Tuesday, April 23, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

«Հաճելի է գիտակցել, որ մարդուն օգնել ես մի քիչ ավելի երջանիկ զգալ». պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյան

Հայաստանում էսթետիկ եւ վերականգնողական վիրաբուժության զարգացման, երիտասարդ վիրաբույժների մասնագիտական ունակությունների եւ նախապատվությունների, երիտասարդացնող պրոցեդուրաներ սկսելու նախընտրելի տարիքի եւ այլ հարցերի շուրջ խոսել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանը, որի հետ հարցազրույցը հրապարակվել է «Էրեբունի» ԲԿ-ի կայքում:

Հայաստանում պլաստիկ վիրաբուժության պիոներներից եք համարվում: Պատմեք, խնդրում եմ, ինչպե՞ս եք ընտրել այս մասնագիտությունը:

1987 թվականին Երեւանի Բժշկական Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա՝ ընդհանուր վիրաբուժության «նպատակային» կլինիկական օրդինատուրա անցնելու համար: Դեռ ուսանողական տարիներից ես Երեւանի Շտապ օգնության հիվանդանոցում աշխատում էի որպես վիրաբույժ եւ տարված էի իմ մասնագիտությամբ: Սակայն Մոսկվայում զգացի, որ իմ աշխատանքի մեջ ինձ պակասում է ստեղծագործական ձիրքը, եւ որոշեցի փոխել մասնագիտությունս եւ ընդհանուր վիրաբուժությունից անցա միկրովիրաբուժության: Այդ ժամանակ միկրովիրաբուժությունը բավական երիտասարդ մասնագիտություն էր, իսկ երկրում քիչ մասնագետներ կային:

Ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժությանը, ապա այդպիսի մասնագիտություն Խորհրդային Միությունում ընդհանրապես չկար, սակայն արդեն 1980-ականների վերջին սկսեց ի հայտ գալ` հենվելով միկրովիրաբուժության եւ վերակառուցողական վիրաբուժության փորձի վրա: 1992 թվականն էր: Հայաստանը պատերազմական վիճակում էր, ամեն օր վիրավորներ էին բերում հիվանդանոցներ: Վերադառնալուն պես աշխատանքի ընդունվեցի Միքայելյանի անվան Վիրաբուժության Ինստիտուտի միկրովիրաբուժության բաժանմունքում: Այդ ժամանակ մենք էսթետիկայի մասին չէինք էլ մտածում: Պատերազմի ավարտից հետո էսթետիկ բժշկությունը աստիճանաբար սկսեց համբավ ձեռք բերել, եւ մեզ սկսեցին դիմել ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք ցանկանում էին անել քթի, փորի, կրծքի եւ այլ պլաստիկա: Այնուհետեւ տեղափոխվեցի Առաջին կլինիկական հիվանդանոց, իսկ որոշ ժամանակ անց` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հիմնեցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքը: Ներկայում մեր բաժանմունքի գործունեության սպեկտրը բավական լայն է. մենք զբաղվում ենք ե՛ւ վերակառուցողական, ե՛ւ էսթետիկ վիրաբուժությամբ:

Դուք վերակառուցողական եւ պլաստիկ վիրաբուժության բնագավառում ապագա շատ մասնագետների համար ուսուցիչ եւ խորհրդատու եք եղել: Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

Ուսանողական տարիներին վիրաբույժի իմ իդեալն էր Հայաստանում հայտնի բժիշկ Հարություն Իվանովիչ Մինասյանը: Նա Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր, զինվորական կեցվածք ուներ, շատ պատասխանատու եւ պարտաճանաչ մարդ էր: Ե՛վ բժիշկները, ե՛ւ հիվանդները պաշտում էին նրան: Այնուամենայնիվ, վիրաբուժության մեջ իմ ուսուցիչը Յուրի Տարասեւիչ Հովակիմյանին եմ համարում: Նա ինձ համար ոչ միայն հիանալի արհեստավարժի, այլեւ իսկական հասուն տղամարդու օրինակ էր: Նա շատ արդար մարդ էր` միշտ պատրաստ օգնելու. Աստված մի արասցե, եթե կոլեկտիվում ինչ-որ մեկի մոտ որեւէ խնդիր առաջանար, նա պատրաստ էր ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, օգնել, նեցուկ կանգնել: Շատ բազմագիտակ, անհավանական կարգապահ եւ ներքուստ կազմակերպված մարդ էր: Նա բժշկի, գիտնականի եւ, իհարկե, մարդու անբիծ համբավ ուներ… Անհետաձգելի եւ պլանային միկրովիրաբուժության իր ղեկավարած բաժանմունքներում անընդհատ ընթանում էր պրակտիկ, գիտական եւ ուսումնական ահռելի պրոցես: Իր ստորադասների մեջ նա գնահատում էր աշխատասիրությունը, մասնագիտական աճի ձգտումը: Ինչպես տեսնում եք, բախտս բերել է ուսուցիչների հարցում:

Իսկ Ձեզ դուր է գալիս դասավանդել, կիսվել փորձով: 

Այո՛, ես սիրում եմ փոխանցել իմ գիտելիքներն ու հնարքները երիտասարդ սերնդին: Գիտեք՝ ոչ բոլորի մոտ է ստացվում դասավանդել: Դասավանդող լինելու համար պետք է հաճույք ստանալ այն ամենից, ինչ տալիս ես: Սակայն այսօր խնդիրն այլ է. որքանո՞վ ես զգում քո աշխատանքի արդյունքը: Երբ երիտասարդ բժիշկը խելացի է, ուշադիր, ընդունակ, ձգտում ունի դեպի գիտելիքը, մասնագիտական աճը, այդ դեպքում շատ հաճելի է աշխատել նման մարդու հետ եւ կիսվել փորձով…

Այդպիսի երիտասարդներ Ձեր ուսանողների մեջ շա՞տ կան:

Ցավոք՝ ոչ: Մյուս կողմից պլաստիկ վիրաբույժ դառնալ ցանկացողների թիվը տարեցտարի մեծանում է, ինչը, սակայն, չի վկայում լավ որակի մասին: Այսօր մեր ամբիոնում 54 կլինիկական օրդինատոր կա: Դա անհեթեթություն է: Նրանցից շատերն իրականում չեն էլ պատկերացնում, թե ինչ է պլաստիկ վիրաբուժությունը: Ոմանց թվում է, որ դա ինչ-որ ներարկումներ կամ ոչ մեծ վիրահատություններ են: Ամենեւին: Ծրագիրը, որով սովորում են մեր կլինիկական օրդինատորները, առավելագույնս մոտեցված է եվրոպականին: Ուսման տարիների ընթացքում օրդինատորներն անցնում են վերքերի սովորական մշակումից մինչեւ բարդագույն միկրովիրաբուժական վիրահատություններ, այսինքն՝ մասնագետ դառնալու համար պետք է անցնել լրիվ կուրսը եւ միայն հետո գտնել այն մասնագիտական ուղղվածությունը, որում քեզ ավելի վստահ կզգաս: Պլաստիկ վիրաբուժությունը բաժանվում է էսթետիկ ու վերակառուցողական բաժինների: Առաջինը զբաղվում է արտաքին ձեւերի եւ կոնտուրների փոփոխմամբ, օրինակ՝ տարիքային փոփոխություններով, իսկ վերակառուցողականը (վերականգնողականը) ուղղված է ֆունկցիաների, ի ծնե արատների եւ հյուսվածքների դեֆեկտների վերականգնմանը եւ այլն: Իհարկե, մեր օրդինատորների մեծ մասն ընտրում է էսթետիկ վիրաբուժությունը, քանի որ այն նորաձեւ է ու պահանջված: Բայց պետք չէ մոռանալ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմի եզրին, եւ մենք վերակառուցողական վիրաբուժության բարձրորակ մասնագետների կարիք ունենք:

Պլաստիկ վիրաբուժությունը բժշկական մասագիտություններից ամենաստեղծագործականն է: Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Իմ աշխատանքի հաջող արդյունքը, առողջացած հիվանդները: Ամեն անգամ, երբ տեսնում եմ հիվանդներիս գոհ դեմքերը, ուրախության եւ բավականության զգացումով եմ լցվում: Չէ՞ որ միշտ հաճելի է գիտակցել, որ կարողացել ես օգնել մարդուն ձեռք բերել վստահություն եւ նրան մի քիչ երջանիկ դարձնել:

Ինչո՞ւ որոշ մարդիկ ավելի շուտ են ծերանում, քան իրենց հասակակիցները:

Նախ` դա կախված է մարդու գենոտիպից, երկրորդը՝ կենսակերպից, թե ինչ կենսակերպ է վարում, ինչ վնասակար սովորություններ ունի, երրորդը` ուլտրամանուշակագույն ճառագայթների գերազդեցությունից, չորրորդը` կյանքի որակից, սոցիալական պայմաններից եւ այլն:

Ո՞ր տարիքից խորհուրդ կտայիք սկսել երիտասարդացնող պրոցեդուրաները:

Որոշակի սահմանված տարիք չեմ նշի: Դա շատ անհատական է: Մաշկի որակը լավացնող ոչ մի էսթետիկ պրոցեդուրա չունի տարիքային ցենզ, դրանք կարող են անել նաեւ երիտասարդները: Ինչ վերաբերվում է կնճիռներին, ապա դրանք կարող են լինել միմիկական եւ տարիքային: Մինչ դրանց դեմ պայքար սկսելը պետք է հասկանալ դրանց առաջացման պատճառները: Միմիկական կնճիռները, որպես կանոն, լինում են հարուստ միմիկա ունեցող մարդկանց մոտ, եւ դրանց դեմ պայքարելն անիմաստ է, քանի որ նորից ու նորից հայտնվելու են: Իսկ տարիքային կնճիռները կարող են հայտնվել դեմքին արդեն 24 տարեկանից, եւ ժամանակին էսթետիկ բժշկության մասնագետներին դիմելու եւ դրանք հեռացնելու դեպքում կարելի է երկար տարիներ հետ մղել այն խնդիրները, որոնք հետագայում ստիպված կլինեք ուղղել վիրաբուժական ճանապարհով: Իմ խորհուրդը նրանց, ովքեր ցանկանում են իրենց արտաքինում ինչ-որ բան փոխել. օգտվեք միայն որակյալ ծառայություններից, այլապես կարող են լինել անդառնալի հետեւանքներ: Տեսեք, այսօր ով չի ծուլանում՝ զբաղվում է էսթետիկ բժշկությամբ, ներարկումներ է անում, այն դեպքում, երբ այդ կեղծ մասնագետներից շատերն անհրաժեշտ բժշկական կրթություն չունեն: Մասնագետ ընտրելու հարցին շատ լուրջ է պետք մոտենալ:

Ի՞նչ կմաղթեք ընթերցողներին:

Ուզում եմ, որ բոլոր մարդիկ առողջ լինեն: Ցավոք, մենք սկսում ենք գնահատել մեր առողջությունը միայն այն ժամանակ, երբ այն կորցնում ենք: Ծերանալու պրոցեսն անդառնալի է, եւև պետք չէ այն ավելի արագացնել: Սիրե՛ք ինքներդ ձեզ եւ ձեր հարազատներին, խնամքով վերաբերվեք ձեր առողջությանը, ուրախացեք կյանքով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook