Friday, April 19, 2024
Նորություններ

Կարևորվել է ֆինանսական միջոցների առավել նպատակային ծախսումը

Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի համակարգող Աննա Հոլթի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, փոխնախարար Սամվել Մարգարյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը,  ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արայիկ Բաղրյանը քննարկել են համատեղ ծրագրերի շրջանակում Վայքի ու Մարտունու բժշկական կենտրոնների արդիականացմանն առնչվող հարցեր։

Աննա Հոլթը նշել է, որ Մարտունի կատարած այցի ընթացքում իրենց թիմը տեղում համոզվել է, որ այդ հիվանդանոցն անհրաժեշտ է վերակառուցել և արդիականացնել`  կարևորելով բժշկական ծառայությունների ծավալները։

«Մենք չենք ուզում անհարկի մեծ բժշկական կենտրոն կառուցել, որը հետագայում փոքր ծանրաբեռնվածություն կունենա։ Մանավանդ, որ ոչ այնքան մեծ հեռավորության վրա է գտնվում Գավառի արդեն իսկ արդիականացված կենտրոնը»,-նշել է ՀԲ-ի ներկայացուցիչը։ Նա նաև ընդգծել է, որ  ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մեծ փորձառություն ունեցող մասնագետների հետ աշխատանքային քննարկումների արդյունքում շատ հարցեր արդեն իսկ հստակեցվել են։

Նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է, որ հնարավորություն է ստեղծվել առանց լրացուցիչ միջոցների, գումարների վերաբաշխման արդյունքում, համատեղ ծրագրում ընդգրկել նաև նշված երկու հիվանդանոցի կառուցումն ու վերակառուցումը։

«Մեզ համար շատ կարևոր է ինչպես Մարտունու և Վայքի հիվանդանոցների արդիականացումը, այնպես էլ Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծումը։ Սակայն վերջինիս առնչությամբ ներդրողների կողմից նոր առաջարկ է ստացվել, ինչը հնարավորություն կտա այդ նպատակի համար նախատեսված գումարներն ուղղել երկու հիվանդանոցի արդիականացմանը»,-նշել է նախարարը։ Նա նաև ընդգծել է, որ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում կառուցվող կենտրոնում սոցիալապես խոցելի խմբերի ճառագայթային բուժումը հասանելի կլինի 2018թ. հունվարից գործարկվող  պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթների շրջանակում։

Այնուհետև քննարկվել են առաջիկա ծրագրերն առավել արդյունավետ դարձնելուն, եղած ֆինանսական միջոցները հնարավորինս նպատակային ծախսելուն, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագրին, բժիշկների խրախուսմանը, համատեղ ծրագրերի գնահատմանը վերաբերող հարցերը։

Լևոն Ալթունյանը նախարարության մասնագետներին հանձնարարել է նշված հարցերի շուրջ գրավոր առաջարկներ ներկայացնել Համաշխարհային բանկի թիմին։

Աննա Հոլթը պատրաստակամություն է հայտնել դրանք քննարկել  առաջիկայում։

Նշենք, որ հանդիպումից հետո Համաշխարհային բանկի թիմը մեկնել է Վայոց ձոր` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook