Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԱռողջ ապրելակերպ

Կովի՞, թե՞ այծի կաթ․ ո՞րն է ավելի օգտակար փոքրիկի համար

Նորածինների համար մայրական կաթը, թերևս,  անփոխարինելի  է․ բնական սնուցումն առավել կարևոր է փոքրիկի համար։ Սակայն երբեմն պատահում է, որ մայրիկը ստիպված է լինում արհեստական կաթնախառնուրդի կամ էլ կովի և այծի կաթով սնել փոքրիկին։

 Մանկաբույժ Մերի Մինասյանի օգնությամբ այս անգամ փորձել ենք պարզել՝ ո՞ր տարիքից սկսած կարելի է կովի կամ այծի կաթ տալ երեխային և ո՞ր տեսակի  կաթն է առավել օգտակար փոքրիկի համար։Բնական սնուցման բացակայության պարագայում մինչև 2 տարեկանը անհրաժեշտ է երեխային սնել արհեստական կաթնախառնուրդով, քանի որ մինչև  այդ տարիքը խորհուրդ չի տրվում այծի կամ կովի կաթ օգտագործել։

Կովի՞, թե՞ այծի կաթ

Ըստ մանկաբույժի՝ այծի կաթն առավել օգտակար է, թեպետ դժվար է ձեռք բերել։  Գյուղական համայնքներում այծի կաթ գտնելն ավելի հեշտ է։ Այծի կաթը կովի կաթի համեմատությամբ ավելի քիչ ալերգեն է և դյուրամարս։ Թեև այծի կաթն ավելի մեծ քանակությամբ ճարպաթթու է պարունակում, քան կովի կաթը, այնուամենայնիվ, այծի կաթը չի պարունակում ագլուտին, հետևաբար փոքրիկի ստամոքսում այդ ճարպային գնդիկները միմյանց հետ չեն սոսնձվում, ինչն էլ հեշտացնում է կաթի մարսումը։

Այծի կաթը պարունակում է նաև ավելի մեծ քանակությամբ սպիտակուց, այն նաև միկրոէլեմենտների և վիտամինների շտեմարան է։ Թեև կովի կաթը ևս հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով, բայց տոկոսային հարաբերությամբ այն զիջում է այծի կաթին։ Օրինակ՝ այծի կաթը պարունակում է 47%-ով ավելի շատ վիտամին A, 14%-ով շատ կալցիում, 24%-ով շատ B6, B12 և պղինձ։

Այծի կաթն իր բաղադրությամբ ավելի մոտ է մայրական կաթին։ Ճի՛շտ է, արհեստական կաթնախառնուրդը ևս հագեցած է վիտամիններով, մասնավորապես D վիտամինով, բայց դրա բաղադրության մեջ կալցիումն ավելի քիչ է, քան մայրական կաթում։ Հետևաբար այծի կաթը կարող  է փոխարինել մայրական կաթին, քանի որ, ինչպես արդեն ասացինք, պարունակում է մեծ քանակությամբ կալցիում։

 impoqrik.am

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook