Friday, April 19, 2024
Նորություններ

«Կոռուպցիան դեղատներ է մտնում». քննարկում դեղատոմսով դուրս գրվող դեղերի մասին

Մարտի 24-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «Նախաձեռնող խմբի» (որում ներառված է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան,  Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և մի շարք այլ կազմակերպություններ) նախաձեռնությամբ անց է կացվել հավաք-քննարկում՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման մասին:Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը ներկայացրեց, որ կարիք կա դեղերի դեղատոմսով դուրս գրման ինստիտուտն այնպես ներդնել, որպեսզի պացիենտների համար անհարմարություններ չառաջանան, իսկ բժիշկները հավելյալ ծախսեր չկրեն, զերծ մնան կրկնակի գրագրությունից: «Դեղատոմսերի որոշումն, ի սկզբանե, թղթին է հանձնվել 6 օր ուշացումով: Մարտի 1-ից մենք սկսեցինք աշխատել դրանով, մարտի 6-ին կառավարությունը որոշեց, որ պետք է դա ժամանակացույցով արվի: Այն հարցին, թե ո՞վ է պատասխան տալու դեղատներում 6 օր ապօրինի գործունեության համար, ոչ ոք չի պատասխանել: Դա իրազեկման աշխատանքների անբավարար մակարդակ է, որովհետև թե՛ մենք՝ բժիշկներս, թե՛ պացիենտները տեղեկացված չենք եղել, թե ինչպե՞ս պետք է դա արվի»: Գևորգ Գրիգորյանի խոսքով, պետք է հաշվի առնել նաև միջագային փորձը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ իրավաբան-փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց, որ պետք է ներկայացնի միջազգային ձախողված փորձ, քանի որ նման կարգավորումները տանում են ձախողման: «Մեր օրենսդրության մեջ նշված չէ որևէ երկրի իրավակարգավորում, որը կապացուցի, որ հաջողված կարգավորումներ կլինեն: Սովորաբար նախագծերի հիմնավորումների մեջ նշվում են այն հաջողված փորձերը, որոնք մենք վերցնում ու կիրառում ենք Հայաստանում: Սակայն նման փորձ մեզ մոտ նշված չէ»,-ասաց Մարիամ Զադոյանը:

Նա ներկայացրեց հարևան Վրաստանի, ինչպես նաև Մոլդովայի, Իսպանիայի, Էստոնիայի, ԱՄՆ-ի դեղատոմսերով դեղերի դուրս գրման կարգերի փորձերը:

«Ես առաջարկում եմ առողջապահական ոլորտի հասարակական կազմակերպություններով միանանք և բողոքի նամակ հղենք նախագահին, վարչապետին և կառավարության մյուս անդամներին, որ նմանատիպ աշխատանքը՝ բանջարաբոստանային փորձարկումներ անել ազգի, մասնավոր ոլորտի, առողջապահական ոլորտի հետ՝ ընդունելի չէ, արդեն հերիք է»,- քննարկմանն իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: 

Նրա խոսքով, ոչ ոք հարցականի տակ չի դնում այն փաստը, որ դեղերի համար դեղատոմս է պետք, սակայն այդ խստությունները պետք է ճիշտ կարգավորումներով իրականացվեն և պետք է հաշվի առնել մասնավոր հատվածի կարծիքը: Սամվել Զաքարյանը նաև բարձրաձայնեց այն մասին, որ այս կարգավորումները կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել դեղատների ցանցում: Նա նշում է, որ դեղատների մի մասում դեղագործներն իրենց բժշկի տեղ են դրել. «Ասում են՝ հիվանդին ուղարկեք մեր դեղատներ, մենք կտանք դեղատոմսը: Կոռուպցիան դեղատներ է մտնում»:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին կայացած նիստի ժամանակ կառավարության որոշմամբ՝ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց.

1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,

2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,

3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Ալիսա Չիլինգարյան 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook