Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Հայրենիքը միակն է, որը չափվում է մարդկային կյանքով. Գնդապետ Վահան Գևորգյան

Ես մտածում եմ, որ ինձ աշխարհի ամենադժվար մասնագիտությունն է բաժին ընկել: Վերջին մեկ ամսվա ընթացքում երրորդ գորիսեցին` իր «աննման գեղեցիկ» ծննդավայրի ու «շիտակ, քաջ, ազգասեր» հայրենակիցների մասին ասքանման պատմություններով, չդիմանալու աստիճան շատ է մեկ հոգու համար, որը ոչ մի կերպ չի «ինտեգրվում» Գորիսի «անդիմադրելի» հրապույրներին:

-Գորիսը շատ գեղեցիկ քաղաք է: Այն նախագծող ճարտարապետը կին է, ու զգացվում է կանացի նրբությունն ու անխաթար հարմոնիան: Կարմիր կտուրներով հավասար շարված առանձնատները` ծառ ու ծաղկի մեջ: Գիտեք` զարմանալի ուժեղ կապ կա մարդու, իր բնակավայրի բնության ու ճարտարապետության միջև: Գորիսեցիները իրենց լեռների նման հզոր են, բնության նման զգայուն, ճարտարապետության նման ներդաշնակ: Մերոնք ինտելեկտուալ են, ստեղծագործող: Որ մեկի անունը հիշեմ` Սերո Խանզադյան, Կոնստանտին Օրբելյան: Միայն Շինուհայր գյուղը (մորս ծննդավայրը) 4 ակադեմիկոս է տվել… Գորիսեցի տղամարդիկ պաշտում են կանանց, իսկ գորիսեցի կանայք հավատարմության մարմնացում են…
-Իսկ ճի՞շտ է, որ գորիսեցի կանայք իշխում են տղամարդկանց ,- իմ ասածից ոչ միայն վիրաբույժը, այլ ինքս էլ եմ ապշում: Արձակուրդ գնալու ժամանակն է, մտածում եմ, նյարդերս տեղի են տալիս: Ու փորձում եմ շտկել դրությունը:
-Իշխում են` լավ իմաստով:
Վիրաբույժը ներողամիտ ժպտում է, իսկ աչքերն ասում են` իշխելու լավը ո՞րն է:
-Գիտեք, ես հինգ տարեկանում եմ որոշել բժիշկ դառնալ:
Ես չեմ կարող չգնահատել բժշկի նրբանկատությունը. սահուն շրջանցում ենք գորիսեցի կանանց, ու Վահան Գևորգյանը ցույց է տալիս դեմքի սպիները:
-Ես անհանգիստ երեխա էի ու անընդհատ փորձանքների մեջ էի ընկնում: Հերթական պատռվածքս կարող բժիշկը բառացիորեն մտավ սիրտս` վարվելակերպը, հոգատարությունը, խոսքը, տեսքը. ու այդ ժամանակ էլ որոշեցի, որ վիրաբույժ եմ դառնալու: Եվ դպրոցում հավասարապես լավ էի սովորում բոլոր առարկաները, բայց վիրաբույժ դառնալու որոշումս երբեք չվիճարկվեց:
Բժիշկը խաղաղ, բարի դեմք ունի, և նրա ամբողջ կեցվածքում ինձ լավ ծանոթ տիրական հոգատարություն կա: Ես միշտ էլ ինչ-որ ներքին հակամարտություն եմ ունեցել բժիշկների հետ. մարդկանց խնամակալի հայացքով նայելու նրանց սովորությունն ընկճում է ինձ: Ասես միշտ ուզում են քեզ բուժել:
-Ճիշտ չէ,- ասում է վիրաբույժը,- բժիշկը հիվանդների՛ խնամակալն է, իսկ առողջներին վերաբերվում է հավասարը հավասարի պես: Ամեն մարդ ուզում է նշանակալի լինել: Մեկը փառք ու ճանաչում է փնտրում, մյուսը ուզում է ուժեղ լինել… Բժիշկն ուզում է հաղթել հիվանդությանը` հանուն հիվանդի, նա ամբողջ կյանքում պայքարում է հիվանդի համար:
Ես չեմ կողմնորոշվում` փառք ու ճանաչում ասելով՝ լրագրողների բոստա՞նն է քար գցում: Բայց գերադասում եմ չճշտել: Ես ուրիշ, ավելի կարևոր հոգս ունեմ հիմա. պիտի զգամ-տեսնեմ զրուցակցիս գույները: Շատ գույներ` մի քանի ժամվա ընթացքում, պիտի դիմանկար անեմ, պատերազմով անցած, մահվան դեմ իր ճակատամարտերը հաղթանակներով- պարտություններով ավարտած բժշկի դիմանկարը: Սա էլ ի՛մ ճակատամարտն է:
-Բժշկական ինստիտուտում լավ չեմ սովորել, ուսանող ժամանակ…
-Սիրահարվա՞ծ էիք…
-Ես միշտ էլ սիրահարված եմ:
-Հիմա՞ էլ…
-Հիմա էլ…
Ես չգիտեմ` որտե՞ղ տեղադրեմ այս գույնը, իսկ բժիշկը նույն պահին ասում է` կարողանում եք ներս սողոսկել:
Սիրում եմ այս պահը, երբ ես ու զրուցակիցս «մնում ենք» երկուսով:
-Ես երբեք լիդեր չեմ, բոցաշունչ ակտիվությունը իմը չէ… ես ներհայաց մարդ եմ: Զգացմունքները կարող են փոխել կյանքիս ընթացքը. ապրումները կարող են կոտրել ինձ կամ թևեր տալ: Ես 30 տարեկանում սիրահարվեցի մի աղջկա ու սիրահարված եմ մինչև օրս: Կիսատ-պռատություն, կոմպրոմիսներ չեմ սիրում: Ինձ համար նպատակներն այնքան կարևոր չեն, որքան այդ նպատակին հասնելու ճանապարհի ազնվությունն ու գեղեցկությունը: Երբեմն լրագրողները հարցնում են` 23-24 տարեկան տղա` ինչպե՞ս պատերազմ գնալու որոշում կայացրիք: Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է բժիշկը չգնալ մի տեղ, որտեղ հիվանդ կա, առավել ևս` վիրավոր: Որքան դժվարությունները շատ են եղել, այնքան ճակատում մնալու վճռականությունս ամրացել է: Պատահել է` միաժամանակ երկու սեղանի վրա վիրահատել եմ, քանի որ ժամանակ չէի կարող կորցնել: Իմ մազերը սպիտակեցին մի քանի ժամվա մեջ: Հիվանդը երիտասարդ տղա էր ու մահանում էր: Վիրահատությունից հետո, երբ ինձ նայեցի հայելում, տեսա, որ սպիտակել եմ:
-Մահացա՞վ:
-Ապրեց:
-Իմացա՞վ, որ Ձեր մազերը իր համար են սպիտակել:
-Լրագրողի նման եք մտածում:
-Լրագրող եմ:
-Մեզ չեն ծափահարում, մեր անուն-ազգանունը չի գրվում վիրահատության տակ:
-Գրվում է:
-Դուք չգիտե՞ք, թե ի՞նչ է զգում բժիշկը, երբ հիվանդը մահանում է վիրահատարանում:
-Ի՞նչ է զգում:
-…Դա անվերջ անկում է տարածության մեջ:
-Իսկ երբ բոլոր ցուցիչները մահ են գուժում, իսկ հիվանդն ապրու՞մ է:
-Նիրվանա…աներևակայելի զգացողություն է: Ճախրում ես:
-Ես գիտեմ` ճախրանքն ինչ է:
-Երբեք չհավատաք, երբ ինչ-որ մեկը կասի` բժիշկը չպայքարեց հիվանդի համար, աչքաթող արեց, չհավատա՛ք։
-Իսկ ինչու՞ ռազմական բժիշկ դարձաք:
-Ասացին` պետք ես, եկա:
-Ես մտածեցի` հանուն հայրենիքի…
-Հանուն մարդու:
-Ո՞րն է Արցախյան պատերազմի մասին Ձեր ամենակարևոր ասելիքը:
-Պետք է խուսափել պատերազմից:
-Իսկ հայրենի՞քը:
-Հայրենիքը միակն է, որը չափվում է մարդկային կյանքով…
-Իսկ ինչո՞վ է չափվում բժշկի նվիրումը:
-Երբ քայլում ես փողոցով, խանութում առևտուր ես անում… ու հանկարծ ինչ-որ մեկը մոտենում է ու ասում` կյանքս փրկել ես, բժի՛շկ ջան: Բժիշկը մարդու տեսակ է, եթե բժիշկ չես ծնվել, չես կարող բժիշկ դառնալ:
-Լրագրողն էլ…
-Մի անգամ Սերգեյ Իվանիչը` մեր վիրաբուժության բաժնի պետը, ինձ ասաց` շատերն են սիրում վիրաբուժություն, բայց վիրաբույժի համար կարևոր է, որ վիրաբուժությունը սիրի իրեն: Վիրաբուժությունը քեզ սիրում է: Հիմա ես նույնը ուզում եմ ասել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժնի երիտասարդ պետի` Սևակ Շահբազյանի մասին: Վիրաբուժությունը սիրում է նրան:
-Բժիշկ, ինչը Ձեզ չի հերիքում, ինչի՞ց եք դժգոհ:
-Ոչ մի բանից…Ես գոհ եմ, հետո՞ ինչ, որ ավտոտնակ կամ ամառանոց չունեմ:
-Իսկ ի՞նչ ունեք:
-Հայրենիք…ընկերներ…..ընտանիք….
Նյութի աղբյուրը ՝ Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook