Thursday, March 28, 2024
ՆորություններԺամանց

Խաչվերաց․ Սուրբ Խաչի տոն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 11-ին տոնում է Խաչվերացը՝ Սըրբխեչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տոնը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված ամենակարևոր տոնն է,  խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակը: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Իսկ հաջորդող երկուշաբթին ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդ օրը մեռելոց է։  Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է Խաչը վեր բարձրացնել ի տես քրիստոնյա աշխարհի: Այս տոնը Տիրոջ խաչափայտի հիշատակության, փառաբանման  տոնն է:

Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում»։ Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց:

Տոնի հիմքում պատմական իրադարձություն է: 614 թվականին Պարսից Խոսրով թագավորը գրավում է Երուսաղեմը` գրեթե հիմնովին ավերելով այն: Պարսիկները, նյութական և հոգևոր արժեքների հետ գերեվարում են նաև Տիրոջ խաչափայտը և տանում Պարսկաստան: Տասնչորս տարի անց, Բյուզանդիայի Հերակլ կայսրը մեծ զորքով շարժվում է Պարսից երկիր` վերադարձնելու Փրկչի Խաչափայտը: Բյուզանդացիները խաչն ազատում են գերությունից և հանդիսավոր թափորով տանում Երուսաղեմ: Թափորն անցնում է նաև պատմական Հայաստանի Կարնո գավառով: Երեք տարի Պոլսում մնալուց հետո, կայսրն այն անձամբ Երուսաղեմ է տանում և ուսի վրա դրած բարձրացնում սուրբ Հարության տաճար ի տես բոլոր քրիստոնյաների: Հենց այդ ժամանակից էլ մեծ հանդիսավորությամբ նշվում է Սուրբ Խաչի գերությունից վերադարձի ու բարձրացման տոնը: Խաչվերացը հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ըստ Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան:

Հայկական շատ եկեղեցիներ անվանակոչված են Սուրբ Խաչ անունով: Խաչվերացին տեղի են ունենում բազմաթիվ ուխտագնացություններ, հատկապես դեպի Սուրբ Խաչ անունով եկեղեցիներ: Խաչվերացի տոնին երեկոյան ժամերգությունից հետո, մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն, կատարվում է  Ս. Խաչի վեր բարձրացման հանդիսավոր արարողություն:  Կենաց փայտի մասունք պարունակող խաչը զարդարվում է ռեհանով և բազմերանգ ծաղիկներով: Կատարվում է անդաստանի արարողություն, քահանան  վարդաջուր է ցողում հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնում աշխարհի 4 ծագերը` Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար: Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է։

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», – այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:

Տաթև Զաքարյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook