Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հազվագյուտ դեպք «Աստղիկ» ԲԿ-ում. Արգանդի ձախ հավելումների հեռացումից հետո արտարգանդային հղիություն արգանդի ձախ փողային անկյունում (ֆոտո)med.news.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոդվածում ներկայացված լուսանկարները նախատեսված են բժշկական լսարանի համար

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գրանցել են հազվագյուտ դեպք՝ պացիենտի մոտ եղել է արտարգանդային հղիություն արգանդի ձախ փողային անկյունում, չնայած նրա արգանդի ձախ հավելումները հեռացվել էին նախորդ արտարգանդային հղիությունից հետո:

Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Աստղիկ» ԲԿ մանկաբարձական-գինեկոլոգիական կլինիկայի ղեկավար Արման Նազինյանը:

29-ամյա պացիենտը կլինիկա է ընդունվել որովայնի ստորին հատվածում, առավելապես ձախ կողմում ցավի գանգատներով: Մինչ այս նա դիմել էր բնակության վայրի այլ կլինիկաներ (պացիենտը Երեւանից չէ), որտեղ նրան ախտորոշել էին լորձաթաղանթային էնդոմետրիումի հաստացում եւ արգանդի միոմա: Սակայն պացիենտի նկարագրած ախտանշանները չէին համապատասխանում նման ախտորոշմանը:

«Աստղիկ» ԲԿ-ում առաջին հերթին որոշել են ստուգել պացիենտի արյան մեջ hCG հորմոնի մակարդակը, որպեսզի պարզեն՝ հղի է, թե՝ ոչ: Պարզվել է, որ հորմոնի մակարդակը բարձր էր, ինչը նշանակում էր, որ կինն իրոք հղի է: Այնուհետեւ որոշվել է կատարել թիրախային ուլտրաձայնային սոնոգրաֆիա, որը ցույց է տվել, որ պացիենտի արգանդում էմբրիոն չկա, փոխարենը գոյացություն կար արգանդի ձախ փողային անկյունում:

Պացիենտը հայտնել է, որ անցյալում արտարգանդային հղիություն է ունեցել, սակայն չէր հիշում՝ կոնկրետ որ կողմում:

Արման Նազինյանը նշեց, որ սովորաբար արտարգանդային հղիության ժամանակ հեռացվում է միայն արգանդափողը, որին ամրացված է եղել սաղմը: Սակայն սոնոգրաֆիական հետազոտման ժամանակ պացիենտի մոտ ձախ ձվարանը չի հայտնաբերվել, մասնագետները նախ մտածել են, որ ձվարանը չի երեւում կպումների պատճառով, բայց ավելի ուշ պարզվել է, որ այն վնասված փողի հետ միասին նույնպես հեռացվել է:

Պացիենտի մոտ, ըստ ամենայնի, դարձյալ արտարգանդային հղիություն էր, որը կարող էր սպառնալ նրա կյանքին, ուստի որոշվել է վիրաբուժական բուժում կատարել: Քանի որ գոյացությունը ինտերստիցիալ հատվածում էր, որոշվել է կատարել ոչ թե լապարոսկոպիկ, այլ բաց վիրահատություն:

Եվ այս որոշումն առավել քան ճիշտ էր: Վիրահատության ժամանակ մասնագետները տեսել են, որ ընկերքային մակերեսը ամբողջովին կպած էր սիգմայաձեւ աղիքին, եւ լապարոսկոպիկ վիրահատության կատարումը տեխնիկապես դժվար կլիներ, եւ պացիենտի արգանդը պահպանելու համար ստիպված կլինեին անցնել բաց վիրահատության:

Բժիշկ Նազինյանն ասաց, որ արտարգանդային հղիությունը սովորաբար զարգանում է արգանդափողի ամպուլյար հատվածում, որը ձվարանին ավելի մոտ է տեղակայված: Սաղմի տեղայնացումը ինտերստիցիալ հատվածում, արգանդափողի անկյունում անչափ հազվադեպ երեւույթ է: Ավելին՝ չնայած պացիենտի ձախ ձվարանը հեռացված էր, արտարգանդային հղիությունը (համապատասխանում էր 8-9 շաբաթին) հենց ձախ կողմում էր:

«Սա բացառիկ կլինիկական դեպք էր. արգանդի ձախ հավելումների բացակայության պարագայում արտարգանդային հղիությունը հենց ձախ փողային անկյունում էր: Բեղմնավորումը կատարվել էր աջ արգանդափողում, որից հետո տեղի էր ունեցել սաղմի տեղափոխում ձախ փողային անկյուն», – ասաց Արման Նազինյանը:

Մասնագետի խոսքով՝ «Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի գոյության պատմության մեջ նման դեպք չէր գրանցվել: Եղել էին, իհարկե, արտարգանդային հղիության դեպքեր արգանդի ինտերստիցիալ հատվածում, սակայն առաջին անգամ էր հղիությունը հանդիպում հենց այն կողմում, որտեղ հեռացված էին արգանդի հավելումները: Բժշկական գրականության մեջ նման դեպքերը նկարագրվում են որպես կազուսային:

Վիրահատության ժամանակ կատարվել է փողային անկյան մասնահատում, ընկերքային հյուսվածքի առանձնացում սիգմայաձեւ աղիքի հանգույցներից եւ մեծ ճարպոնից՝ փողային անկյան վերականգմամբ: Վիրահատությունը բարդ էր, բայց հաջող է անցել, եւ պացիենտը երրորդ օրը տուն է գնացել: Հաջողվել է նրա արգանդը պահպանել, եւ նա ապագայում կարող է երեխաներ ունենալ: Պացինետը վերջերս եկել էր կրկնակի զննման, որով պարզվել է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է:

Արման Նազինյանը նշեց, որ եթե այս պացիենտի արտարգանդային հղիությունն ավելի ուշ հայտնաբերվեր, ապա փողային անկյան պատռվածքը կարող էր բերել լուրջ արյունահոսության՝ հետագա ծանր հետեւանքներով: Այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, չէր հաջողվի պահպանել պացիենտի արգանդը: Ավելին՝ արտարգանդային հղիությունը եւ ներքին արյունահոսությունը կարող էին սպառնալ նրա կյանքին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստորեւ ներկայացված լուսանկարները նախատեսված են բժշկական լսարանի համար

  

Leave a Reply

x Close

Like Us On Facebook