Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հայաստանում 2017-ի աշնանից մեկնարկում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը

Հայաստանում 2017 թվականի աշնանից կմտցվի մարդու պապիլոմա վիրուսի (HPV) դեմ պատվաստումը: Այս մասին իմունացման սեմինարի ժամանակ լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ պապիլոմա վիրուսը արգանդի վզիկի քաղցկեղի մի քանի տեսակների եւ մի շարք այլ հիվանդությունների պատճառն է, ըստ որում՝ ոչ միայն սեռական: Աշխարհում գոյություն ունի այս վիրուսի դեմ հաստատված 2 պատվաստանյութ՝ երկվալենտ եւ քառավալենտ, ինչպես նաեւ մեկ փորձնական պատվաստանյութ: Հայաստանը մտադիր է գնել քառավալենտ տարբերակը, որի արդյունավետությունը շատ մեծ է: Պատվաստումը 6 ամսվա տարբերությամբ կկատարվի 2 չափաքանակով:

Գայանե Սահակյանը նշեց, որ որոշ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, HPV-ի դեմ պատվաստումը կատարվում է երեք չափաքանակով, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ երկրորդ պատվաստումից հետո արդեն հակամարմինների մակարդակը բավարար է դառնում եւ ժամանակի ընթացքում չի փոխվում:

ԱՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ եղած պատվաստանյութերը՝ ե՛ւ երկվալենտը, ե՛ւ քառավալենտը նոր են եւ դրանց երկարատեւ հետազոտություններ չեն կատարվել: Երկու պատվաստանյութերի իմունոգենությունը ստուգվել է դրանց ներդրումից հետո մեկ անգամ՝ 8 տարի անց: Այս հետազոտությամբ պարզվել է, որ պատվաստվածների մոտ 8 տարի հետո հակագմարմինների տիտրն անփոփոխ է մնացել: Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը թույլ է տվել պնդել, որ երկու չափաքանակով պատվաստելուց հետո հակամարմինների մակարդակը չի փոխվում եւ՝ ամբողջ կյանքում:

ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս այս պատվաստումը կատարել 9-13 տարեկան աղջիկների շրջանում, քանի որ այն արդյունավետ է հորմոնալ հասունացման ժամանակահատվածում, բայց երբ աղջիկները դեռեւս չեն սկսել սեռական կյանքով ապրել, այսինքն՝ չեն կարող պապիլոմա վիրուսով արդեն վարակված լինել: Հայաստանում, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, որոշվել է պատվաստել 13 տարեկան աղջիկներին:

Գայանե Սահակյանը հավելեց, որ HPV-ի դեմ պատվաստումը ոչ միայն կանխարգելիչ, այլ նաեւ բուժական նշանակություն ունի՝ ի տարբերություն մյուս բոլոր պատվաստումների: Այսինքն՝ եթե կինը որեւէ տարիքում վարակվել է, ապա պատվաստումը նրան կազատի քաղցկեղային հիվանդության հնարավոր առաջացումից: Նա, սակայն, հավելեց, որ Հայաստանում անվճար պատվաստում կստանան միայն 13-ամյա աղջիկները, մյուսներն անհրաժեշտության դեպքում կարող են պատվաստվել վճարովի հիմունքներով: Մասնագետը նաեւ նշեց, որ պապիլոմա վիրուսը միայն կանանց չի ախտահարում, նաեւ տղամարդկանց, սակայն կանանց համընդհանուր պատվաստումը բերում է նաեւ արական սեռի բնակչության պաշտպանության, քանի որ ընդհատվում է վիրուսի շրջանառությունը:

Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, պատվաստումն ընդհանրապես հիվանդությունների դեմ պայքարի շատ արդյունավետ մեթոդ է համարվում, սակայն HPV-ի դեմ պատվաստումը մյուսներից տարբերվում է, քանի որ այս պատվաստանյութը կանխարգելում է ոչ ինֆեկցիոն հիվանդություն (մնացած բոլոր պատվաստանյութերը կանխում են ինֆեկցիոն հիվանդությունները): «Սա անչափ կարեւոր հանգամանք է: Պատվաստումը կատարելով հիմա՝ մենք կկանխենք հիվանդությունը, որը կարող է առաջանալ 20 տարի հետո: Այսինքն՝ պետությունն այսօր այս պատվաստումը մտցնելով ներդրում է կատարում երիտասարդ սերնդի առողջության մեջ»,- ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանը հավելեց, որ HPV-ի դեմ պատվաստանյութը շատ թանկարժեք է, սակայն Հայաստանում այս ծրագիրը կիրականացվի GAVI-ի միջոցով: Առաջին 2 տարիներին GAVI-ն Հայաստանին գարդասիլ պատվաստանյութը կտրամադրի իր հաշվին, իսկ հաջորդ 10 տարիներին Հայաստանը պատվաստանութը կգնի GAVI-ի գներով՝ չափաբաժինը 4,5 դոլարով:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook