուկ որոշում էլ չի կայացրել: Ուղղակի մի օր արթնացել է ու այլեւս չի ծխել:

Առողջապահության նախկին նախարարներից մի քանիսից եւս հետաքրքրվեցինք` ծխո՞ղ են արդյոք: Նրանցից ոմանց պատասխանը շատ սեղմ է:

Արմեն Մուրադյան (2014-2016 թթ.)- Նա երբեք չի ծխել:

Դերենիկ Դումանյան (2012-2014 թթ.)- «Հիմա չէ, բայց լինում է, որ մեկ-մեկ ծխում եմ: Շնորհակալություն»:

Հարություն Քուշկյան (2007-2012 2 թթ.)- Նա 20 տարի է` չի ծխում: Ուղղակի որոշել է եւ դադարել ծխելուց:

Նորայր Դավիդյան (2003-2007 թթ.) – «Շատ վատ բան եմ անում, բայց ծխում եմ, ցավոք: Փորձել եմ հրաժարվել, մի քանի տարի չեմ ծխել, բայց նորից վերսկսեցի: Շատ վատ բան է ծխելը, բայց հիմնարկությունում չեմ ծխում»,- ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի ներկա տնօրեն Նորայր Դավիդյանը:

Արարատ Մկրտչյան (2000-2003 թթ.)- Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես նա հրաժարվել է ծխախոտից:

«Վաղուց ի վեր որոշել էի թողնել, դա էլ իր հերթին պատճառ հանդիսացավ, որովհետեւ առողջապահության ծխող նախարար մի քիչ դժվար է պատկերացնել եւ ընդունել»,- նկատեց Արարատ Մկրտչյանը: Նրա դեպքում չծխելու որոշումը կայացվել է եւ վերջ:

«Ընդամենը կամքի ուժ է պետք` վատ սովորությունից հրաժարվելու համար: Նիկոտինից կախվածության տարբերակը ես այդքան էլ չեմ ընդունում, ինքը սովորության կախվածություն է: Շատերը կարծում են, թե ծխախոտն օգնում է հաղթահարել սթրեսը: Ընդամենը պետք է հրաժարվել ծխախոտի ազդեցության միֆերից, որը ես արեցի` հասկանալով, որ դա ինձ ոչ սթրեսից է ազատում, ոչ էլ հաճելի զբաղմունք է: Այդ բոլոր բաները համադրեցի, որոշում կայացրեցի չծխել, հաջորդ օրվանից չծխեցի: Ուղղակի մի կարճ ժամանակամիջոց պետք է դիմադրես վերսկսելու ցանկությանը եւ վերջ: Ծխելու երեւույթն էլ է տգեղ: Երբ չես ծխում եւ հայացք ես գցում ծխողի վրա, զարմանք է առաջանում` այս ինչո՞վ է զբաղված այս մարդը, այս ի՞նչ տարօրինակ բաներ է անում»,- ծխախոտից հրաժարվելու իր ուղին ներկայացրեց Մկրտչյանը:

Առողջապահության նախկին նախարարն իր օրգանիզմի վրա զգացել է ծխելու բացասական ազդեցությունը:

«Ծխախոտը ինքնին շատ եւ շատ բացասական ազդեցություն է թողնում թե´ այն անձի վրա, որը օգտագործում է այդ չարիքը, թե´ շրջապատի: Իհարկե, իմ դեպքում էլ բացասական ազդեցությունը շատ մեծ էր` շնչառության հետ կապված պրոբլեմներ, մաշկի գույնի փոփոխություն, հեւոց, շուտ հոգնում ես եւ այլն, եւ այլն: Իսկ ծխախոտից հրաժարվելուց հետո կյանքի որակը կտրուկ փոխվում է, ավելի լավ ես զգում, ավելի դիմացկուն ես լինում, նաեւ օրգանիզմի ընկալունակությունն է փոխվում տարբեր վարակիչ հիվանդությունների նկատմամբ` դիմադրողականությունդ բարձրանում է: Մի խոսքով, այդ չարիքը հասարակության միջից որքան արագ դուրս գա, այնքան լավ»,- համոզմունք հայտնեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

նյութի աղբյուր ՝  http://armtimes.com/hy/article/113633

Leave a Reply

x Close

Like Us On Facebook