Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

Հայուհին գրոհում է վրացական երկինքը. առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլյանը

Համալսարանում ուսանելու տարիներին մարդիկ երկու խմբի բաժանվեցին։ Մի մասին դուր էր գալիս աղջիկների ներկայությունը, մյուսները թերահավատորեն էին նայում մեզ և մեր ընտրությունն անլուրջ քայլ էին համարում։ Բայց անձամբ ինձ վրա դրական ազդեցություն ունեցավ, քանի որ ես որոշեցի ապացուցել բոլորին, որ կարող եմ օդաչու դառնալ։ Այդ մասնագիտությունը տղամարդկային ուժ չի պահանջում։ Օդաչուն պետք է ճկուն, խելացի լինի, կարողանա արագ կողմնորոշվել և յուրացնի ուսումնական նյութերը։

– Պատմեք ձեր առաջին թռիչքի մասին։

— Առաջին թռիչքից ստացած տպավորություններն անհնար է փոխանցել, անհնար է որևէ բանի հետ համեմատել։ Ես չէի հավատում, որ դա իսկապես ինձ հետ է կատարվում։ Միլիոնավոր տպավորություններ ստացա և աննկարագրելի զգացողություններ ունեցա։

Առաջին թռիչքի ժամանակ ազատություն չես զգում։ Առաջին թռիչքն էյֆորիա է։ Իսկ արդեն երրորդից հետո, տասներորդից հետո դու ազատության զգացում ես ունենում, սկսում ես գիտակցել, որ այն, ինչ կատարվում է, քո որոշակի գործողությունների արդյունք է։

Երբ ուղևորներն ինձ տեսնում են, ոմանք ուշադիր նայում են, ոմանք հիանում, բորտ-ուղեկցորդուհիներին հարցնում են իմ մասին, հետաքրքրվում են` ես օդաչու եմ, թե ոչ։ Փափուկ վայրէջքների ժամանակ ինձ ծափեր են նվիրում, ժպտում են ինձ։ Ջերմություն և լավ վերաբերմունք եմ ստանում ուղևորներից, ինչը հաճելի է և ուժ է տալիս աշխատելու համար։

9391102

– Հայտնի է, որ բորտ-ուղեկցորդուհիները վաղ տարիքում են թոշակի անցնում, իսկ օդաչու կանա՞յք։

— Թռչել կարելի է մինչև 65 տարեկան, եթե առողջությունդ ներում է։ Ամեն տարի բուժզննում անցնելուց հետո մեզ թռիչքների իրականացման համար, այսպես կոչված, թույլտվություն են տալիս։ Կարևորն առողջ լինելն է։

– Երբեք չեք վախեցե՞լ թռչելուց։

— Մինչև հիմա փորձում եմ հասկանալ` արդյոք վախ կա՞ թռիչքի ժամանակ։ Բայց նման բան չկա։ Ավելի շատ մեծ պատասխանատվություն և մի փոքր էլ լարվածություն եմ զգում, բայց դա ուշադրությունս կենտրոնացնելուց է։ Վախը հոգեբանական պահ է։ Ուսումնարանում օդաչուները «մարդկային գործոն» կոչված առարկա են անցնում, որի ժամանակ որոշակի հոգեբանական պահեր են ուսումնասիրվում։ Մեզ սովորեցրել են, որ չի կարելի խուճապի մատնվել և պետք է հանգիստ մնալ ցանկացած իրավիճակում։ Այսինքն այնքան կրթված օդաչու պետք է լինես, որ հստակ իմանաս, թե ինչ պետք է անես այս կամ այն իրավիճակում։ Անդադար պետք է աշխատես քեզ վրա։

– Կնկարագրե՞ք է կին օդաչուի սովորական օրը։

— Օրինակ` երեկ ես երկու թռիչք ունեի։ Սկզբում մենք հավաքվում ենք օդաչուների դեպարտամենտում և ուսումնասիրում եղանակային առանձնահատկությունները, վերլուծում առաջիկա թռիչքը, որոշում հրամանատարի հետ, թե որքան վառելիք է պետք, ամեն ինչ մանրակրկիտ քննարկում ենք… Այնուհետև ես բարձրանում եմ օդանավ, նախապատրաստում եմ ինքնաթիռը, սրահը չվերթի համար և ճամփա ընկնում։

Սա այնպիսի մասնագիտություն է, որ պետք է մարդու ներսում լինի։ Ոմանք ասում են, որ ես շատ գեղեցիկ համազգեստ ունեմ, լավ աշխատանք, մեկնեցիր-վերադարձար, և վերջ։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Ավիացիա գնալուց առաջ պետք է հասկանալ, թե ինչի հետ ես գործ ունենալու։

Надежда Бенклян

– Ի՞նչն եք ավելի շատ սիրում` երկի՞նքը, թե՞ երկիրը։

— Լավ հարց էր։ Ես երբեք այդ մասին չեմ մտածել։ Գիտե՞ք` երկինքը ռոմանտիկա է, գեղեցկություն, չսիրել հնարավոր չէ։ Երկնքում ես ինձ շատ լավ եմ զգում, հասկանում եմ, որ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։ Երբ ես տեսություն էի ուսումնասիրում համալսարանում, ամեն ինչ լավ էր, ես ամեն ինչ հեշտ էի սովորում, բայց մտածում էի, թե ինչ եմ զգալու, երբ մեծ ինքնաթիռ նստեմ։ Մտածում էի` արդյո՞ք չեմ վախենա, բոլորս էլ մարդ ենք և նախապես չենք կարող իմանալ, թե որ պահին ինչպես կարձագանքենք։ Եվ երբ ես իրականացրի առաջին, երկրորդ, երրորդ չվերթը, համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Իզուր չեմ պայքարել և իզուր չեմ անցել բոլոր այդ դժվարությունների միջով։ Արժեր։

armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook