Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հակաբիոտիկների անհիմն օգտագործումը կարող է վնաս հասցնել մեծահասակի կամ երեխայի առողջությանը. մասնագետ

Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, չարաշահումը կարող է անմիջական, ինչպես նաև հեռահար վնաս հասցնել մեծահասակների կամ երեխաների առողջությանը: Բոլոր դեպքերում խիստ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան հետազոտություններ, հասկանալ հստակ խնդիրը և կարիքի դեպքում նոր նշանակել համապատասխան հակաբիոտիկ:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ընդգծեց ՀՀ գլխավոր մանկաբույժ  Սերգեյ Սարգսյանը՝ նշելով, որ ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով այժմ Հայաստանում անցկացվում է հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթ:

Գլխավոր խնդիրն այն է, որ պատմականորեն ձևավորվել է մի տեսակետ, իհարկե, առաջին հերթին բժիշկների գործունեության արդյունքում, մյուս կողմից էլ՝ բնակչության, որ շատ դեպքերում առանց հակաբիոտիկների բուժումն անհնար է: Եվ, քանի որ շնչառական հիվանդություններն ավելի տարածված են երեխաների շրջանում, կարելի է ասել հակաբիոտիկների կիրառումը երեխաների պարագայում գրեթե նորմա է դարձել: Մոտ 25 տարի առաջ մեր կողմից իրականացրած դիտարկումը ցույց  է տվել, որ բուժհաստատություններ այցելող երեխաների գրեթե 100  տոկոսը դուրս էին գալիս հիվանդանոցից արդեն հակաբիոտիկի նշանակում ստացած, որը շատ ահռելի մեծ թիվ է»,- ասաց մանկաբույժը:

Մասնագետը շեշտեց, որ պատկերը փոխելու համար այս տարիներին իրականացվել  են բավականին շատ կրթական ծրագրեր, դասընթացներ  և տարիների ընթացքում կա դրական առաջընթաց, բայց, այնուամենայնիվ, դեռ շատ են դեպքերը, երբ չի պահանջվում հակաբիոտիկային բուժում, բայց այն նշանակվում է:

 Մանկաբույժը հավելեց, որ դրանից բացի, խնդիր կա նաև դեղաչափի նշանակման հարցում, որոշ դեպքերում դա ոչ ճիշտ է արվում: Հաճախ էլ բուժառուները, նշանակումից հետո որոշում են այլ կերպ օգտագործել հակաբիոտիկը,  ինչը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում է անհրաժեշտ հակաբիոտիկներ նշանակել՝ մանկաբույժ  Սերգեյ Սարգսյանը նշեց, որ հակաբիոտիկները կարելի է նշանակել այն դեպքերում, երբ մանրէների առկայության հավանականությունը բավականին բարձր է: Օրինակ, թոքաբորբերի, ականջի բորբոքումների դեպքում և երբ կա մանրէական ծագման կոկորդի բորբոքում: Ոչ բոլոր դեպքերում, բայց մեծամասամբ անհրաժեշտ է հակաբիոտիկների կիրառում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook