Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց

Գեղեցկության և սպորտային մրցույթներում հաղթանակներ գրանցած անվասայլակով գեղեցկուհին` Գոհար Նավասարդյանը, չի դադարում պայքարել և վայելել կյանքը։ Իր վայրէջքների ու վերելքների մասին աղջիկը պատմել է Sputnik Արմենիային։

Կյանքը հիասքանչ է, կապ չունի՝ դու այն կանգնած, պառկած, թե նստած ես ապրում. վստահ է 29-ամյա Գոհար Նավասարդյանը, որն արդեն գրեթե 16 տարի է՝ տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ։ Գոհարի ամեն օրը սկսվում է ժպիտով. նստում է ավտոմեքենան, շտապում ԱԻՆ աշխատանքի, ազատ ժամերին կամ մարզասրահում է, կամ կամավորական որևէ աշխատանք է կատարում… Հասցնում է սովորել, զբաղվել պարով, մասնակցել տարբեր միջոցառումների, բեմականացումների, մրցույթների։ Մի խոսքով, օրվա 24 ժամերից յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի։

Վստահ է՝ կենսասիրության գաղտնիքը ոչ թե արտաքին աշխարհում է, այլ հենց մարդու մեջ։ Եթե կա խնդիր` կյանքն անիծելու փոխարեն կա’մ փորձիր այն լուծել, կա’մ քո դիրքորոշումը փոխիր։ Հենց այդպես Գոհարը սկսեց ավտոմեքենա վարել. արդեն հոգնել էր տաքսիստների անառողջ վերաբերմունքից, երբ, անվասայլակը տեսնելով, կարող էին պարզապես հրաժարվել իրեն ինչ-որ տեղ տանել, կամ ավելի գումար պահանջել միայն այն պատճառով, որ ուղևորը հաշմանդամություն ունի։

Գոհարը հաշմանդամություն է ձեռքբերել 14 տարեկանում՝ մենինգիտի հետևանքով: Բժշկական սխալի պատճառով նա այլևս չքայլեց։ Աղջկա պատանեկան ակտիվ առօրյան՝ վազելը, ընկերների հետ բակում խաղալը, արդեն միայն հիշողություն էին։ Ծանր էր, դժվար, անտանելի… Գլխին փուլ եկած աշխարհը Գոհարը սկսեց նորից փշուր-փշուր հավաքել։ Կյանքն այնքան կարճ է, պետք է կարողանալ պարզապես ապրել, յուրաքանչյուր իրավիճակ դիտարկել ոչ թե որպես դատավճիռ կամ խնդիր, այլ որպես հնարավորություն։

Առաջին կարևոր գործերից մեկը կրթություն ստանալն էր։ Ընդունվեց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետ։ Խոստովանում է՝ ավարտական աշխատանքի պաշտպանությունն այնպիսի սթրես էր, որ ինքն իրեն խոստացել էր՝ էլ երբեք չի սովորելու։ Ամիսներ անց հասկացավ, որ կրթություն ստանալու ցանկությունը նորից է գլուխ բարձրացրել, այս անգամ էլ դիմեց Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտություն և քաղաքական կառավարում բաժնի մագիստրատուրա։

«Հիմա մտածում եմ, որ կարելի էր ինձ ավելի հոգեհարազատ մասնագիտություն ընտրել, որովհետև երբեք էլ չէի ցանկանա քաղաքականությամբ զբաղվել։ Բայց գոնե կառավարման հմտություններ ձեռք կբերեմ»,- ծիծաղելով պատմում է Գոհարն ու ավելացնում, որ զուգահեռաբար մեդիա դպրոցում սպորտային մեկնաբանի մասնագիտությունն է յուրացնում, որովհետև իր մեծ երազանքն է սպորտային իրադարձություններ մեկնաբանելը։Նման փորձ արդեն ունեցել է` մեկնաբանել է հաշմանդամ մարզիկների մրցույթներ։

«Մասնագիտությամբ սպորտային հոգեբան եմ, այն, ինչ կապված է սպորտի, մարդու հոգեբանության հետ, ինձ հարազատ է։ Ֆուտբոլիստների հոգեբանությունն եմ մի քիչ դժվարանում հասկանալ, երևի ֆուտբոլ չեմ խաղացել (միայն փոքր տարիքում դարպասապահ է եղել), այդ է պատճառը։ Բայց, հատկապես, երբ հաշմանդամ մարզիկներն են որևէ սպորտային մրցման մասնակցում, ես իրենց շատ լավ եմ հասկանում՝ նրանց հոգեվիճակը, պատրաստվածությունը»։

20582751

 

Գոհարը հավատում է իր ուժերին, գիտի, որ այս հարցում էլ հաջողության կհասնի։ Նաև միշտ երազել է «Ռեալ Մադրիդում» սպորտային հոգեբան աշխատել, հիմա ավելի իրատեսական երազանք ունի՝ պարզապես որևէ սպորտային ակումբում աշխատել։

Գոհարն ինքն էլ է զբաղվում տարբեր մարզաձևերով, մասնակցում է բազմաթիվ մրցումների ու հաճախ հաղթանակով տուն վերադառնում։ Հոկտեմբերին պատրաստվում է մասնակցել Պաուերլիֆթինգի Հայաստանի առաջնությանը, հույս ունի պահպանելու իր չեմպիոնական տիտղոսը։

Հաշմանդամություն ունեցող հայուհու ձեռքբերումը պետք է վարակիչ լինի բոլորի համար. Թաթոյան

Նա ակտիվ է սպորտի հետ առնչվող բոլոր ոլորտներում։ Օրինակ` Պորտուգալիայում  հաշմանդամություն ունեցող լիդերների վերապատրաստման դասընթացից հետո հիմնեց Ֆուտբոլի՝ հաշմանդամություն ունեցող երկրպագուների ակումբ, որը ՀՖՖ–ի հետ համագործակցության արդյունքում ֆուտբոլային բոլոր հանդիպումներին հաշմանդամություն ունեցող երկրպագուներին մարզադաշտից հետևելու հնարավորություն է ընձեռում։

Սպորտից բացի Գոհարը նաև գեղեցկության մրցույթներն աչքաթող չի անում։ Օրինակ` վերջերս Չելյաբինսկում կայացած «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթում նա ճանաչվեց «Սպորտի թագուհի»։ Իսկ 2016 թվականին Հայաստանում անցկացվող Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում արդեն հասցրել էր շահել «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսը։

«Ես կյանքը շատ եմ սիրում, անիմաստ է նվնվալ, բողոքել ինչ-որ բաներից։ Պետք է անել այն, ինչը քեզ հաճույք է պատճառում, արդյունքում՝ մոտիվացիայի աղբյուր դառնալ ոչ միայն նրանց համար, ովքեր ունեն քո խնդիրը, այլև ոչ հաշմանդամների»,- ասում է Գոհարը։

Զրույցի վերջում անկեղծանում է, որ բնականաբար յուրաքանչյուր կնոջ համար ամենամեծ երազանքն ընտանիք կազմելն է, մայր դառնալը։ Կարծում է՝ որ իր հաղթող տեսակն այս հարցում էլ չի թերանա։

Read more: armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook