Saturday, April 20, 2024
Նորություններ

Կարևորվել է աջակցությունը ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է «Աշխարհի բժիշկներ» (Medecines du Monde) ֆրանսիական միջազգային կազմակերպության Վրաստանի ներկայացուցչության անդամներին՝ առաքելության ղեկավար Էլիզաբեթ Ավրիլին և ընդհանուր համակարգող Վերոնիկ Միոլենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունը գործունեություն է ծավալում Ֆրանսիայում և աշխարհի 64 երկրում` իրականացնելով  առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանն ուղղված բժշկական նորարարական ծրագրեր ու  նախաձեռնություններ: Հիմնական ուղղություններից են ՄԻԱՎ վարակին հակազդումը և միգրանտներին ու փախստականներին աջակցությունը:

«Աշխարհի բժիշկների» Վրաստանի ներկայացուցչության անդամները փոխնախարարին տեղեկացրել են, որ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացնում են ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտ Ց-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր առավել ռիսկային խմբերի շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Էլիզաբեթ Ավրիլը և Վերոնիկ Միոլենը նշել են, որ Վրաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի էլիմինացիայի ծրագրին աջակցելու նպատակով իրականացվում է պիլոտային ծրագիր ուղղված թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում հեպատիտ Ց-ի հայտնաբերմանը, հիվանդության փուլի և լյարդի ախտահարման աստիճանի որոշմանը, բուժումը սկսելու համար շարժառիթի ձևավորմանը, բուժման ուղղորդմանն ու  կրկին վարակվելու կանխարգելմանը:

Սերգեյ Խաչատրյանն «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության ներկայացուցիչներին առաջարկել է իրենց հետաքրքրութ­յունների շրջանակում աջակցել ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ծրագրերին։ Մասնավորապես, կարևորվել են պացիենտների համապատասխան տվյալների բազայի ստեղծմանը և վարմանը, հեպատիտ Ց-ով պացիենտների հայտնաբերմանը, բնակչության շրջանում հեպատիտ Ց-ի տարածվածության որոշմանն ուղղված միջացառումների անցկացումը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook