Friday, March 29, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Խորհուրդներ սեքսոլոգից. Սեռական դաստիարակությունն ու հաշմանդամությունը,երբ և ինչպես երեխային տալ սեռական կրթութուն (18+)

Armdaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի ժամանակ բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ խոսում ենք հասարակությանը հուզող կարևոր թեմաներից: Այս շաբաթ զրուցել ենք սեռական դաստիրակության կարևորության,դրա բացակայության վտանգների մասին:

Որ տարիքից և ինչպես է անհրաժեշտ երեխային տալ սեռական կրթութուն

Եթե ցանկանում ենք ունենալ սեռապես առողջ հասարակություն, ապա սեռական դաստիարակությունը պարտադիր պայման է։   Սեռական առողջությունը ավելին է, քան սեռական խանգարման բացակայությունը և իրենից ներկայացնում է անձի սեքսուալության, մարմնական, հոգեկան և սոցիալական բարօրության
ամբողջություն։ Սեռապես առողջ անհատը ի վիճակի է անկաշկանդ, ազատ շփումների, առողջ միջանձնային հարաբերությունների հաստատմանը և խորը հուզական կապի՝ սիրելու կարողության։

Սեռակրթությունը երեխաների պետք է սկսել ծնված պահից, սակայն տարբեր տարիքային սահմանի համար պետք է լինեն հստակ թեմաներ։ Շատ կարևոր է, որ այդ ձեռնարկները  չլինեն թարգմանություն, իսկ եթե թարգմանված են՝ ապա ադապտացվեն մեր երկրում ներդրվող մոդելին։ Նույն ԱՀԿ-ն հորդորում է հարգել ազգերի մշակութային, կրոնական, ազգային առանձնահատկությունները։ Նորմալ երևույթ է, որ ամերիկյան ձեռնարկը կարող է մերժվել մեր հասարակության կողմից և հակառակը։ Մեր երկրում, դպրոցներում այդ թեման վստահված է ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, որոնք հաճախ չեն ունենում տարրական գաղափար սեռակրթության մասին։

Այսօր հաճախ խոսում ենք սեռական բռնությունից, սակայն ոչ բոլորս գիտենք, որ սեռական բռնության կանխարգելման համար պետք է երեխաների հետ զրուցել վաղ մանկական հասակից։  Երեխաները պետք է ճանաչեն իրենց սեփական հույզերը և արտահայտեն։ Ցանկացած բացասական հույզի պարագայում պետք է արձագանքեն, դիմեն վստահելի մարդու, օգնություն պահանջեն, որպեսզի հնարավոր լինի կանխել նմանատիպ դեպքերը։ Թերևս այդ համակարգի բացակայության պատճառով է, որ չնայած սեռական բռնության ենթարկված երեխաների 90% հիշում է բռնարարին, բայց այդ դեպքերի միայն 10%-ն է բացահայտվում։ Սեռական կրթությունը էլ ավելի կարևոր է սեռահասունացման տարիքում, քանի որ շատ երեխաներ հայտնվում են տագնապային վիճակում, երբ նկատում են մարմնակազմական փոփոխություններ, նաև խիստ անհանգստանում են առաջին դաշտանի և սերմնաժայթքման ժամանակ։ Երեխաները պետք է այդ բոլոր «փորձություններին» պատրաստ լինեն։

Սեռական դաստիրարակության ժամանակ երեխային վնասելու վտանգ միշտ կա, առավել ևս եթե դա արվում է ոչ մասնագետի կողմից։  Շատ երկրներում, սեռական կրթությունը ոչ թե բերել է սեռական առողջության ցուցանիշների բարելավվմանը, այլ ամբողջովին հակառակը՝ շատացել են սեռական բռնությունների թիվը, աճել են սեռական ճանապարհով փոխանցվող սեռավարակների թիվը, անչափահասների շրջանում ավելացել է անցանկալի հղիությունների քանակը։

Սեռական դաստիարակություն և հաշմանդամություն.ինչպես սեռակրթություն տալ սահմանափակ կարողություններով մարդկանց

Սահմանափակ կարողություններով երեխաների պարագայում այս թեման էլ ավելի խոցելի է և շատ ավելի կարևոր է ծնողների դերը։ Երբեմն երեխեները չեն գիտակցում թե ինչ գործողություններ են անում , արդյոք կարելի է անել թե ոչ և հաճախ հայտնվում են հասարակության կողմից էլ ավելի խոցելի կարգավիճակում։ Հոգեկան խնդիրների առկայության դեպքում պատահում են երեխաներ, ովքեր ձեռնաշարժությամբ են զբաղվում դասասենյակում, կարող են մերկանալ բոլորի առջև և այլն։  Սեռական կրթությունը երեխաներին պետք է նաև նրա համար, որ նրանք նույնպես ընկալեն և փորձեն օգնել խնդիրներ ունեցող երեխաներին։ Սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ, հաճախ իզոլացված են հասարակությունից, որը նրանց թույն չի տալիս վարել ազատ և անկաշկանդ կյանք։ Երբեմն էլ մինչ հասուն տարիք չեն ունենում սեռական կապեր, քանի որ չկա նույնիսկ տարրական պայմաններ նրանց համար։ Սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների ավելի հաճախ են ենթարկվում ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության։

Սեռակրթություն,թե այլասերվածության քարոզ. ինչպես են այսօր դաստիարակում երեխաներին

Այս օրերին  բոլորը խոսում են այլասեռվածության քարոզից, սակայն շատերը չգիտեն սահմանները սեռկրթության և քարոզի։ Ես ոչ թե կասեի այլասեռվածության քարոզ, այլ ոչ ճիշտ սեռական կրթություն, որը կարող է բերել բազմաթիվ խնդիրների։ Թերևս ամենակարևոր կետը այն է, որ  դպրոցներում և բուհերում կիրառվող ուսուցողական ձեռնարկները պետք է կազմվեն նեղ մասնագետների կողմից։ Իսկ ինչ վերաբերվում է գրախանութներում վաճառվող ձեռնարկներին, ապա դրանք կարող են նաև ստանդարտավորված չլինել, այս դաշտը բաց է։ Հասարակությունը պետք է, ոչ թե բուռն արձագանքի ցանկացած թերթիկի որտեղ գրված է սեռական կրթության մասին, այլ հետևողական լինի, որ այդ թերթիկները չհայտնվեն այն վայրերում, որոնց վստահվել է երեխաների սեռական կրթությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook