Thursday, April 25, 2024
Նորություններ

Համալիր խնդիրը հաղթահարվում է համագործակցության արդյունքում

Հայաստանում հոգեկան հիվանդությունների կառավարումը զարգացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերին ստորագրվել է եռամյա  փոխըմբռնման հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության,  Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և Սանոֆի-Ավենտիս Գրուպի միջև: Նպատակը  շիզոֆրենիայի և դեպրեսիայի ախտորոշման և բուժման բարելավումն է, որի շրջանակում  նախատեսվում է դեպրեսիայի վերաբերյալ բնակչության իրազեկում Երևանում և  5  մարզում` Արմավիր, Շիրակ, Տավուշ, Սյունիք և Լոռի։ Շիզոֆրենիա և բարձր դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց ախտորոշման և մասնագիտական բժշկական օգնության բարելավման նպատակով կվերապատրաստվեն շուրջ 800 ընդհանուր պրակտիկ բժիշկներ և  ոչ հոգեբույժներ, ինչպես նաև 200 մասնագիտացված բուժքույր։

2016-ին ստորագրված հուշագրի շրջանակներում մեկնարկած միջոցառումների ընթացքը, ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցողների վերահսկմանն ու կառավարմանը վերաբերող այլ հարցեր են  քննարկվել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում։

Սանոֆի-Ավենտիս Գրուպի Դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարը, կարևորելով հոգեկան  հիվանդությունների նկատմամբ կայուն և շարունակական մոտեցումը, ընդգծել է, որ ծրագրերի հաջող ընթացքը պայմանավորված է Հայաստանի առողջապահական համակարգի լավ կազմակերպվածությամբ։

«Համալիր այս խնդիրը հնարվոր է հաղթահարել միայն համագործակցության արդյունքում, ինչը և վկայում են մեր գործընկերության արդյունքները»,-ասել է  բժիշկ Բոմպարը։

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի խոսքով ընթացիկ ծրագրի հիմք են հանդիսացել 2014թ. մեկնարկած  շիզոֆրենիայի և դեպրեսիայի վերահսկողության երկամյա փորձնական ծրագրի արդյունքները։ Իրականացնելով Հուշագրով նախատեսվող բոլոր պայմանները` Հայաստանի և Արցախի  առողջության առաջնային օղակում ավելացել են հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների հայտնաբերումը և ուղեգրումը մասնագետի մոտ։

Ծրագրի շարունակությունը միտված է 21-րդ դարի չարիք հանդիսացող ընկճախտի` դեպրեսիայի, բացահայտմանն ու բուժմանը։ Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգին նշել է, որ սա խնդիր է ամբողջ աշխարհի համար։ «Այս խնդրի լուծումը եռակողմ համագործակցությունն է։ Առողջապահության նախարարությունները քաղաքականության փոփոխություններն են մշակում, մեր կազմակերպությունը մասնագետների ուսուցում և վերապատրաստում է իրականացնում, իսկ դեղագործականները` առաջնային անհրաժեշտության դեղամիջոցներն են տրամադրում»։

Հայաստանում Ֆրանսիայի պատվավոր դեսպան պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ֆրանսիական մի շարք կազմակերպությունների կողմից  Հայաստանի առողջապահության տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող ծրագրերը գնահատել է որպես Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամության արդյունք։  Նա հավելել է, որ հոգեկան խնդիրների բուժմանն ուղղված ծրագրերը դեսպանության ուշադրության կենտրոնում են։ «Առնչվելով այս ոլորտին` միանգամից առերեսվում ենք հասարակության սոցիալական պատասխանատվությանը»,-շեշտել է դեսպանը։ Նա ընթացիկ տարվա հուլիսի 6-7-ին Հայաստանում ֆրանսիական առողջապահական օրերի կազմակերպումը դիտարկել է որպես ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների շփման և հետագա համագործակցության հնարավորություն։

unnamed 1212

Նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն  է հայտնել եռակողմ փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրի ընթացքի կապակցությամբ։ «Խորհրդանշական է, որ մեր հանդիպումը կայանում է այն պահին, երբ Հայաստանի առողջության առաջնային օղակը բարեփոխումների շեմին է։  Այսօր մեզանում օրակարգային է հոգեբուժական ծառայությունը առաջնային օղակին մոտեցնելը»,-նշել է Լևոն Ալթունյանը։

Նա անդրադարձել է նաև հոգեբուժական ծառայությունը բուժական և խնամքի բաղադրիչների տարանջատմանը` նշելով, որ հոգեբուժարաններում գտնվողների մի մասը ոչ թե բուժման, այլ խնամքի կարիք ունի։ Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ  ծրագրի գնահատման նպատակով  կարելի է անհրաժեշտ տեղեկատվություն քաղել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով։

«Հաոմոզված եմ, որ Ֆրանսիայի դեսպանատունը կշարունակի կապող օղակի իր դերակատարությունը Հայաստանում հոգեբուժական ծառայությունների բարեփոխման գործում»,-ասել է Լևոն Ալթունյանը` ամփոփելով  հանդիպումը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook