Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կակաոյի ամենաօգտակար հատկությունները

Կակաոն շատ կարևոր ու տարածված մթերք է, որը կիրառվում է համեղ ըմպելիք ու շոկոլադ պատրաստելու, ինչպես նաև անչափ օգտակար կակաոյի յուղ ստանալու համար։ Կակաոն հայտնի է իր վառ համով, սակայն քչերին է հայտնի, որ այն ոչ միայն համեղ է, այլև անչափ օգտակար։

Կակաոյի փոշին օժտված է մի շարք բուժիչ հատկություններով, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այն մշտական սննդակարգի մասը դարձնել։ Այս մթերքն ամրապնդում է առողջությունը, հակադեպրեսանտային ազդեցություն է ունենում, բարելավում է սրտանոթային համակարգի առողջությունն ու առհասարակ օգնում է պայքարել առողջական մի շարք լուրջ խնդիրների դեմ։ Ընդ որում՝ նման դրական ազդեցության համար բավական է օրական ընդամենը 2,5 գրամ ոչ քաղցր կակաոյի փոշի կամ 10 գրամ մուգ շոկոլադ օգտագործել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կակաոյի ամենաօգտակար հատկություններն ու 9 պատճառ այս մթերքն ամենօրյա սննդակարգի մասը դարձնելու համար։

Նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը

Կակաոյի փոշին շատ օգտակար է զարկերակային բարձր ճնշման դեպքում, քանի որ բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակը, որն էլ թուլացնում է անոթները։ Բացի այդ, այս մթերքը հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված նյութերի՝ ֆլավոնոլների հարուստ աղբյուր է, իսկ այս նյութերը բարելավում են արյունատար անոթների գործառույթներն ու նվազեցնում զարկերակային բարձր ճնշումը։

Բուժում է ընկճախտը

Կակաոյի մեջ պարունակվող ֆլավոնոլները նաև բարձրացնում են տրամադրությունն ու ազատում ընկճախտի տհաճ դրսևորումներից։ Այս նյութերը բարձրացնում են օրգանիզմում  սերոտոնինի մակարդակը, իսկ այս նեյրոտրանսմիտերն պատասխանատու է հանգստության ու բավարարվածության զգացման համար։

Նպաստում է քաշի նվազմանը

Քչերին է հայտնի, սակայն այս տարածված մթերքը նպաստում է ախորժակի նվազման, ինչպես նաև կարգավորում է էներգիայի սպառումը, խթանում է ճարպերի թթվայնացումն ու պահպանում է հագեցածության զգացումը, ինչի շնորհիվ էլ օգնում է նվազեցնել քաշը։ Archives of Internal Medicine պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք հաճախ են մուգ շոկոլադ ուտում, հաճախ նաև մարմնի զանգվածի ցածր ինդեքս են ունենում։

Բարելավում է սրտամկանի առողջությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ֆլավոնոլներն ազդում են զարկերակներում կուտակվող ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակի վրա։ Նման ազդեցության շնորհիվ նվազում է սրտի նոպայի, սրտային անբավարարության, գլխուղեղի կաթվածի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Վերահսկողության տակ է պահում 2-րդ տիպի շաքարային դիաբետը

Կակաոն իր մեջ պարունակվող ֆլավոնոլների շնորհիվ նվազեցնում է նաև բորբոքումների մակարդակն ու բարելավում է բջիջների զգայունությունն ինսուլինի նկատմամբ։ Այս տարրերի շնորհիվ կակաոյի գործածությունը դրական ազդեցություն է ունենում 2-րդ տիպի շաքարային դիաբետի կանխարգելման ու վերահսկման գործընթացի վրա։

Կանխում է քաղցկեղը

Այս անչափ համեղ ու օգտակար մթերքն օժտված է նաև հզոր հակաքաղցկեղային հատկություններով։ Իր հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ կակաոյի փոշին պաշտպանում է բջիջները թթվայնացումից՝ այդ կերպ արգելակելով չարորակ բջիջների աճը։

Պաշտպանում է գլխուղեղը

Կակաոն նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի շատ օգտակար է գլխուղեղի առողջության պահպանման համար։ Այս մթերքի գործածությունը նպաստում է ազոտի օքսիդի արտադրության խթանմանը, ինչն էլ թուլացնում է արյունատար անոթների մկաններներն ու բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը։

Բուժում է ասթման

Կակաոյի փոշին նաև շատ օգտակար է ասթմայի դեմ պայքարի համար։ Բանն այն է, որ կակաոն պարունակում է հակաասթմատիկ միացություններ՝ թեոֆիլին և թեոբրոմին, որոնք կարող են շատ օգտակար լինել ասթմայով հիվանդների համար։ Թեոֆիլինը նպաստում է թոքերի լայնացմանը, բացում է շնչուղիներն ու նվազեցնում է դրանց բորբոքումները, մինչդեռ թեոբրոմինն օգնում է պայքարել մշտական հազի դեմ։

Կանխում է կարիեսը

Կակաոն օժտված է հակաֆերմենտային, հակաբակտերիալ ու իմունախթան հատկություններով, որոնց շնորհիվ խիստ դրական ազդեցություն է ունենում բերանի խոռոչի առողջական վիճակի վրա։ Կակաոյի փոշին պահպանում է ատամների առողջությունն ու պայքարում է կարիեսի ու լնդերի հիվանդություններ առաջացնող բակտերիաների դեմ։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook