Wednesday, April 24, 2024
Նորություններ

Հայաստանի և Սփյուռքի բժիշկները քննարկեցին արյունաբանությանն առնչվող հարցեր

Հայաստանի բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում հայաստանաբնակ և սփյուռքահայ արյունաբանները կիսվեցին իրենց փորձով և քննարկեցին ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր:

Արյունաբան Երվանդ Հակոբյանի խոսքով՝ այս սեկցիան կազմված էր 8 զեկույցից և նվիրված էր արյունաբանությանը, գենետիկային, դեռահասների առողջությանը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ի գործընկերների հետ միասին կատարված հետազոտություններին: Թեման ակտիվորեն քննարկվեց նաև հարցուպատասխանի միջոցով: Խոսելով արյունաբանությանն առնչվող արդի թեմաների և հետագա պլանների մասին, Հակոբյանը նշեց.

«Դեռահասների հետ կապված` ունենք բավականին հաջողված հետազոտություններ և ծրագրեր, որոնցից մեկը ներկայացրեց Հայ օգնության ֆոնդը: Ծրագրի ընթացքում Տավուշի մարզում 6 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների սնունդը կարգավորելով` բժիշկներին հաջողվեց սակավարյունության ցուցանիշներն իջեցնել»:

Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ այս ծրագիրը հնարավոր կլինի վերածել ազգային ծրագրի:

Փարիզի Արյունաբանական ֆոնդի նախագահ Ժերար Հովակիմյանը, կարևորելով համագումարի դերն ու նշանակությունը, նշում է, որ իր աջակցությամբ և մասնակցությամբ հայաստանաբնակ և սփյուռքահայ մասնագետների միջև անցկացվող բազմաթիվ քննարկումները, սեմինարներն արդեն դրական արդյունքներ են ունեցել: Ժ. Հովակիմյանը ո՛չ միայն մասնագիտական փորձով է կիսվում տեղի գործընկերների հետ, այլ նաև աջակցում է ոլորտի խնդիրները լուծելու նպատակով դրամական ֆոնդերի ստեղծմանը:

Աշխարհահռչակ արյունաբան, պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանն, ամփոփելով օրվա քննարկումները, նշեց, որ հատկապես կարևորում է երեխաների և ծնողների կրթության հարցը, իսկ ոլորտում կատարվող փոփոխությունները ցույց կտան՝ ինչ ուղղությամբ է պետք աշխատել և ինչ է պետք անել:  Քիլաջյանը կարևորեց նաև երիտասարդ բժիշկների մասնակցությունը նմանատիպ համագումարներին:

http://5imca.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook