Խնդիրներ որոնցով կարող է պայմանավորված լինել վերջույթների դողը
Վերջույթների դողը խիստ հազվադեպ հանդիպող խնդիր չէ: Առավել հաճախ այս խնդրին բախվում են տարեցները, սակայն երբեմն այն կարող է ախտորոշվել անգամ երիտասարդների մոտ: Դողն անմիջականորեն որևէ վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար, սակայն այն կարող է լինել որևէ լուրջ խանգարման ախտանշան, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիվանդությունները, որոնցով կարող է պայմանավորված լինել վերջույթների դողը:
Հիպերթիրեոզ
Վահանաձև գեղձի գերակտիվությունն ազդում է օրգանիզմի բոլոր գործընթացների վրա` արագացնելով դրանք: Այն կարող է դառնալ նաև վերջույթների դողի պատճառ: Այս խնդրի դեպքում մեկ վայրկյանում կարող է 10 բնորոշ շարժում տեղի ունենալ: Առավել հաճախ խնդիրն ախտահարում է ոտքերը, ծնոտը, շուրթերը, գլուխն ու իրանը:
Պարկինսոնի հիվանդություն
Պարկինսոնիզմը զարգացող նյարդաբանական խանգարում է, որը պայմանավորված է շարժունությունը կարգավորող դոֆամին նեյրոտրանսմիտերի դեֆիցիտով: Այս հիվանդության դեպքում հիվանդներն առավել հաճախ բախվում են ձեռքերի, ոտքերի ու մատների դողի խնդրին, ինչն էլ դառնում է շարժումների կայունության խանգարման պատճառ:
Գենետիկ մուտացիաներ
Տարեց մարդկանց մոտ վերջույթների դողի պատճառ կարող են դառնալ նաև գենետիկ մուտացիաները: Սովորաբար խանգարումներն առավել ակնհայտ են լինում մարնի միայն մի կեսի դեպքում: Օրինակ՝ դրանք կարող են դրսևորվել գլխի մշտական դողով: Այս դեպքում ախտանշաններն առավել ակնհայտ են դառնում որոշ գործոնների ազդեցության պատճառով: Այդ գործոնների շարքին են դասվում սթրեսը, կոֆեինը, հոգնածությունն ու ջերմաստիճանի փոփոխությունը:
Ցրված սկլերոզ
Ցրված սկլերոզը հաճախ դրսևորվում է դինամիկ կամ կանխամտածված դողով, որն էլ դրսևորվում է կամային շարժումների ժամանակ վերջույթների դողով: Ցրված սկլերոզը նյարդային համակարգի զարգացող խանգարում է, որի դեպքում օրգանիզմը հարձակվում է նյարդերի միելինային թաղանթի վրա:
Վիլսոնի հիվանդություն
Սա ժառանգական հիվանդություն է, որը պայմանավորված է լինում լյարդում պղնձի կուտակմամբ: Վիլսոնի հիվանդությունը բնորոշվում է հոգնածությամբ, խոսքի խանգարումներով, աչքերի գույնի փոփոխությամբ, մաշկի դեղնավուն երանգով, իսկ երբեմն էլ վերջույթների դողով:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am