Saturday, April 20, 2024
Նորություններ

Հայաստանում այս պահին գրիպով և ՍՇՎ–ով պայմանավորված կարանտին սահմանելու կարիք չկա. համաճարակաբան

Հայաստանում այս պահին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված մանկապարտեզներում և դպրոցներում կարանտին սահմանելու կարիք չկա, քանի որ հիվանդացությունների ակտիվությունը միջին ինտենսիվության է։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նրա խոսքով, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունն աճել է 1․1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նույնքան նվազել։

Աբովյանի խոսքով՝ սուր շնչառական վարակների եւ գրիպի սեզոնը մեկնարկում է հոկտեմբերին եւ շարունակվում մինչեւ մայիս։ Հիվանդացությունների աճն ուղիղ համեմատական է մինչեւ 18 տարեկան անձանց հիվանդացությանը։ Նոյեմբերի 28-ի դրությամբ՝ սուր շնչառական վարակ ախտորշմամբ ամբուլատոր կազմակերպություններ դիմել է 1264 պացիենտ։

«Թոքաբորբ ախտորոշմամբ դիմել է 55 պացիենտ, որից 31-ը մինչեւ 18 տարեկան են։ Հոսպիտալացվող քաղաքացիների 80 %-ը եւս մինչեւ 18 տարեկան են։ Նաեւ ունենք հիվանդացությունների աճ 65-ից բարձր քաղաքացիների շրջանում։ Առողջապահության նախարարությունն ունի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգ, այսինքն՝ բժշկական կազմակերպություններում նմուշառում է իրականացվում երկրում շրջանառվող ՍՇՎ–ի, գրիպի տեսակները եւ ենթատեսակները որոշելու համար։ Արդյունքում հայտնաբերել ենք Ա տեսակի H1 N1 ենթատեսակի եւ Ա տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչներ»,- ասաց Աբովյանը։

Մասնագետը հորդորեց հիվանդներին տանը մնալ, հատկապես երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ։ «Պետք է հրավիրել տեղամասային բժշկին եւ հետեւել նրա նշանակած բուժմանը, ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ։ Հակաբիոտիկներով բուժումից պետք է կտրականապես հրաժարվել, դրանք հակառակը՝ կարող են ավելի բարդացնել բուժումը, որովհետեւ ցուցված են մանրէային հիվանդությունների համար եւ պետք է օգտագործել միայն բժշկի նշանակման պարագայում»,- նշեց Աբովյանը։

Համաճարակաբանը որպես գրիպով չհիվանդանալու եւ հետգրիպային վիճակը հեշտ հաղթահարելու լավագույն տարբերակ խորհուրդ է տալիս պատվաստումը։ Նրա խոսքով՝ երկրի բոլոր պոլիկլինիկաններն ապահովված են սեզոնային վարակների դեմ պատվաստանյութերով։ Պատվաստման շարժական կետ է գործում նաեւ Հյուսիսային պողոտայում։ Պատվաստումը հատկապես ցուցված է հղիներին, մինչեւ 5 տարեկան երեխաներին եւ 65-ից բարձր մարդկանց։

Նշենք, որ վերջին օրերին NEWS.am Medicine-ն ահազանգեր է ստացել մի քանի քաղաքացիներից և բժիշկներից, որոնք նշում էին, որ մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, եւ որ դպրոցներում հիվանդ երեխաներին ստիպում են դասի գալ։ Բժիշկներն ահազանգում էին դպրոցներում և մանկապարտեզներում ավելի խիստ հսկողություն կամ կարանտին սահմանելու և մանկապարտեզները ժամանակավորապես փակելու անհրաժեշտության մասին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook