Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններ

Համաճարակային պարօտիտ

Համաճարակային պարօտիտ (լատ.՝ Parotitis Epidemica) (համաճարակային հարականջաբորբ, խոզուկ) սուր վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է առավելապես թքագեղձերի, գեղձային օրգանների (ենթաստամոքսային գեղձ, ամորձիներ) և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ։ Այս հիվանդության առավել վառ արտահայտությունը հարականջային թքագեղձերի միակողմանի կամ երկկողմանի ոչ թարախային բորբոքումը և ցավոտությունն է։

jepidemicheskij-parotit

Համաճարակային հարականջաբորբը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն անտրոպոնոզ ինֆեկցիա է։ Հիվանդության աղբյուրը՝ միայն մանիֆեստացված և սուբկլինիկական ձևերով հիվանդ մարդն է։ Վիրուսակրություն չի դիտվում։ Փոխանցման ուղին՝ օդակաթիլային, հազվադեպ կոնտակտային։ Հնարավոր է ներարգանդային վարակում՝ միոկարդի առաջնային ֆիբրոէլաստոզի զարգացումով։ Հարուցիչը արտազատվում է վերին շնչուղիներից փռշտոցի, հազի, լացի, փսխման ժամանակ։

Առավել վտանգավոր է հարականջային թքագեղձերի պրոցեսի մեջ ընդգրկվելուց անմիջապես առաջ և հետո ընկած ժամանակահատվածը։ Հիվանդացությունը՝ առավել հաճախ գրանցվում են համաճարակային բռնկումներ փակ կոլեկտիվներում (զինվորական, դպրոցական և այլն)։ Տարիքային կառուցվածքը՝ մինչև մեկ տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում պարօտիտով՝ շնորհիվ պասիվ իմունիտետի (տրանսպլացենտար ստացած մայրական հակամարմինների)։

Մուտքի դուռը վերին շնչուղիների լորձաթաղանթն է։ Վիրուսը, ընկնելով լորձաթաղանթի վրա, ամրանում է, բազմանում և, թափանցելով արյուն (առաջնային վիրուսեմիա), տարածվում է բոլոր օրգաններ և համակարգեր՝ ախտահարելով թքագեղձերը և մյուս գեղձերը։ Վիրուսն ունի տրոպիզմ թքագեղձերի նկատմամբ, որտեղ տեղի է ունենում նրա բազմացումը։ Վիրուսեմիայի առաջին ալիքին հաջորդում է երկրորդը (երկրորդային վիրուսեմիա), որի արդյունքում ախտահարվում են թիրախ-օրգանները՝ ԿՆՀ-ն, թքագեղձերը, այլ գեղձային օրգաններ։

Ինկուբացիոն շրջանը տևում է միջինը 12-26 օր։ Առավել հաճախ ախտահարվում են հարականջային թքագեղձերը։ Նախանշանների շրջանը յուրահատուկ չէ, ներառում է ոչ բարձր ջերմություն, անորեքսիա, ընդհանուր թուլություն, գլխացավ։ Մեկ օրվա ընթացքում պարզ է դառնում հիվանդության պատճառը՝ հիվանդը սկսում է գանգատվել ականջի ցավից, իսկ շոշափման ժամանակ հայտնաբերվում է հարականջային թքագեղձի միակողմանի ցավոտություն։ Ախտահարված թքագեղձի չափերը սկսում են զգալի մեծանալ՝ հասնելով մաքսիմումի հիվանդության 2-3 օրը։ Առավելագույն ցավոտությունը համընկնում է թքագեղձի չափերի առագ մեծացման ժամանակահատվածին։

Մեծացած թքագեղձը լցնում է մանդիբուլյար անկյունը, այն դեպքում, երբ պարանոցային ավշագեղձախտը չի ծածկում այդ անատոմիական հատվածը։ Շոշափման ժամանակ հայտնաբերվում է թքագեղձի ցավոտություն։ Հայտնաբերվում են Ֆիլատովի ցավային կետերը՝ ականջի բլթակից առաջ գտնվող կետը և կրծոսկրա-անրակա-պտկաձևային մկանի գագաթին մոտ գտնվող կետը։ Ախտորոշման համար կարևոր է Մուրսուի ախտանիշը՝այտի ներքին մակերեսի լորձաթաղանթին, հարականջային թքագեղձի ծորանի բացման տեղում հիպերեմիա և ինֆիլտրացիա։ Այս ախտանիշը դրական է 50-80% դեպքերում։

Սովորաբար երկրորդ թքագեղձը ախտահարվում է մի քանի օր անց, սակայն դեպքերի 1/4-ում հիվանդությունը կարող է ընթանալ մեկ հարականջային թքագեղձի ախտահարումով։ Ստենսոնյան ծորանի արտաքին բացվածքը հաճախ լինում է այտուցված և հիպերեմիկ։ Թքագեղձի մեծացման հետևանքով զարգանում է ծնոտակարկամ, որը դժվարացնում է խոսելը և ծամելը։

Ցիտրուսային մրգերի և նրանց հյութերի օգտագործումը ուժեղացնում է ցավը։ Հիվանդության առաջին օրերին ջերմությունը կարող է տատանվել նորմալից մինչև 40 °C։ Այն բանից հետո, երբ հարականջային թքագեղձերի մեծացումը հասնում է մաքսիմումի, տեղի է ունենում ցավի, ջերմության, շոշափելիս ցավոտության հետ զարգացում, իսկ մեկ շաբաթվա ընթացքում գեղձը վերադառնում է իր նորմալ չափերին։ Միաժամանակ հարականջային թքագեղձերի հետ այլ թքագեղձերի ընդգրկումը պրոցեսի մեջ դիտվում է 10%-ից պակաս դեպքերում։ Առավել հազվադեպ այլ թքագեղձերի ախտահարումը կարող է լինել պարօտիտային վարակի միակ արտահայտությունը։

Ենթածնոտայն թքագեղձերի ախտահարումը հաճախ քողարկվում է որպես առաջ-պարանոցային ավշագեղձախտ։

Ենթալեզվային գեղձերը հազվադեպ են ախտահարվում պարօտիտի ժամանակ, ախտահարման դեպքում դիտվում է լեզվի այտուց։

ԿՆՀ-ի ախտահարումը պարօտիտային վարակի առավել հաճախ հանդիպող ոչ գեղձային արտահայտությունն է և դիտվում է 10-85% հիվանդների մոտ։

Մենինգիալ ախտանիշները, ինչպես և պարօտիտային վարակի այլ արտահայտությունները, կարող են ի հայտ գալ հարականջային թքագեղձերի պրոցեսի մեջ ընդգրկվելուց առաջ, միաժամանակ և հետո, կամ առանց նրանց ախտահարման։ Սովորաբար մենինգիալ ախտանիշները գումարվում են հարականջային գեղձերի ախտահարման 4-րդ օրը, բայց կարող ի հայտ գալ ինչպես մեկ շաբաթ առաջ, այնպես էլ երկու շաբաթ հետո։ Առկա են վիրուսային մենինգիտներին բնորոշ կլինիկական ախտանիշները՝ գլխացավ, հաճախակի փսխումներ, տենդ, պարանոցային մկանների կարկամություն, Կերնիգի և Բրուձինսկու դրական ախտանիշներ։ Ողնուղեղային հեղուկի պունկտատում լեյկոցիտների քանակը 10-2000 է՝ լիմֆոցիտների գերակշռումով, չնայած 20-25% հիվանդների մոտ կարող են գերակշռել պոլիմորֆնուկլեար լեյկոցիտները։ Սպիտակուցի քանակը նորմալ կամ քիչ բարձր է, 90-95% հիվանդների մոտ նրա քանակը չի գերազանցում 0,7մգ/մլ-ը։ Պունկցիայի ժամանակ հեղուկը հոսում է նորմալ կամ քիչ բարձր ճնշման տակ։ Շաքարի և քլորիդների քանակը նորմալ է (տուբերկուլյոզային մենինգիտների ժամանակ շաքարի քանակը իջած է)։ Ողնուղեղային հեղուկում հաճախ հայտնաբերվում է պարօտիտի վիրուսը։ Ողնուղեղային հեղուկի փոփոխությունները կարող են պահպանվել 5 շաբաթ և ավել։

Ջերմության լիտիկ իջեցումը և ախտանիշների հետզարգացումը սովորաբար տեղի է ունենում հիվանդության 3-10 օրերին։ Մենինգիտի ելքը բարենպաստ է, լիարժեք առողջացումով և առանց բարդությունների։ Պարօտիտի ծանր, բայց հազվադեպ հանդիպող բարդություններ են ուղեղաբորբը և մենինգոուղեղաբորբը, որոնք բնութագրվում են գիտակցության կորուստով, զառանցանքով և օջախային ախտանիշներով (պարեզներ, պարալիչներ, խոսելակորուստ և այլն), ինչպես նաև ներքին ականջի և լսողական նյարդի ախտահարումով, որի արդյունքում արագ զարգանում է կայուն խլություն։ Տեսողական նյարդի ապաճում դիտվում է շատ ավելի հազվադեպ։

աճախ հիվանդները բուժվում են տանը։ Հոսպիտալիզացիայի են ենթարկվում ծանր ձևերով հիվանդները (սերոզ մենինգիտ, ամորձաբորբ, պանկրեատիտ)։ Յուրահատուկ բուժում չկա։ Խիստ անկողնային ռեժիմ ցուցված է սուր շրջանում (5-7 օր), հատկապես 10-12 տարեկան տղաների համար։ Բուժումը սիմպտոմատիկ է։ Անալգետիկ- անտիպիրետիկ միջոցները, ինչպիսիք են ասպիրինը, ացետամինոֆենը, անալգինը, պապավերինը, նո-շպան, ուղղված են թքագեղձի բորբոքման պատճառով առաջացած ցավը մեղմելուն և ջերմության իջեցմանը։ Սննադակարգը ներառում է հեղուկ կամ կիսահեղուկ սնունդ՝ ախտահարված գեղձը խնայելու նպատակով։ Ցուցված է չոր, տաքացնող միջոցներ գեղձի շրջանում (բրդյա վիրակապ, սոլյուքս լամպ)։ Ուլտամանուշակագույն ճառագայթումը և գերբարձր հաճախականությամբ հոսանքի կիրառությունը նույնպես խորհուրդ է տրվում։ Պետք է կատարել բերանի խոռոչի ողողումներ թույլ դեզինֆեկցող լուծույթներով։

աղբյուրը՝ wikipedia

Leave a Reply

x Close

Like Us On Facebook