Tuesday, April 16, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կրծքային հեղձուկ

Կրծքային հեղձուկ, կրծքային անգինա (angina pectoris), ստենոկարդիա (հունարեն՝ στενος նեղ, անձուկ և հունարեն՝ χαρδία-սիրտ), սրտի իշեմիկ (սակավարյունային) հիվանդության ամենատարածված կլինիկական ձևը։ Արտահայտվում է ետկրծոսկրային կամ սրտի շրջանի սեղմող, ճնշող ցավերի նոպաներով, որոնք ճառագայթվում են դեպի ձախ ուսը, ձեռքը և պարանոցը։ Նկարագրել է անգլիացի բժիշկ Վ.Հեբերդենը, 1768 թվականին։

Տարբերում են լարման և հանգստի կրծքային հեղձուկ։

Լարման կրծքային հեղձուկի դեպքում ցավային նոպան առաջանում է քայլելու և ֆիզիկական լարումների, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, նյարդային գերլարվածության դեպքում։simptomy-stenokardii

Հանգստի կրծքային հեղձուկի դեպքում ցավերը կապված չեն ֆիզիկական կամ նյարդային գերլարումների հետ, հազվադեպ առաջանում են քնի ժամանակ (հիվանդը ցավից կարող է արթնանալ)։ Ցավային նոպան տևում է մի քանի րոպե և արագ անցնում նիտրոգլիցերին (շատ դեպքերում՝ վալիդոլ) ընդունելուց հետո։ Կարող է ուղեկցվել վեգետատիվ ռեֆլեկտոր խանգարումներով՝ մաշկածածկույթների գունատություն, սառը քրտնարտադրություն, պուլսի դանդաղում։ Լարման կրծքային հեղձուկի ելքն առավել բարենպաստ է, քան հանգստինը և հազվադեպ է ավարտվում սակավարյունային հիվանդության ծանր ձևով՝ սրտամկանի ինֆարկտով՝ կրծքային հեղձուկի նոպան սրտի պսակաձև անոթներով դեպի սիրտը արյան հոսքի և սրտամկանի պահանջների խիստ անհամապատասխանության, այսպես կոչված՝ արյան պսակաձև շրջանառության սուր անբավարարության հետևանք է։ Վերջինս պայմանավորված է պսակաձև անոթների աթերոսկլերոզով, որոշ դեպքում՝ կոլագենային հիվանդություններով, աորտայի սիֆիլիսով։ Երբ վերոհիշյալ օրգանական փոփոխություններին միանում են նաև պսակաձև անոթների ֆունկցիոնալ փոփոխությունները, օրինակ, սպազմը՝ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ կամ թթվածնի հանդեպ սրտամկանի պահանջի բարձրացումը՝ ֆիզիկական բեռնվածության դեպքում, առաջանում են ցավեր։ Կրծքային հեղձուկի նոպան կարող է տեղի ունենալ նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ անոթների սպազմի հետևանքով, օրինակ, լեղապարկի բորբոքման, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում։ Կրծքային հեղձուկի նոպան պետք է տարբերել սրտացավից (կարդիալգիա), որի դեպքում ցավերը տարբեր բնույթի են, նոպայաձև չեն և ուղեկցում են սրտի և այլ օրգան-համակարգերի մի շարք հիվանդություններին `նևրոզներ, կլիմակտերիկ կարդիոպաթիա, սրտամկանի բորբոքումներ և պերիկարդիտներ։ Սրտի շրջանում տարբեր բնույթի, տեղակայման և տևողության ցավային զգացողություններ նկատվում են նաև նևրոզների, սրտի արատների, ողնաշարի պարանոցակրծքային հատվածի և այլ հիվանդությունների ժամանակ:

Կրծքի շրջանում ցավերի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Կրծքային հեղձուկի նոպայի ժամանակ, մինչև բժշկի գալը պետք է հիվանդին շտապ օգնություն ցույց տալ: Օրինակ` լարման կրծքային հեղձուկի դեպքում երբեմն կանգ առնելիս ցավն անցնում է, ուստի հանգիստը առաջին բուժական միջոցառումն է: Նոպայի դադարեցման առավել հուսալի միջոց է նիտրոգլիցերինը, որը 2-3 րոպեից չներգործելու դեպքում, պետք է 2-րդը դնել լեզվի տակ: Նիտրոգլիցերինը կարելի է և անհրաժեշտ է օգտագործել հենց նոպայի սկզբից: Եթե ամբողջական հաբից գլխացավ է առաջանում, ապա պետք է օգտագործել կեսը: Նիտրոգլիցերինի հաբերը կամ կաթիլներով թրջած շաքարի կտորը դնել լեզվի տակ: Ավելի դանդաղ և թույլ է ներգործում վալիդոլը: Երբեմն ցավը մեղմանում է կրծքի շրջանում մանանեխի ծեփուկներ դնելիս: Եթե նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից ցավը չի հանգստանում, անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:

Կրծքային հեղձուկի նոպաները կանխելու համար հիվանդը պետք է խուսափի ցավ առաջացնող ֆիզիկական բեռնվածությունից` արագ քայլք, ծանրության բարձրացում և այլն և նյարդային լարվածությունից: Միաժամանակ խորհուրդ չի տրվում լիարժեք հանգիստ, թույլատրելի են որոշ ֆիզիկական բեռնվածություններ, նույնիսկ` երկարատև, եթե ցավ չեն առաջացնում: Բուժական ֆիզկուլտուրայի նպատակահարմար համալիրները` բժշկի հսկողությամբ, նպաստում են հիվանդի վիճակի բարելավմանը: Պետք է սնվել փոքր բաժիններով, քանի որ շատ ուտելը կարող է դառնալ կրծքային հեղձուկի նոպայի պատճառ:

 

Ապրեք առողջ

 

պատրաստեց`Ա. Հարությունյան

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook