Friday, March 29, 2024
Նորություններ

Հայաստանը փոքր ռեսուրսներով առավելագույն արդյունք է գրանցել

Նորածինների խնամքի և բուժման բարելավումը մնում է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկը։ ՄԱԿ-ի հայաստայան գրասենյակում Մոր և  մանկան առողջության պահպանման ոլորտի գործընկերների  և մասնագետների հետ կայացած հանդիպումը նվիրված էր «Յուրաքանչյուր  նորածին` գործողություների ծրագիր» (ENAP) ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ համատեղ նախաձեռնությունը  Հայաստանում ներդնելուն։

Քննարկմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖԻ  Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի առողջության և սոցիալական ծրագրի պատասխանատու Ամիրհուսեյն Յարվավարը, ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի առողջապահական թիմը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան ոլորտի պատասխանատուները, ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, նորածիններին բուժօգնություն տրամադրող առաջատար մասնագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը` Կայուն զարգացման նպատակների մոր և մանկան առողջապահական ոլորտի թիրախների համատեքստում: Ներկայացվել են ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ ENAP նախաձեռնության հիմնական դրույթները։ Առաջարկվել է քննարկել Հայաստանում այդ ծրագրի ներդրման քայլերը: Ի դեպ, զեկուցող Ամիրհուսեյն Յարվավարն առաձնահատուկ ընդգծել է այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում եզակի երկրներից է, որն ազգային համախառն արդյունքի և առողջապահական հատկացումների ավելի քիչ ռեսուրսի պայմաններում գրանցել է առավելագույն արդյունք` մանկական մահացության նվազեցման առումով:

Հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր հուլիսին Բիշկեկում կայացած տարածաշրջանային խորհրդակցության, որտեղ 8 երկրիր, այդ թվում` Հայաստանը, ներկայացրել են իրենց երկրում առկա իրավիճակը և Կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսլականը:

Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ կլինի ENAP ծրագրի մշակմանը` Հայաստանի կարիքներին համապատասխան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook