Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդիսանում է ալերգեն, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ վայելել բնությունը

Գարնանային ծաղկման շրջանը շատերիս սիրելի սեզոնն է: Գրեթե ամենուր մեզ ուղեկցում են ծաղկած ծառեր՝ իրենց անուշ բույրով, սակայն որոշ մարդկանց համար այդ գեղեցիկ շրջանը կարող է դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառով: Այն հիվանդություն է, որը զարգանում է ծաղկափոշու և տարբեր տեսակի բորբոսասնկերի նկատմամբ մարդու իմուն համակարգի զգայունությամբ: Այսինքն, ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդիսանում է ալերգեն:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում բժշկական համալսարանի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ զրուցել ենք, թե ինչու՞ են ալերգիաները գլուխ բարձրացնում գարնանը, ինչպե՞ս կանխել այն և մեղմել իրավիճակը:
«Ծաղկափոշին թափանցելով շնչուղիներ, կարող է առաջացնել ռինիտին բնորոշ ախտանիշներ՝ փռշտոց, քթահոսություն, քթի փակվածություն, քոր՝ կոկորդի ու ականջների շրջանում, կարող են նաև ընդգրկվել աչքերն՝ առաջացնելով արցունքահոսություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն և աչքերի քոր:

Որոշ անձանց մոտ այս սեզոնին կարող են լինել նաև մաշկային դրսևորումներ, ինչպիսին են եղնջացանը, կամ՝ ատոպիկ դերմատիտ այն մարդկանց մոտ, որոնք բացի ալերգիկ ռինիտից, ունեն ատոպիկ դերմատիտ»,- պարզաբանեց Արմինե Հակոբյանը:
Մասնագետն ընդգծեց, որ ծաղկափոշու ազդեցությամբ գարնան և ամռան ամիսներին որոշ մարդկանց մոտ ոչ միայն ալերգիկ ռինիտ է զարգանում, այլ նաև բրոնխիալ ասթմա՝ առաջանում է շնչուղիների սպազմ, շնչարգելություն, օդի պակասի զգացողություն:

«Այս պարագայում նշեմ, որ նախ և առաջ պետք է ախտորոշել հիվանդությունը: Մենք գրեթե ունենք ախտորոշման բոլոր միջոցները: Բժշկին դիմելուց հետո վերջինս անց է կացնում հատուկ ալերգոլոգիական հետազոտություններ, որը նախ թույլ է տալիս հաստատել անձի մոտ ալերգիկ ռինիտ է, թե ինչ-որ այլ հիվանդություն, և երկրորդը՝ եթե հաստատվում է, ապա հնարավոր է նաև պարզել այն բույսերի խմբերը, որոնք «մեղավոր» են հիվանդության համար: Իհարկե, բույսերի ծաղկափոշուց հնարավոր չէ խուսափել, բայց դրա փոխարեն առաջարկվում է ժամանակակից բուժման միջոցներ:

Անդրադառնալով հարցին, թե փոշոտման շրջանում Դենդրոպարկ այցելությունն արդյո՞ք նպաստում է ալերգիայի թեթևացմանը կամ վերացմանը, ալերգոլոգը պատասխանեց, որ այն անձինք, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ, պետք է խուսափեն Դենդրոպարկ այցելելուց:

«Ցավոք մեզ մոտ քարոզվում ու գովազդվում է լրիվ հակառակը, այսինքն՝ կոչ են անում ալերգիաների ժամանակ այցելել Դենդրոպարկ, սակայն ալերգիկ անձանց դեպքում գրեթե 90 տոկոսն այցելությունից հետո ավելի սուր վիճակում դիմում են բժշկի: Պատկերացրեք, իրենք գնում մտնում են հենց ծաղկափոշու կուտակման մեջ ու արդյունքում հիվանդությունն ավելի է սրանում»,-նշում է Արմինե Հակոբյանը:

Մասնագետի հավաստմամբ՝ հիվանդությունից նախօրոք խուսափել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով ախտանիշների սկսվելուն պես պետք է դիմել բժշկի:

Մասնագետը խորհուրդ տվեց չխուսափել բնության հետ շփումից, շեշտելով, որ եթե ալերգիկ ռինիտ ունեցող անձը բոլոր դեղերը նորմալ ստացել է և կարողանում է իր հիվանդությունը կառավարել, ապա այդ դեպքում կարող է հանգիստ դուրս գալ ու վայելել բնությունը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook