Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Կարելի է արդյոք լողավազան այցելել հղիության ընթացքում

Լողն ամենաօգտակար ու առողջարար մարզաձևերից է ապագա մայրիկների համար, քանի որ այս դեպքում բավական ցածր է վնասվածքներ ստանալու հավանականությունը, ինչը շատ կարևոր է հղիության ընթացքում: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Լողն ամրապնդում է մկանները և բարձրացնում է դիմացկունությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ծննդաբերության ընթացքի վրա, սակայն հարկ է հիշել, որ նման մարզումներից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Մասնագետները ներկայացրել են հղիության ընթացքում լողավազան այցելելու բոլոր դրական ու բացասական կողմերը:

Ինչով է վտանգավոր լողը հղիության ընթացքում

Լողը կարող է շատ օգտակար լինել հղիների համար, սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի այցելել լողավազան արյունահոսությունների և հղիության ընդհատման վտանգի դեպքում: Այս դեպքում հարկավոր է առաջին հերթին հիշել անվտանգության մասին՝ ինչպես մոր, այնպես էլ երեխայի:

 Բացի այդ, հարկ է հիշել, որ լողավազան այցելելը հակացուցված է նաև ուժգին տոքսիկոզի և զարկերակային բարձր ճնշման դեպքում:

Եթե չկա որևէ հակացուցում, ապա կարելի է առանց անհանգստանալու այցելել լողավազան: Գոլ ջուրը բարենպաստ ազդեցություն է ունենում արյան շրջանառության, արյունատար անոթների ու սրտամկանի վրա, ինչպես նաև նվազեցնում է երակների վարիկոզ լայնացման առաջացման հավանականությունը: Բացի այդ, լողը հանգստացնում է ողնաշարը, ինչն օգնում է խուսափել ցավերից ու բարելավել տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

Հղիության ընթացքում լաղավազան հաճախելու դրական հատկությունները

Ջրային մարզումները նպաստում են մաշկի հյուսվածքների առաձգականությանը, ինչը դրական ազդեդություն է ունենում ծննդաբերության գործընթացի վրա՝ օգնելով խուսափել պատռվածքներից: Բացի այդ, առաձգական մաշկը շատ ավելի արագ է վերականգնվում ծննդաբերությունից հետո: Մասնագետները նաև նշում են, որ լողը յուրահատուկ մերսում է մաշկի համար, ուստի օգնում է պահպանել կազմվածքը և կանխարգելել ձգվածքները, ինչը շատ կարևոր է կանանց համար:

Լողավազան այցելելը շատ կարևոր է նաև հղի կնոջ օրգանիզմի ամրապնդման համար և օգնում է նվազեցնել մրսածության հավանականությունը: Բացի այդ, գոլ ջուրն ազատում է սթրեսներից և հաճելի հույզեր է պարգևում, ինչը շատ կարևոր է անկայուն հուզական ֆոնի դեպքում:

Այսպիսով՝ հարկ է հիշել, որ լողը կարող է շատ օգտակար լինել հղի կնոջ ու երեխայի համար, սակայն լողավազան կարելի է այցելել միայն հակացուցումների բացակայության դեպքում և միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook