Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կնոջ տարիքն ու վերարտադրողական ֆունկցիան

Երեւի թե չկա այնպիսի կին, որը չի ցանկանում զգալ մայրության բերկրանքը: Գաղտնիք չէ, սակայն, որ կանանց վերարտադրողական տարիքը սահմանափակ է:
Կնոջ հղիանալու կարողությունը թեթեւակի նվազում է 27 տարեկանում, ապա էականորեն նվազում՝ 37 տարեկանից հետո:

Մինչեւ 30 տարեկան առողջ զույգը 95 տոկոս հավանականություն ունի մեկ տարվա ընթացքում երեխա ունենալու: 30 տարեկանից հետո յուրաքանչյուր տարի կնոջ հղիանալու շանսերը նվազում են 3 տոկոսով, 40-ից հետո՝ 5-10 տոկոսով:

Մինչեւ 30 տարեկան կանանց մոտ վաղ վիժման հավանականությունը 15-20 տոկոս է կազմում, իսկ 35-40 տարեկանների մոտ՝ 40-50 տոկոս:
Դաունի համախտանիշով կամ այլ քրոմոսմային անոմալիաներով երեխա ունենալու ռիսկը մեծանում է կնոջ տարիքի հետ: 35 տարեկանում Դաունի համախտանիշով երեխա ծննդաբերելու հավանականությունը կազմում է 1/350-ի, իսկ 45-ում՝ 1/35-ի:

Արդյո՞ք կնոջ առողջական վիճակը դեր է խաղում այս հարցում.

Նշանակություն չունի, թե կինը որքան առողջ է: Յուրաքանչյուր կին ծնվում է ձվաբջիջների կոնկրետ քանակով, եւ տարիքի հետ այդ ձվաբջիջների թիվը պակասում է, իսկ որակը՝ ընկնում:

Ճարպակալումը, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը կարող են լրացուցիչ խոչընդոտել հղիությունը եւ մեծացնել վիժման ռիսկերը կամ բարդություններ առաջացնել հղիության ընթացքում: Առողջ կենսակերպ վարելը կարեւոր է բեղմնավորման շանսերը մեծացնելու, առողջ հղիություն ունենալու տեսանկյունից, սակայն միայն առողջ սննդակարգ պահելով կամ ֆիզիկական ակտիվությամբ հնարավոր չէ պայքարել տարիքի հետ առաջացող ձվաբջիջների փոփոխության  դեմ:

Բժշկական տեսանկյունից, երեխա ունենալու իդեալական տարիքը 20-24 տարեկանն է, սակայն էմոցիոնալ, ֆինանսական եւ հասունության տեսանկյունից շատերի համար տարիքային շեմն ավելի բարձր կարող է լինել:

Tennessee Fertility Institute-ի տնօրեն Քրիստոֆեր Մոնթվիլը կարծում է, որ եթե զույգը ցանկանում է գոնե մեկ երեխա ունենալ, ապա պետք է պլանավորել դա մինչեւ կնոջ 37 տարեկանը:

Պետք է հիշել, որ սրանք ընդհանուր վիճակագրական թվեր են, եւ միշտ կան բացառություններ: 40 տարեկանից հետո հղիանալ նույնպես հնարավոր է, սակայն ռիսկային է եւ հաճախ դրան նախորդում է ոչ այնքան մատչելի բուժում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook