Friday, March 29, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ծանրաբեռնված աշխատանքի ու հավակնոտ ծրագրերի կողմնակիցը․ Սամվել Դանիելյանը նոր հեռանկարներ է տեսնում

Օրեր առաջ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան և Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Հովհաննեսի Դանիելյանը: Doctors.am-ը զրուցել է նորանշանակ տնօրենի հետ անցած ուղու և առաջիկա անելիքների մասին:

Մի քանի օր առաջ Դուք նշանակվեցիք գլխավոր արյունաբան և Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Ինչպե՞ս եք պատկերացնում ոլորտի զարգացումը:

Ոլորտի զարգացման համար ունեմ հետաքրքիր պլաններ: Ենթադրում եմ, որ դրանք կկարողանամ իրագործել: Նպատակները կապվածեն, առաջին հերթին, Հայաստանում առկա մասնագիտական ներուժի համախմբան հետ, իհարկե, ներգրավելով նաև արտասահմանի մեր հայրենակիցների ուժերը: Հատկապես փոքր երկրների համար շատ կարևոր է, որ առկա հնարավորություններն ու ռեսուրսները արդյունավետ օգտագործվեն: Այս համախմբումը, համոզված եմ,կբերի դրական տեղաշարժերի:

Կցանկանայի ընդգծել նաև դեղորայքի խնդիրը: Պայմանավորվածություն կա, որ ամբողջ դեղորայքը պետք է լիցենզավորվի պետության հաշվին, ինչպես նաև առողջապահության նախարարի հանձնարարականով ներկայումս տարվում են աշխատանքներ, որ պետությունն իր վրա վերցնի մանկական քաղցկեղով հիվանդների բուժման համար անհրաժեշտ ամբողջ դեղորայքը: Սա նշանակալի ձեռքբերում կլինի յուրաքանչյուր բժշկի և պացիենտի համար: Կան նաև կադրային խնդիրներ: Իհարկե, այստեղ աշխատում են շնորհալի բժիշկներ, որոնք ահռելի աշխատանք են կատարում, բայց կցանկանայի, որ կենտրոնը շարունակաբար երիտասարդ բժիշկներով համալրվեր: Օրինակ՝ մենք ունենք Արյան բանկ, որտեղ աշխատում է երկու երիտասարդ բժիշկ: Նրանք ուսերի վրա են տանում ամբողջ ծանրությունը: Այդպիսի խնդիր կա նաև ռեանիմացիայի առումով:

Խոսել եմ նաև մեծահասակների բաժանմունքի բժիշկների հետ: Պետք է ինտենսիվ լինեն մեծահասակների միջազգային ֆոնդերի հետ մեր հարաբերությունները: Շատ լավ գիտեք, որ երեխաները գրեթե ամբողջությամբ ապահովված են լինում բուժման համար անհրաժեշտ դեղորայքով: Գումարը տրամադրում են պետությունը, հիվանդանոցը, բարերարները, հարազատները, և դաշտը փակվում է: Ֆոնդերի հետ համագործակցության հարցում ինքս իմ հնարավորությունները պետք է լարեմ, որպեսզի կարողանամ որոշ չափով, բացի պետության և հիվանդանոցի տրամադրածից, հումանիտար օգնությամբ դեղորայք ձեռք բերել:
Առաջին անհրաժեշտության դեղերը հիվանդները ստանում են պետությունից ու հիվանդանոցից, բայց լրացուցիչ դեղեր էլ կան, որոնց առնչվող հարցերը պետք է ինչ-որ կերպ լուծվեն:Դեղորայքի հագեցվածության առումով՝ մեծահասակների բաժինը պետք է աստիճանաբար մոտեցնենք մանկականին: Սա նպատակներիցս մեկն է: Եթե հաջողվի, հրաշալի կլինի:

Ունենք շատ լավ կոլեգաներ, որոնք տարիներ շարունակ մեզ հետ են աշխատել: Բազմիցս եղել են Երևանում, աշխատել և՛ Արյունաբանական կենտրոնում՝ տեղի կադրերի հետ, և՛ Մուրացան հիվանդանոցում: Միջազգային կոնֆերանսներ ենք կազմակերպել: Կցանկանամ, որ այս հարաբերություններն ավելի ամուր լինեն, և ունենանք մեր աջակիցները բոլոր բնագավառներում: Կան շատ այլ խնդիրներ ևս, որոնք նեղ մասնագիտական են ու առանձին անդրադարձի կարիք ունեն:

Կլինիկան շատ լավ տպավորություն է թողել, որտեղ չէի եղել բավականին երկար ժամանակ: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ աշխատելը:

Կպատմե՞ք Ձեր մասին: Որտե՞ղ եք կրթություն ստացել և աշխատել: Ովքե՞ր են ունեցել ազդեցություն Ձեր մասնագիտության ընտրության և կայացման հարցում:

Ավարտելուց հետո աշխատել եմ Չարենցավանում` երեք տարի, որից հետո տեղափոխվել Մոսկվա: Վեց տարի աշխատել եմ այնտեղ, կրթություն ստացել, պաշտպանել թեկնածուական թեզս Մանկական հեմատոլոգիայի կլինիկայում: Մոսկվայի Դ. Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնի հիմնադիր և ներկայիս տնօրեն պրոֆեսոր Ա. Ռումյանցևի սաներից մեկը կարող եմ ինձ համարել, ինչը նույնպես մեծ պատիվ է ինձ համար:

Աշխատել եմ Գերմանիայի տարբեր կլինիկաներում: Սկսել եմ Ֆրանկֆուրտից, եղել Դյուսելդորֆի համալսարանական կլինիկայում, այնուհետև Բեռլինի ամենանշանավոր հիվանդանոցներից մեկում՝ «Շարիտեում», որտեղ ստեղծվում են մանկական օնկոհեմատոլոգիայի նորագույն բուժման ծրագրերը:
Բավական ժամանակ աշխատել եմ նաև Վիեննայում` պրոֆեսոր Գադների ղեկավարությամբ:
Այն բուժական սխեմաները, որոնցով մենք աշխատում ենք, վերոհիշյալ պրոֆեսորների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացված ժամանակակից ամենաարդյունավետ ծրագրերն են, որոնցով հայ երեխան այսօր հնարավորություն ունի բուժվելու:

Գերմանիայում հիմնվեց նաև «Օգնություն Հայաստանին» հիմնադրամը, որը հավաքում էր շատ մեծ գումարներ, Գերմանիայից առաքում դեղորայք: Մենք կանաչ լույս ունեինք ամբողջ ճանապարհին. «Թանհայմի» կլինիկա, դեղերի ձեռքբերում, առաքում հայկական դեսպանատուն, առաքում Հայաստանում գերմանական դեսպանատուն:
Կարևոր էին նաև վերապատրաստումները: Բոլոր բժիշկներն ուղևորվում էին գործուղման: Ես համարում եմ, որ բժշկի վերապատրաստումն ամենևին երեք կամ հինգ օր չէ: Սա սխալ տեսություն է: Այն  գուցե գործուղում է, կոնֆերանս, սիմպոզիում, բայց ոչ ավելին: Վերապատրաստումը, իմ մեկնաբանմամբ, տևում է ոչ պակաս, քան երեք ամիսը: Դա պետք է անցկացվի նույն կլինիկայում, նույն բաժանմունքում՝ երկարատև հերթապահություններով ու ծանրաբեռնված աշխատանքով: Սա է միայն բժշկին կրթում, կիրառական բժշկությանը ծանոթացնում: Տեսությունը շատ կարևոր է, բայց երբ ինքդ անքուն գիշերներով հերթապահում ես, հենց դրանք են կրթում քեզ: Սա միայն իմ կարծիքը չէ:

Ձեզ և Ձեր թիմի հետ է կապվում Հայաստանում մանկական լեյկեմիաների բուժման նոր մեթոդների ներդրումը և բուժման տոկոսային աճը մինչև 70%: Ինչպե՞ս դա եղավ: Ի՞նչ դժվարություններ էին առկա, և ինչպե՞ս հաղթահարեցիք:

Մենք ունենք շատ շնորհալի բժիշկներ. սա փաստ է: Եվ պետք է ասեմ, որ այն ծրագիրը, որով մենք հասանք այդ 70%-ին, գերմանական BFM-ն էր, որ հիանալի աշխատում է նաև ամերիկյան կլինիկաներում: Այս ծրագիրն իր ճանապարհն արդյունավետությամբ հարթեց ամբողջ աշխարհում: Եվ մեզ համար դրանով աշխատելը նույնպես շատ լավ հնարավորություն էր: BFM-ը ութ ամսվա ինտենսիվ քիմիաթերապիայի կուրս է կլինիկայում, երբ հիվանդը մշտապես գտնվում է հսկողության տակ։ Դժբախտաբար, Հայաստանում դա կազմակերպելը մի փոքր դժվար է, իսկ Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ընդհակառակը: Հիվանդներն ութ ամիս չեն պառկում հիվանդանոցում: Կան հատուկ տներ, կոչվում են «ծնողական տուն», որտեղ հիվանդը ստանում է իր բուժումըև ապրում է ծնողների հետ:Հայաստանում Մեղրիից եկած հիվանդի համար դժվար է երկու օրով դուրս գրվել և հետո վերադառնալ: Սա նույնպես իմ նպատակներից մեկն է, որ Հայաստանում ունենանք «ծնողական տուն»:

Քիմիաթերապիայի կուրսից հետո հիվանդը ևս մեկ տարի հաբեր է ընդունում տանը և շաբաթը մեկ հանձնում  արյուն: Ամբողջ ծրագիրը տևում է երկու տարի: Երկու տարի հետո, եթե ամեն ինչ շարունակում է բարեհաջող ընթանալ, նշանակում է՝ այդ երեխան մեծ շանսեր ունի կատարյալ առողջանալու: Մենք ունենք գրեթե 1000-ին մոտ կատարյալ առողջացած հիվանդներ, որոնք այլևս հիվանդ չեն: Նախկինում 3% ապրելիությունը պրակտիկորեն դատապարտում էր մարդուն մահվան: Այս առաջընթացը հայ բժիշկների, իմ կոլեգաների թիմային աշխատանքի, տքնաջան, անքուն գիշերների, կյանքի գնով ձեռքբերումների արդյունքն է: Եվ, իհարկե, գերմանական կողմի ու բարեգործական հիմնադրամների օգնությունը, որոնք միշտ սատարել են և միշտ օգնել մեզ: Մենք «ՈՉ» բառը չենք լսել ո ՛չ Գերմանիայում, ո ՛չ Ավստրիայում և ո ՛չ էլ Հայաստանում: Սա շատ մեծ արդյունք է Հայաստանի համար: Պիտի ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 85% է առողջացումը: Մենք գիտենք, թե ինչ արժե այս բուժումն ԱՄՆ-ում. մոտավորապես 300 հազար դոլար: Հայաստանում սա գրեթե ամբողջությամբ արվում է՝ առանց ծնողի գրպանին հարվածելու: Սա մեծ ձեռքբերում եմ համարում: Հեմատոլոգիայի բնագավառում այս 20 տարիների աշխատանքը բեկումնային էր:

2007 թվականին Դուք հիմնադրեցիք ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկան, որը տարիների ընթացքում բավականին ճանաչում ստացավ: Խնդրում եմ պատմեք այդ մասին: Դժվար չէ՞ր նորից սկսելը:

Երբ ես դուրս եկա Հեմատոլոգիայի ինստիտուտից, երկու տարի աշխատանք չունեի: Փնտրում էի աշխատանք, որովհետև ցանկանում էի իմ բնագավառում աշխատել, և հանդիպեցի Գոհար Քյալյանին: Նա մենեջմենթի, բժշկության կառավարման բացառիկ հմտություններ ունի: Ներկայացրի ծրագիրս, և ասաց, որ եթե դրա 50%-ը իրականություն լինի, անպայման կստեղծենք լավ կլինիկա: Ստեղծեցինք այդ կլինիկան: Կլինիկա՝ բարձր է ասված, որովհետև ես միայնակ էի: Հետո Տիկին Քյալյանն ասաց, որ և՛ կլինիկայի աշխատակազմին, և՛ ամբիոնը, ինքս պետք է ընտրեմ, բայց դրա համար ինքս էլ պիտի պատասխան տամ: Եվ խորհուրդ տվեց երկու երիտասարդ բժիշկների`Զոհրաբյան Դավիթին և Սաֆարյան Լիանային: Մենք երեքով ստեղծեցինք այդ կլինիկան, հետո թափանիվը սկսեց պտտվել:

Շատ է խոսվում, որ Հայաստանը կարող է դառնալ արյունաբանության և ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք դա ռեալ է, ունե՞նք մենք այդ հնարավորությունը: Եվ ի՞նչ է դրա համար մեզ հարկավոր:

Ռեալ կարող եմ գնահատել, որ այսօրվա պայմաններումբոլոր նախադրյալները կան տարածաշրջանային կենտրոն ստեղծելու համար: Խնդիրներ կան, որոնք լուծելի են: Տարածաշրջանային կենտրոն ստեղծելու կամ չստեղծելու հարցում շատ կարևոր են մթնոլորտը, շենքային պայմանները, բայց ամենակարևորը մարդիկ են, բժիշկները: Եվ Արյունաբանական կենտրոնի, և «Մուրացան» հիվանդանոցի բժիշկները, վստահորեն, կարող են ստեղծել տարածաշրջանային կենտրոնև լինել մրցունակ: Անվերապահորեն եմ ասում այս մասին: Այստեղ կան երիտասարդ մարդիկ, որոնք այնպիսի ձգտումով են խոսում, որ տարածաշրջանային կենտրոնը հասանելի թիրախ եմ համարում մեզ համար: Կուզեմ՝ բարեհաջող պայմաններ լինեն, որպեսզի կարողանանք առաջ գնալ:

Եթե նորից ընտրելու լինեիք մասնագիտությունը, ինչպիսի՞ն կլիներ Ձեր ընտրությունը, և ինչո՞վ կլիներ այն պայմանավորված:

Անպայման միայն ու կրկին արյունաբանությունը կընտրեի: Սիրում եմ մասնագիտությունս ու գոհ եմ իմ ճակատագրից, որ դա եմ ընտրել:Հիանալի մարդկանց հետ եմ շփվել և երբեք չեմ զղջացել: Լինում են դեպրեսիաներ: Մահերին երբեք չես սովորում, իսկ սովորող մարդը հեմատոլոգ լինելու իրավունք այլևս չունի: Բայց այս թիմային աշխատանքը, լավ մարդկանց հետ շփումն ամբողջ աշխարհում և նրանց կողմից գնահատված լինելը շոյում են մարդուն՝  նոր սխրանքների կոչելով:

 Իսկ ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ընտրել արյունաբանությունը՝ որպես մասնագիտություն:

Ինչ-որ ունեմ, կցանկանամ փոխանցել, որովհետև երիտասարդները մեր վաղվա օրն են:Հայաստանում վերջերս ստեղծված իրավիճակի մեջ մեծ դերակատարում ունեին հենց երիտասարդները: Չէ՞ որ մեր բոլորի դասախոսությունների, ճաշակների, արժեքների ձևավորման անընդմեջ փոխանցման արդյունքն են կրում այս երիտասարդները: Բարեբախտաբար, մենք տեսանք այդ արդյունքը: Երիտասարդները, մանավանդ կանայք, անգնահատելի դեր կատարեցին: Ինչպե՞ս կարող ես այս սերնդին չտալ ամեն ինչ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook