Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կարցինոիդ (կամ կարցինոիդ ուռուցք)

Կարցինոիդ (կամ կարցինոիդ ուռուցք), դանդաղ աճող նեյրոէնդոկրին ուռուցք է, որը ծագում է նեյրոէնդոկրին համակարգի բջիջներից։ Որոշ դեպքերում կարող են առաջանալ մետաստազներ։ Ստամոքսաղիքային ուղու կարցինոիդ ուռուցքները (զստաղի, աղիճ աղի, կույր աղի, կույր աղու որդանման ելուն (ապենդիքս)) կարող են դրսևորվել որպես կարցինոիդ համախտանիշ։

Կարցինոիդ ուռուցքը որդանման ելունի ամենատարածված չարորակ նորագոյացությունն է, սակայն այն ավելի հաճախ հանդիպվում է բարակ աղում, ինչպես նաև ուղիղ աղում և ստամոքսում։ Նկարագրվել են նաև լյարդում ուռուցքի աճի դեպքեր, սակայն, որպես կանոն, այն մետաստատիկ ախտահարման հետևանք է և կապված է այլ տեղակայման կարցինոիդի առաջնային օջախի հետ։ Կարցինոիդը, ի տարբերություն չարորակ ուռուցքների մեծամասնության, շատ դանդաղ է աճում։ Նեյրոէնդոկրին ուռուցքները ախտորոշվում են միջինը 63 տարեկան հասակում։

Չնայած որ կարցինոիդ ուռուցքների մեծամասնությունը ողջ կյանքի ընթացքում անախտանիշ են և հաճախ հայտնաբերվում են այլ ցուցումներով վիրահատությունների ժամանակ (այսպես կոչված «պատահական, համընկնող» կարցինոիդներ), բոլոր կարցինոիդները համարվում են չարորակացման պոտենցիալ ունեցող ուռուցքներ։

Կարցինոիդ ուռուցքների մոտ 10%-ը արտադրում են մեծ քանակությամբ հորմոններ, մասնավորապես՝ սերոտոնին (5-HT), և դրսևորվում են հետևյալ հատկանիշներով․

  • Կարմրություն (սերոտոնինը ինքնին չի բերում կարմրության)։ Կարցինոիդ համախտանիշի ժամանակ դեմքի և հաճախ այլ հատվածների մաշկի կարմրության հավանական պատճառներն են բրադիկինինը, պրոստագլանդինները, տախիկինները, P նյութը, և/կամ հիստամինը, փորլուծությունը և սրտի ախտահարումը։ Սերոտոնինը խթանում է սրտամկանի միոցիտների աճը: Սերոտոնին արտադրող կարցինոիդ ուռուցքը կարող է նպաստել եռափեղկ փականի ախտահարման, փականի վրա միոցիտների պրոլիֆերացիայի հետևանքով։
  • Փորլուծություն
  • Շնչարգելություն, սուլող շնչառություն
  • Որովայնային ցավ
  • Ծայրամասային այտուցներ

Սերոտոնինի ավելցուկային սինթեզը կարող է բերել տրիպտոֆանի անբավարարության, որը իր հերթին կհանգեցնի նիացինի դեֆիցիտի։ Նիացինի (վիտամին B3) դեֆիցիտը, հայտի է որպես պելագրա, դրսևորվում է դերմատիտով, դեմենիցայով և դիարեայով (փորլուծություն)։

Այս ախտանիշների ամբողջությունը կազմում է կարցինոիդ համախտանիշ կամ (սուր դեպքերում) կարցինոիդ կրիզ։ Երբեմն կարող են նկատվել արյունահոսություն կամ ուռուցքային զանգվածի ճնշման ախտանիշներ։ Կարցինոիդը առավել հաճախ տեղակայվում է բարակ աղում, մասնավորապես՝ զստաղում։ Այն որդանման ելունի ամենատարածված չարորակ ուռուցքն է։ Կարցինոիդ ուռուցքները հազվադեպ կարող են աճել ձվարանում կամ թիմուսում (ուրցագեղձ)։

Ստամոքսաղիքային ուղուց հետո առավել հաճախ ախտահարվում է շնչառական ուղին, PAN-SEER (1973–1999) տվյալների համաձայն` դեպքերի 28%-ում։ Ուղիղ աղին նույնպես հաճախ է ընդգրկվում։

По данным МСКТ — внутрипросветная опухоль тощей кишки (желтая стрелка) и ассоциированная опухоль в брыжейке (красная стрелка)

Ստամոքսաղիքային ուղի

Կարցինոիդ ուռուցքները ապուդոմաներ են, որոնք ծագում են աղիքի էնտերոքրոմաֆինային բջիջներից։ Կարցինոիդների մոտ 2/3-ը հայտնաբերվում է ստամոքսաղիքային ուղում։

Կարցինոիդ ուռուցքներ կարող են հայտնաբերվել նաև թոքերում։

Կարցինոիդ ուռուցքների մետաստազները կարող են հանգեցնել կարցինոիդ համախտանիշի։ Սկսում են արտադրվել մեծ քանակությամբ տարբեր նյութեր, այդ թվում՝ սերոտոնին, որոնք, անցնելով համակարգային արյան շրջանառություն, բերում են մի շարք ախտանիշների առաջացման՝ մաշկի կարմրություն, փորլուծություն, բրոնխոսպազմ և սրտի աջակողմյան փականային ախտահարում։ Հետազությունների համաձայն, կարցինոիդ ուռուցքով պացիենտների 6%-ից պակասի մոտ զարգանում է կարցինոիդ համախտանիշ, իսկ վերջիններիս 50%-ի մոտ արձանագրվում է սրտի ախտահարում։

Գավաթաձև բջիջների կարցինոիդ

Համարվում է ներզատիչ (էնդոկրին) և արտազատիչ (էկզոկրին) ուռուցքների միջանկյալ հիբրիդ, որը ծագում է որդանման ելունի կրիպտաների բջիջներից։ Հյուսվածաբանորեն այն կազմում է յուրատեսակ կլաստերներ՝ կազմված մուցին պարունակող գավաթաձև բջիջներից և քիչ քանակությամբ Պենետի ու էնդոկրին բջիջներից։ Այն յուրահատուկ կերպ է աճում՝ ձևավորելով ուռուցքային բների կոնցենտրիկ գոտիներ, որոնք դեպի վեր ձգվում են որդանման ելունի պատի մկանային շերտի և ստրոմայի միջև։ Այդ պատճառով դժվար է ախտորոշել և չափել ախտահարման օջախը։ Ոռուցքային մանր օջախներ կարող են «թաքնվել» մկանային շերտում կամ որդանման ելունի շրջակա ճարպաբջջանքում։ Ցիտոկերատինը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային բջիջները, մուցինի առկայությունը նույնպես փաստում է ուռուցքի մասին։ Այս կարցինոիդը ավելի ագրեսիվ է, քան որդանման ելունի այլ տարածված կարցինոիդ ուռուցքները։ Այն սովորաբար տարածվում է տեղային լիմֆատիկ հանգույցներ, որովայնամիզ, և մասնավորապես՝ ձվարաններ։ Բջիջները այս դեպքում չեն արտադրում բավականաչափ հորմոնալ նյութեր, որոնք կբերեն կարցինոիդ կամ այլ ներզատիչ համախտանիշի։ Փաստացի, այն ավելի մոտ է էկզոկրին, քան էնդոկրին ուռուցքներին։ Նախկինում կիրառվում էր «կրիպտալ բջիջների կարցինոմա (crypt cell carcinoma)» տերմինը, որը, թերևս, բավականին ճշգրիտ չէ, որքան կարցինոդների շարքին այն դասելը։

Աղբյուրը՝ hy.wikipedia.

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook