Thursday, April 25, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Համավարակի առաջին օրվանից առաջնագծում պայքարող հոգով զինվորական, մասնագիտությամբ բժիշկ Կառլեն Սարգսյանը

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատոր Կառլեն Սարգսյանն այսօր էլ առաջնագծում է: Ապրիլյան պատերազմին պատվով իր առաքելությունը  կատարած բժիշկը կորոնավիրուսային համավարակի առաջին օրվանից բժշկի իր մասնագիտական առաքելությունն է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Լուռ, համառ, անմնացորդ իր աշխատանքը կատարող բժշկի մասին խոսելիս, նրա մարդ և մասնագետ տեսակի մասին  բժիշկ ընկերները, բուժքույրերը խոսում են անսահման ակնածանքով, հարգանքով և սիրով:

Կառլեն Սարգսյանի խոսքով` բժշկի մասնագիտությունն ընտրել է ծնողների խորհուրդով, ինչի համար շնորհակալ է նրանց:

Արմատներով արցախցի բժիշկը 2016 թվականին սահմանին կանգնած, հայրենիքը պաշտպանող բազմաթիվ զինվորների կյանքեր է փրկել:

Դա դարձել է կենսակերպ: Այսօր նորից պատերազմ է, որի դեմ պայքարում բժիշկը թե՛ զինվոր է, թե՛  զինվորական: Իսկ զինվորական համազգեստը, որով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հաճախ կարելի է տեսնել Կառլեն Սարգսյանին, խոսում է այն մասին, որ բժիշկը հոգով զինվորական է, մասնագիտությամբ` կռվող բժիշկ:

Այս օրերին  իր և առաջնագծում մարդկանց կյանքերի հետ պայքարող բուժանձնակազմի հանդիպած դժվարություններին անդրադառնալով` Կառլեն Սարգսյանն անկեղծանում է .«Ամենադժվարն անշնորհակալ մարդկանց հետ շփվելն է, իսկ ավելի դժվար` հիվանդության անկախատեսելի ելքերը»:

Տեսնելով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատող բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, կամավորական աշխատանք կատարող ԵՊԲՀ  բարձր կուրսերի ապագա բժիշկներին` ևս մեկ անգամ համոզվում ենք` Հայաստանն ունի պատրաստված, պայքարող ու հաղթող բժշկական հանրություն: Նրանք  արժանի են բարձր գնահատանքի: Խրախուսանքի և շնորհակալության ոչ մի խոսք չի կարող արտահայտել այն երախտագիտությունը, որը զգում է հիվանդության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր հիվանդ:

Հայտնվելով հիվանդանոցում հասկանում ես, որ միակ բանը, որ կարող ես անել բժշկի համար` նրան խնայելն ու պաշտպանելն է, քանի որ այն, ինչ նրանք են անում, չի կարող անել ոչ ոք:

Աշխարհը պատուհասած վարակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկի մասնագիտությունն ամենածանրն է, անձնուրացը:

Ինչպես զինվորականն է մոռանում իր անձն ու ընտանիքը պատերազմի ժամանակ, այնպես էլ այս պահին բժիշկների և բուժանձնակազմի ուսերին է ծանրացել հասարակությանն առողջացնելու, մարդկանց բուժելու, նրանց կյանք վերադարձնելու պատասխանատու գործը:

Բուժաշխատողների ուսերին ծանրացած համավարակը կարելի է հաղթահարել համատեղ պայքարի արդյունքում:

Հեղինակ` Մարգարիտա Մխիթարյան

Նյութը`  ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook