Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Կեսարյան հատում. ցուցումները, հետվիրահատական ընթացքն ու կանոնները

Ո՞րն է կեսարյան հատման էությունը, և ո՞ր դեպքերում է այն կատարվում:

Կեսարյան հատումը մանկաբարձական բնույթի վիրահատական միջամտություն է, որի ընթացքում պտուղն արգանդից դուրս է բերվում արգանդի պատերի վրա կատարված կտրվածքների միջով:  Ցուցումները բաժանվում են երկու մասի` ցուցումներ մոր կողմից և պտղի կողմից:  Դրանք բաժանվում են նաև բացարձակի և հարաբերականի: Բացարձակ ցուցումներն են հղիի և երեխայի կյանքի համար վտանգավոր մանկաբարձական խնդիրները: Հարաբերական ցուցումներն այն իրավիճակներն են, երբ բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը չի բացառվում, սակայն այդ եղանակով հղիի կամ պտղի համար բարդությունների վտանգն ավելի մեծ է, քան կեսարյան հատման դեպքում: Օրինակ` ժամկետանց հղիություն, խոշոր պտուղ, արգանդի սպի, կոնքային առաջադրություն և այլն: Կեսարյան հատումը կարող է լինել պլանային, եթե հղիի մոտ առկա է հղիության բարդությունների բարձր ռիսկ: Այլ դեպքում կեսարյան հատման անհրաժեշտության հարցը կարող է մինչև ծննդաբերության սկսվելը մնալ անորոշ: Անհետաձգելի ցուցմամբ կեսարյան հատումն առաջանում է, եթե անհրաժեշտ է երեխային շատ արագ դուրս հանել հղիի արգանդից:

Արդյո՞ք ռիսկային է կեսարյան հատումըԻնչպե՞ս է ընթանում հետվիրահատական վերականգնողական շրջանը և որքա՞ն է տևում:

Ամեն դեպքում կեսարյան հատումը վիրահատական միջամտություն է, որը կարող է որոշակի բարդություններ ունենալ: Հետվիրահատական շրջանը հեշտ է ընթանում, եթե ծննդկանը վարում է ակտիվ գործունեություն: Ակտիվ լինելը չի նշանակում ծանրություն բարձրացնել կամ սեռական ակտ ունենալ: Պարզապես մեկ օր անց մայրիկը կարող է քայլել ու հոգ տանել սեփական կարիքների մասին: Դա հետվիրահատական ընթացքը որոշակիորեն թեթևացնում է և բարդությունների ի հայտ գալու հավանականությունը մոտեցնում նվազագույնի: Վերականգնողական շրջանն անհատական  է, սակայն ամենից դժվարն առաջին օրն է: Դրանից հետո դիտվում է ինքնազգացողության լավացում և վիճակի բարելավում, կարելի է անցնել հիգիենիկ միջոցառումների իրականացմանը:

Կարերը սովորաբար քանդվում են 3-7-րդ օրերին՝ կախված իրավիճակից: Հարկավոր է լինել հետևողական: Օրգանիզմը վերջնականորեն վերականգնվում է վեց շաբաթ անց: Սոնոգրաֆիա կատարելուց և ընդհանուր զննում անցկացնելուց հետո արդեն մայրիկին թույլ է տրվում վերադառնալ նախկին առօրյային ու վարել սեռական կյանք:

 Կեսարյան հատումից հետո մայրիկն առաջին հերթին ցանկանում է ազատվել կախված որովայնից: Արդյո՞ք դա հնարավոր է անել առողջ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների միջոցով:

Նկատենք, որ շատ մայրիկներ մտածում են՝ միայն կեսարյան հատումից հետո է կախված որովայն առաջանում, բնական ճանապարհով ծննդաբերության դեպքում ոչինչ չի լինում: Նման կարծիքները գիտական հիմնավորում չունեն, երկուսի դեպքում էլ խնդիրը կարող է ծագել: Սննդակարգով և ֆիզիկական վարժություններով կարելի է այն լուծել, բայց պետք է չմոռանալ հատուկ վարժությունների գոյության և հետծննդաբերական շրջանում գտնվելու մասին: Ճիշտ սննդակարգն էլ չպետք է շփոթել դիետաների հետ:

 Ի՞նչ կասեք կեսարյան հատումից հետո մնացող սպիների մասին: Շտկել հնարավո՞ր է:

Արդի բժշկությունը տալիս է սպիերի «նորոգման» հնարավորությունը: Սկզբում դրվում է ներմաշկային կար ներծծվող թելերի օգնությամբ, ինչի արդյունքում սպին արդեն իսկ գեղեցիկ տեսք է ընդունում: Կորեկցիան կարելի է  իրականացնել CO2 ֆրակցիոն լազերի օգնությամբ:

Ի՞նչ է արվում այն դեպքում, երբ կինը վախենում է ծննդաբերությունից և ցանկանում երեխային ունենալ կեսարյան հատման միջոցով՝  չնայած ցուցման բացակայությանը:

Մեզ մոտ կեսարյան հատում չի կատարվում՝ հիմնվելով կնոջ ցանկության վրա: Եթե չկա ցուցում, ապա պետք է տրամադրվել՝ լինելու է բնական ճանապարհով ծննդալուծում, և վախենալ հարկավոր չէ:

Կեսարյան հատումից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է մտածել նոր հղիության մասին:

Ցանկալի է երկու տարի հետո միայն մտածել երեխա ունենալու մասին և զուգահեռ  ուշադրություն դարձնել սպիի վիճակին:

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանի հետ: 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook