Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կտտկենի, թանթրվենի

Կտտենի – թանթրվենի՝ դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, թթուներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, ներկանյութ և այլն։

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը։ Ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություններ։ Մեղրատու է։ Ծաղիկները հավաքում են չոր եղանակին՝ լրիվ բացվելուց հետո։

Դանակով կամ մկրատով կտրում են ամբողջ ծաղկաբույլը․ քանի որ վերջինս շուտ փչանում է, արագ չորացնում են ստվերում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա, միաշերտ փռված վիճակում։ Ծաղկաբույլերը հավաքելիս երբեք չպետք է կտրել ճյուղերը, որ չպակասի բույսի հաջորդ տարվա բերքատվությունը։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չորացնում են 30—35 աստիճանի պայմաններում։ Չոր հումքը պահում են տուփերի մեջ՝ 6 ամիս ժամկետով։

800px-Sambucus_ebulus_001

Դալար տերևները հավաքում են գարնանը, կեղևը՝ ամռանը։ Որպես դեղաբույս թանթրվենու մասին տվյալներ կան Պլինիոսի գործերում։ Մարդկությանը վաղուց են հայտնի ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ հատկությունները․ դրանք թուրմի և եփուկի ձևով կիրառվել են բրոնխիտի, ռևատիզմի, պոդագրայի, երիկամային քարային դիաթեզի, փորկապության և փորի շրջանի ցավերի ժամանակ, իսկ արտաքին՝ ողողումների կամ թրջոցների ձևով, անգինայի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, աչքերի և ականջների մի շարք հիվանդությունների դեպքում։

Թութքի բուժման նպատակով թարմ տերևը դրվել է ախտահարված տեղին՝ կոմպրեսի ձևով։ Պտուղները և արմատները, որպես միզամուղ և ընդհանուր կազդուրիչ, օգտագործվում են ջրգողության, շաքարախտի, դիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ։

Տերևահյութը, ներքին ընդունման ձևով, օգնում է կոտրվածքին և սալջարդին։ Հայկական ժողովրդական բժշկարանների տվյալներով՝ թանթրվենու ծաղիկները, որպես քրտնամուղ և միզամուզ միջոց , օգտակար են ուրեմիայի ժամանակ, դրական ազդեցություն ունի նաև ձայնի խզման և խռպոտման դեպքում։

Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներին վերագրում են «արյունը մաքրող» հատկություն։ Ծաղիկների եփուկը թրջոցալաթի ձևով դնում են ցավող ականջին, ռևմատիկ և պոդագրիկ բնույթի ախտահարված հոդերի վրա։

Կարմիր քամով ախտահարված մաշկին դնում են քերված կեղևի ջրաթուրմը, որը պատրաստում են կանեփի սերմերի կաթնահյութով։ Մատղաշ տերևները կաթի մեջ թեթևակի խաշելուց հետո դնում են պառկելախոցի, բորբոքական օջախների, հատկապես թութքահանգույցների վրա։

Ծաղիկներից, կապույտ տերեփուկի, ակնախոտի և արջընկույզի սերմերի հետ, պատրաստում են ջրաթուրմ և օգտագործում աչքի հիվանդությունների ժամանակ։

Չեխական ժողովրդական բժշկության մեջ պտուղների հյութը օգտագործում են եռորյակ և գոտկասրբանային նյարդերի բորբոքումների ժամանակ։

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներից պատրաստված թեյը լայն կիրառում ունի ջրգողության և ճարպակալման ժամանակ, իսկ պտուղներից պատված մարմելադը հայտնի է որպես միզամուղ և լուծողական միջոց։

Տերևներից պատրաստված եփուկը՝ լոգանքի ձևով, օգտագործվում է ռևատիզմի, պոդագրիայի, թութքի և մաշկային ցանավորումների ժամանակ։

Բացի քրտնամուղ և միզամուղ լինելուց, ծաղիկներն ունեն նաև պատող, թեթևակի ախտահանող, ջերմ իջեցնող և հակաբորբոքիչ հատկություն։

Օգտագործում են նաև լյարդի ախտահարումների դեպքում՝ որպես լեղամուղ։ Հիմնավորված է, որ ծաղիկների պատրաստուկները նպաստում են բրոնխներում կուտակված թանձր խորխի ջրիկացմանը և նրա արտազատմանը։

Դեղաբույսի պատրաստուկները ինհալացիայի ձևով օգտագործում են շնչառական օրգանների հիվանդությունների, հատկապես բրոնխէկտազիաների ժամանակ։ Բազմամյա կլինիկական հետազոտությունները պարզել են, որ բույսի ծաղիկներն ու պտուղներն օժտված են որոշակի բուժական ազդեցությամբ՝ սուր գրիպային վիճակի, սուր և խրոնիկական պիելոցիստիտների, հատկապես գաստրիտների և փորկապությունների ժամանակ։

Տիգրանի կտտկենին Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիների չոր, քարքարոտ վայրերում, գետերի կիրճերում։ Չորա- և ցրտադիմացկուն է, գեղազարդիչ։ Տերևները խիտ են, մուգ կանաչ, պտուղները՝ վառ կարմիր, ողկույզներով, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված 2 կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։

ԽՍՀՄ նախկին տարածքում աճում է 11, ՀՀ-ում՝ 3 տեսակ, որից առավել տարածված է սև կտտենին (S. niger)։ Ոչ բարձր թուփ է կամ փոքր ծառ, ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն։ Պտուղը սև է, մուգ մանուշակագույն, հատապտղանման կորիզապտուղ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը՝ արմատները, տերևները, ծաղիկներն ու պտուղները։ Վերջիններս ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություն։

ՀԽՍՀ-ում տարածված է Նոյեմբերյանի, Շամշադինի, Վանաձորի, Լոռի-Փամբակի անտառներում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook