Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ծռաթաթություն կամ բնածին ծռաթաթություն

Ծռաթաթություն կամ բնածին ծռաթաթությունը  հենաշարժական համակարգի բնածին արատներից առավել հաճախ հանդիպող դեֆորմացիան է՝ կազմում է բոլոր բնածին դեֆորմացիաների 35-38 %։ Տղաների մոտ այն հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ, քան աղջիկների։ Երկկողմանի ծռաթաթությունը հանդիպում է զգալիորեն ավելի շատ, քան միակողմանին։

Բնածին ծռաթաթությունը բազմապատճառային հիվանդություն է։

Պատճառային գործոններ կարող են հանդիսանալ՝

  • Պտղի զարգացման խանգարումը պտղաջրերի քիչ լինելու պատճառով (մեխանիկական գործոնների՝ ամնիոտիկ ձգանների, պորտալարի, արգանդի մկանների, ուռուցքների ճնշման հաշվին)։
  • Պտղի ձևավորման առաջնային խանգարումը, արատը, որի մասին է վկայում ծռաթաթության հաճախակի զուգակցումը բնածին դեֆեկտների՝ մատերի սերտաճման, նապաստակի շրթունքի, գայլի երախի և այլնի հետ։
  • Ծռաթաթության բնածին ձևը, որը նույնպես կապված է բնածին դեֆեկտների հետ։
  • Տոքսոպլազմոզի հետևանքով հղիության պաթոլոգիան։
  • Ողնուղեղային կենտրոնների կողմից նյարդավորման խախտումը։Տարբերում են բնածին ծռաթաթության երկու ձև՝
    1. Տիպիկ (մոտ 80 %)։
    2. Ատիպիկ (մոտ 20%)։

    Տիպիկ ձևերը ստորաբաժանվում են՝

    1. Թեթև, որոնք հանդիպում են հազվադեպ և հեշտ են բուժվում։
    2. Փափուկ հյուսվածքային, այսպես կոչված կապանային ձևեր, որոնք հանդիպում են առավել հաճախ, լավ արտահայտված ենթամաշկային ճարպային շերտով և շարժուն մաշկով։
    3. Ոսկրային, երբ քիչ շարժուն մաշկի հետ մեկտեղ ոտնաթաթի արտաքին մակերեսով նշվում են ոսկրային արտացցվածքներ. (վեգոսկր, մեճացած դրսային պճեղ, ոտնաթաթային V ոսկրի թմբավորվածություն)։

    Ատիպիկ ձևերին են դասվում արթրոգրիպոզի, ամնիոտիկ ձգանների և այլնի ֆոնի վրա առաջացած ծռաթաթությունը։

    Կլինիկան

    Ծռաթաթության դեպքում ոտնաթաթի դիրքը բնորոշվում է հետևյալ հիմնական կլինիկական արտահայտություններով.

    • Ոտնաթաթի ներբանային ծալումով՝ էկվինուսով։
    • Ներբանային մակերեսի, գլխավորապես կրունկի և նախաթաթի, դեպի ներս պտտումով՝ վերհակումով։
    • Ոտնաթաթի առաջային հատվածի առբերումով՝ ադդուկցիայով։

    Բնածին ծռաթաթության դեպքում ոտնաթաթի բնորոշ դիրքը լրացվում է սրունքի պտտումով դեպի ներս՝ սրունքաթաթային հոդում շարժունության սահմանափակումով։ Երեխայի քայլելու ժամանակ ծռաթաթությունը ավելանում է, առաջանում է մաշկի կոշտուկավորում, ոտնաթաթի ոսկրերը տեղաշարժվում են մեկը մյուսի նկատմամբ, առաջանում են հոդային նոր մակերեսներ և դատարկվում հները, քանի որ աճառային մակերեսները ենթարկվում են ապաճման։ Ծռաթաթությամբ տառապող երեխաների քայլվածքը բնորոշվում է նրանով, որ մի ոտնաթաթը նրանք անց են կացնում մյուսի վրայով։ Ոտնաթաթի ոսկրային հիմքի տեղաշարժման և դրանց դեֆորմացիայի հետևանքով փոխվում են շարժումները սրունքաթաթային հոդում, որոնք ժամանակի ընթացքում իրականացվում են ֆրոնտալ հարթության վրա։ Սրունքի մկանները վատ են զարգանում և այդ պատճառով ավելի բարակ են երևում։ Ծնկան հոդերը ուղղվում են, ամբողջ մարմնի կեցվածքը դառնում է ուղիղ, իսկ քայլվածքը՝ անվստահ և պակաս պլաստիկ։

    Բուժում

    Pieds_bot_varus_équin,_en_cours_de_correctionԲուժումը լինում է ինչպես կոնսերվատիվ է, այնպես էլ վիրահատական։ Բուժման կոնսերվատիվ եղանակները բնածին ծռաթաթության ժամանակ հարկավոր է սկսել որքան հնարավոր է շուտ՝ ծնվելուց հետո 10-12-րդ օրվանից։ Բուժումը կարող է իրականացնել մայրը բժշկի հսկողության տակ։ Կատարվում են ամենօրյա ռեդրեսացիաներ (ուղղում) և անշարժացում։ Վաղ տարիքում ոտնաթաթի բոլոր ոսկրերը կազմված են աճառներից, ունեն միայն ոսկրացման միջուկներ, այդ պատճառով ոտնաթաթը հեշտությամբ, առանց ցավազրկման ուղղվում է որոշակի միջամտությունների օգնությամբ։ Դրանք իրականացնում են ծռաթաթության ժամանակ ոտնաթաթի հիմնական դիրքերին՝ վերհակմանը, առբերմանը և ներբանային ծալմանը համապատասխան։

    Ծռաթաթության թեթև ձևերի դեպքում ֆիքսումը իրականացնում են ֆլանելե բինտերով, ավելի ծանր դեպքերում՝ էտապային գիպսային կապերով։ Բնածին ծռաթաթության թեթև ձևերի դեպքում բինտակապումից բացի կատարում են պասիվ ուղղող մարմնամարզություն։ Ամեն անգամ բինտերը փոխելիս կատարվում է նաև սրունքի և ոտնաթաթի թեթև մերսում։ 3-5 րոպե՝ օրական 3-4 անգամ։ Փափուկ բինտը դնելու տեխնիկան ըստ Ֆինկ-Էտտինգենի։ Երեխայի վերջույթը ծնկան հոդում ծալում են ուղիղ անկյան տակ մկանները թուլացնելու համար։ Բինտի երկարությունը 2 մ է, լայնությունը՝ 5-6 սմ։ Ծռաթաթության ուղղումը անց են կացնում դեֆորմացիայի թվարկված կոմպոնենտների հերթականությամբ։ Առբերումը ըստ Վրեդենի վերացնելու համար մի ձեռքով բռնում են ոտնաթաթի առաջային հատվածը այնպես, որ մատը հենվի ոտնաթաթի դրսային եզրի մեջտեղին, և կատարում ոտնաթաթի պտտում դեպի դուրս։ Մյուս ձեռքի մատերով բռնում են կրունկը և ոտնաթաթի ներսային եզրը I մատի ծայրով հենվելով ոտնաթաթի դրսային եզրի մեջտեղին։ Վերհակումը վերացնում են երկու ձեռքերով, ընդ որում մեկով բռնում են կրնկային շրջանը ներքևից և ամուր ֆիքսում այն, իսկ մյուսով՝ ոտնաթաթը. I մատը դնում են ներբանային մակերեսի վրա, մնացածները՝ դրա հակառակ կողմը։ Իրականացնում են զգույշ պտույտային շարժումներ երկայնակի առանցքի շուրջը, ֆիքսելով կրունկը։ Ներբանային ծալումը վերացնելու համար մի ձեռքով հենվելով պճեղների վրա սրունքը սեղմում են սեղանին, մյուս ձեռքի ափը սեղմում են ոտնաթաթի ներբանային մակերեսին և կատարում թիկնային ֆիքսացիա։ Երբեմն, մի քանի անգամ կատարված գործողություններից հետո ստացված արդյունքը ֆիքսում են վիրակապով, ընդ որում բինտը ազատ ծայրով դնում են ոտնաթաթի դրսային եզրի մեջքային մակերեսին շրջանաձև և երկու անգամ ամուր ընդգրկելով ոտնաթաթի առաջային հատվածը։ Երկրորդ շրջադարձից հետո բինտը սրունքի արտաքին մակերեսով տեղափոխում են ազդրի վրա սրունքի հետ առաջացնելով ուղիղ անկյուն, ազդրի վրայով ներսից դուրս ծալում են ենթածնկային փոսիկի մեջ, ապա թեք՝ սրունքի առաջային դրսային մակերեսով վերևից և դրսից ցած և դեպի ներս անց են կացնում ոտնաթաթի ներսային եզրի վրա։ Ոտնաթաթը գոտևորելուց հետո բինտը նորից բարձրացնում են ազդրի վրա։ Այսպիսով, ոտնաթաթը բինտի երեք շերտերով ֆիքսում են ծնկան հոդի ծալված դիրքում։ Քանի որ բինտավորումը կատարում են ձգելով, անհրաժեշտ է վերահսկել մատերի վիճակը, որոնք բինտակապումից հետո պետք է ունենան նորմալ գույն։ Եթե բինտակապման ընթացքում առաջացած մատերի ցիանոզը տևում է 10 րոպեից ավել, վիրակապը անհրաժեշտ է թուլացնել։ Երբեմն հաջողվում է հասնել ոտնաթաթի ուղղմանը երկու ամսում, սակայն գերուղղումը պահելու համար անհրաժեշտ է գիշերային ժամերին ոտքերտ ֆիքսել պլաստմասե բեկակալով։ Բնածին ծռաթաթության ֆունկցիոնալ վաղ բուժումը ըստ Վիլենսկու։ Գիպսային կապը դնելու համար երեխային պառկեցնում են մեջքի վրա, ստորին վերջույթների վրա ազդրի վերին երրորդականից հագցնում տրիկոտաժե բամբակե գուլպա կամ խողովակավոր բինտ։ Բժիշկը պահում է երեխայի ոտքը ծնկան հոդում ծալված դիրքում, իսկ ոտնաթաթը՝ ուղղված դիրքում առանց ուժ գործադրելու։ Ոտնաթաթի արտաքին թիկնային մակերեսին դնում են հիմքով դեպի ոտնաթաթի դիստալ ծայրը ուղղված սեպաձև միջադիր փրփրեցված պոլիէթիլենից։ Շրջանաձև գիպսային կապը դնում են ազդրի վերին երրորդականից մինչև մատերի ծայրերը մոդելավորելով ոտնաթաթի ոսկրային արտացցվածքները և կամարները։ Վերջույթին տալիս են բարձր դիրք և հեռացնում ոտնաթաթի վրա ֆիքսված միջադիրը։ Եթե 30-40 րոպե անց ոտնաթաթի մատերը դառնում են նորմալ, վարդագույն, երեխային թույլ են տալիս տանել տուն։ Տանը ծնողները երեխայի հետ խաղալիս գուլպայի դուրս մնացած ծայրը և մատերը դուրս են քաշում դեպի ազատ տարածությունը և, այդպիսով, մի քանի անգամ ուղղում ոտնաթաթի դիրքը։ Գրգռելով ներբանը և ոտնաթաթի մատերը, առաջացնում են դրա ակտիվ, ուղղորդված շարժումներ գիպսային կապի մեջ դիրքը շտկելու նպատակով։ Ստացված ուղղված դիրքում ոտնաթաթը պահելու համար գիպսային կապի և ոտնաթաթի ներսային մակերեսի միջև տեղադրում են ամեն անգամ ավելացող միջադիրներ բամբակից կամ պոլիմերային նյութից։ Գիպսային կապը դնում են 5-ից 20 օր ժամկետով կախված երեխայի տարիքից և դեֆորմացիայի աստիճանից։ Այդ ընթացքում կապանամկանային կոնտրակտուրան թուլանում է և ոտնաթաթը առանց ցավի ու բռնի ուժի ենթարկվում է որոշակի ուղղման։ Վիրակապը փոխելու անհրաժեշտության ցուցանիշ է հանդիսանում այն ժամկետը, երբ բուժական մարմնամարզության ժամանակ ոտնաթաթի մեջքային մասը կպչում է գիպսային կապի եզրին։ Տաք լոգանքից կամ գետնամոմի ապլիկացիայից հետո անմիջապես դնում են նոր գիպսային կապ։ Վիլենսկու եղանակով բնածին ծռաթաթության բոլոր կոմպոնենտները վերացնում են առանց բռնի ուժի գործադրման։ Սկսում են ոտնաթաթի դիստալ հատվածների ուղղումից, սրունքի տորսիան ուղղելու նպատակով ոտնաթաթը անմիջապես պտտում են դեպի դուրս, ապա վերացնում ոտնաթաթի էկվինուսային դիրքը։ Դեֆորմացիան լրիվ ուղղելուց հետո դնում են գիպսային կապ և 2-3 օր հետո թույլ տալիս քայլել։ Վաղ ծանրաբեռնումը ֆիքսված ոտնաթաթի վրա նպաստում է հենարանային ֆունկցիայի զարգացմանը, մկանների, սրունքի ու ոտնաթաթի ճիշտ ձևավորմանը։ Բնածին ծռաթաթության հետագա բուժումը պետք է ուղղված լինի մկանների ամրացմանը ստացված կորեկցիայի դիրքը պահպանելու և ռեցիդիվ կանխելու նպատակով։ Բուժական կոմպլեքսի մեջ մտցնում են ուղղող բուժական մարմնամարզություն, պարաֆինոթերապիա, մերսումներ, գետնամոմի ապլիկացիաներ, նրբոլոքային մկանների էլեկտրախթանում։

  •  

     

    Հղումներ`

    • ԵՊԲՀ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն
    • To Parents of Children Born with Clubfeet
    • Հարցեր բժիշկներին – Անվճար բժշկական խորհրդատվություն
    • ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook