Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հանկարծակի առաջացած գլխապտույտ

Կտրուկ տեղից վեր կենալը կամ գլխի արագ շարժումը կարող են տհաճ հույզերի մի ամբողջ հեղեղ ստեղծել։ Այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես աշխարհը պտտվում է։ Հավասարակշռությունը պահելու համար անհրաժեշտ է լինում հենարան գտնել։ Ծանո՞թ իրավիճակ է։ Խոսքը գլխապտույտի մասին է։ Վերջինիս հետ պարբերաբար ընդհարվում են գրեթե բոլոր մարդիկ։ Ինչի՞ հետ է կապված այս երևույթը։ Որո՞նք են կանանց և տղամարդկանց գլխապտույտի պատճառները։

Ե՞րբ է գլուխը պտտվում
Գլխապտույտը բավականին տհաճ վիճակ է, որի ժամանակ մարդը, գտնվելով անշարժ վիճակում, զգում է իր շուրջը պտտվող առարկաներ։ Այս երևույթը կարուսել է հիշեցնում։ Բժշկության մեջ գլխապտույտն անվանում են վերտիգո։

Հաճախ գլխապտույտը վտանգավոր չէ մարդու համար։ Այն կարող է առաջանալ որոշ անվտանգ գործոններին ի պատասխան։ Դրանց վերացումից հետո տհաճ զգացողությունները լիովին անցնում են։ Սակայն, երբեմն, վերտիգոն կարող է ազդարարել լուրջ ախտաբանությունների մասին, որոնք ճիշտ և ժամանակին բուժում են պահանջում։

Վերտիգոյի զարգացման մեխանիզմը
Գլխապտույտը, անատոմիական տեսանկյունից դիտարկելիս, պատճառները բավականին պարզ են։ Մարդու հավասարակշռության պահպանման և տարածության մեջ կողմնորոշվելու համար պատասխանատու վեստիբուլյար համակարգը գտնվում է ներքին ականջում։ Շրջակա միջավայրում կողմնորոշվելու համար մարդուն օգնում են տեսողությունը, մկանային ռեֆլեքսները։ Ստացված ամբողջ տեղեկատվությունը մտնում է ուղեղ, և հենց վերջինս է վերահսկում վեստիբուլյար համակարգի աշխատանքը։

Երբեմն ներքին ականջի և ուղեղի միջև կապը կարող է ընդհատվել։ Մարդը չի կարողանում կողմնորոշվել տարածության մեջ։ Գլխապտույտ է առաջանում։ Խաթարված կապը վերականգնելու համար ուղեղն ամնիջապես մի քանի ռեակցիա է գործարկում։ Դրանցից մի քանիսը կարող են հարևան կենտրոններն ընդգրկել (օրինակ` փսխումային)։ Դա բերում է տհաճ ուղեկցող ախտանիշների առաջացման։

Հանկարծակի առաջացած գլխապտույտներ. 5 պարզ պատճառ

Սովորաբար, ուղեղի և վեստիբուլյար համակարգի միջև կապը հազվադեպ է խաթարվում և երկար չի տևում։

Գլխապտույտն ախտաբանություն չի համարվում հետևյալ դեպքերում.

  1. Կարուսելի վրա պտտվելիս։ Նմանատիպ զվարճանքները լուրջ ծանրաբեռնվածություն են առաջացնում վեստիբուլյար համակարգի վրա։ Իսկ եթե այն բնությունից թույլ է և չմարզված, ապա կարող է վերջինիս աշխատանքը խաթարվել։ Այսպիսի գլխապտույտներ, սովորաբար, առաջանում են կանանց մոտ, քանի որ նրանց մոտ ծանրաբեռնվածությանն ավելանում են նաև հոգեհուզական ապրումները։
  2. Սթրեսներ, ապրումներ։ Եթե գլխապտույտն առաջացել է մեծ լսարանի առջև ելույթ ունենալու ժամանակ կամ ղեկավարի նկատողությունից հետո, ապա վերտիգոյի պատճառը մեծ քանակությամբ ադրենալինի արտադրությունն է։ Այս հորմոնն անոթների սպազմ է առաջացնում։ Իսկ դա բերում է ուղեղի արյունամատակարարման ժամանակավոր դադարեցման։
  3. Բարձրություն բարձրանալիս։ Այս դեպքում տհաճ երևույթները նույնպես համարվում են ֆիզիոլոգիական նորմա։ Բարձրություն բարձրանալիս մարդու աչքը չի կարող արագ կենտրոնանալ հեռու և մոտ առարկաների վրա։ Առարկաների վրա կենտրոնացման կտրուկ փոփոխությունները բերում են գլխապտույտի առաջացման։
  4.  Քաղց։ Այս խնդիրը բնորոշ է խիստ սննդակարգի բոլոր սիրահարներին։ Եթե մարդը բավարար սնուցում չի ստանում, ապա նրա օրգանիզմում գլյուկոզայի պակաս է առաջանում։ Հիմնական «վառելիքի» բացակայությունը բերում է գլխուղեղի աշխատանքի վատացման և գլխապտույտի առաջացման։
  5. Ակտիվ վարժություններ։ Մարզումների սիրահարները պետք է հիշեն չափի մասին։ Չափազանց ակտիվ պարապմունքները կարող են բերել ճնշման անկման։ Դա բերում է գլխապտույտների առաջացման, իսկ երբեմն նաև՝ ուշագնացության։ Տհաճ վիճակի հիմքում կարող են ընկած լինել գլխի կտրուկ անհաջող շարժումները, որի արդյունքում խանգարվում է ուղեղի արյունամատակարարումը։

Գլխապտույտի նոպան կարող է առաջանալ որոշ դեղորայքի ընդունմանն` ի պատասխան։ Հաճախ տհաճ ախտանիշի աղբյուրը հակադեպրեսանտներ, հակաբիոտիկներ, հակաքաղցկեղային դեղերն են։ Եթե գլխապտույտի պատճառը դեղորայքն է, ապա անպայման դիմեք բժշկի՝ այն փոխելու համար։

Հանկարծակի առաջացած գլխապտույտ։ 6 ախտաբանական պատճառ

Գլխապտույտի պատճառները միշտ չէ, որ անվտանգ են։ Երբեմն տհաճ վիճակի պատճառը հիվանդությունն է։ Այդ դեպքում գլխապտույտը բավականին հաճախ է առաջանում և կարող է մի քանի վայրկյանից երկար տևել։ Այդ երևույթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ախտանիշի արտահայտվածությունը նվազեցնել (իսկ երբեմն այն լիովին վերացնել) կարելի է միայն հիմնական հիվանդության ճիշտ բուժման դեպքում։

Այսպիսով, գլխապտույտի պատճառները կարող են լինել հետևյալ ախտաբանությունները.

  1. Վեգետաանոթային դիստոնիա։ Համալիր խանգարումներ, որոնց ժամանակ մարդու մոտ առաջանում են բազմաթիվ շեղումներ։ Այս բոլոր ախտանիշները կապված են վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության խանգարման հետ։ Վեգետաանոթային դիստոնիայի տարածված նշաններից է գլխապտույտը։ Այս նոպաները, սովորաբար, պայմանավորված են կտրուկ շարժումներով, դիրքի արագ փոփոխությամբ։ Գլխապտույտները տևական չեն։ Դրանք անցնում են ինքնուրույն՝ առանց որևէ միջամտության։
  2.  Խանգարումներ պարանոցային հատվածում։ Տարբեր վնասվածքները, օստեոխոնդրոզը, միջողնային ճողվածքները կարող են պարբերաբար հիշեցնել իրենց մասին գլխապտույտի հանկարծակի առաջացած նոպաներով։ Սովորաբար դրանք առաջանում են պարանոցի ակտիվ շարժումներից հետո։ Նոպան ուղեկցվում է ախտահարված հատվածի ցավով, երբեմն ճռթոց է լսվում։
  3.  Սակավարյունություն։ Գլխապտույտ կարող է առաջանալ երկաթի դեֆիցիտի ֆոնին։ Հաճախ այս ախտաբանությունը դիտվում է կանանց և երեխաների մոտ։ Սակավարյունության դեպքում նոպաներն ուղեկցվում են դյուրհոգնելիությամբ, ընդհանուր թուլությամբ, մաշկի գունատությամբ, նախաուշագնացային վիճակներով։
  4. Հոգեծին գլխապտույտ։ Այս ախտաբանության պատճառը հիվանդի տագնապային վիճակն է (անկայուն հոգեկան ունեցող մարդիկ) կամ` տարած սթրեսները։ Այս մարդիկ, սովորաբար, գանգատվում են քնի խանգարումից, գիտակցությունը կորցնելու վախից, պարբերաբար առաջացող օդի պակասի զգացումից, ուժեղացած սրտխփոցից։
  5. Վերտեբրոբազիլյար անբավարարություն։ Այս ախտաբանության ժամանակ ողնաշարային կամ բազիլյար զարկերակներում նվազում է արյունամատակարարումը։ Այս խնդիրները բերում են ուղեղի աշխատանքի խանգարման, որին բնորոշ են գլխապտույտի կանոնավոր նոպաները, որոնք կարող են տևել մինչև մեկ ժամ։ Բացի այդ, հիվանդները գանգատվում են սրտխառնոցից, փսխումից, կարող են դիտվել նաև տեսողական խանգարումներ։ Հաճախ տանջում է գլխացավը։
  6. Հիպոտոնիա։ Ճնշման անկումը հաճախ ուղեկցվում է գլխապտույտի նոպաներով։ Երբեմն կարող են առաջանալ նախաուշագնացային վիճակներ։

Գլխացավ կարող են առաջացնել ալկոհոլային ինտոքսիկացիան, ջրազրկումը, մարմնի գերտաքացումը։ Տհաճ երևույթի հիմքում կարող են լինել տեսողական խնդիրները կամ ականջի վարակը։

Ուժեղ գլխապտույտ. 6 վտանգավոր պատճառներ

Որոշ դեպքերում վերտիգոն ահազանգում է ծանր վիճակների զարգացման մասին, որոնք անհետաձգելի բժշկական օգնություն են պահանջում։

Ուժեղ գլխապտույտի պատճառները կարող են լինել.

  1. Լաբիրինթիտ (ներքին օտիտ)։ Ներքին ականջի վիրուսային վարակը, սկզբնական շրջանում, կարող է անախտանիշ ընթանալ։ Օտիտի միակ նշանը դառնում է գլխապտույտը, որը շարունակվում է մի քանի րոպե։ Այդպիսի նոպաները բավականին հաճախ են կրկնվում։ Հետագայում վիրուսային գործընթացը կարող է ախտահարել նյարդային համակարգը կամ ուղեղը։
  2. Ուղեղի ցնցում։ Երբեմն գլխի վնասվածքից հետո միայն գլխապտույտ է առաջանում։ Պետք չէ անտեսել այդ ախտանիշը։ Այն ուղեղի ցնցման ուղղակի ապացույց է։ Ուղեղի լուրջ վնասվածքների կամ այտուցի զարգացման ռիսկը բացառելու համար անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։
  3. Կաթված։ Եթե գլխապտույտը ուղեկցվում է հանկարծակի առաջացած թուլությամբ, մարմնի մասերի թմրածությամբ, տեսողության, խոսքի խանգարումով, ապա առկա է կաթվածի բարձր ռիսկ։ Սա ծանր ախտաբանություն է, որի ժամանակ խանգարվում է ուղեղի արյունամատակարարումը։
  4. Միգրեն։ Ուժեղ գլխացավով ուղեկցվող գլխապտույտը կարող է ազդարարել միգրենի մասին։ Շատերը համարում են, որ այս վիճակն անվտանգ է։ Սակայն բժիշկները պնդում են, որ միգրենը, հատկապես բարձիթողի վիճակում, կարող է բերել ծանր ախտահարումների (երբեմն, նույնիսկ, ինֆարկտի, կաթվածի առաջացման)։
  5. Սիրտ- անոթային հիվանդություններ։ Այս ախտաբանություններին բնորոշ է ամեն անգամ կանգնելիս գլխապտույտի առաջացումը։ Այն պայմանավորված է ճնշման կտրուկ անկումով։ Նմանատիպ ախտանիշները կարող են վկայել ջրազրկման մասին, որը բերում է արյան խտացման։ Սակայն, եթե խնդիրը հեղուկի պակասի մեջ չէ, ապա կարող է պայմանավորված լինել առիթմիաների կամ սրտային անբավարարության զարգացմամբ։
  6. Ուռուցքներ։ Վերտիգոյի պարբերաբար նոպաները, գլխացավերի հետ միասին, սովորաբար, գլխի մի կեսում, կարող են ազդարարել գլխուղեղում ուռուցքի զարգացման մասին։

Ի՞նչ անել

Հաճախակի գլխապտույտների պատճառներն ինքնուրույն որոշել գրեթե անհնար է։ Այդ պատճառով վերտիգոյի հետ հաճախակի բախվող հիվանդներին խորհուրդ է տրվում դիմել թերապևտի կամ նյարդաբանի։ Մասնագետն ուշադրությամբ կուսումնասիրի հիվանդի գանգատները, կնշանակի համապատասխան ախտորոշիչ հետազոտություն։ Անհրաժեշտության դեպքում, բժիշկը հիվանդին կուղարկի քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, սրտաբանի, էնդոկրինոլոգի խորհրդատվության։

Վերտիգոյի պատճառները հայտնաբերելու համար պացիենտին կարող են նշանակվել հետևյալ հետազոտությունները.

  1. Նյարդաբանական թեստեր. թույլ են տալիս գնահատել վեստիբուլյար ապարատի ֆունկցիոնալությունը։
  2. ՄՌՇ կամ ՀՇ. հայտնաբերում են տարբեր խանգարումներ (արյունազեղումներ, ուռուցքներ, անոթների ախտաբանություններ)։
  3. Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա. ուսումնասիրվում է գլխի և պարանոցի անոթների վիճակը։
  4. Աուդիոմետրիա. թույլ է տալիս գնահատել լսողական ֆունկցիան։
  5. ԷԷԳ. ուղեղի կեղևի ակտիվության հետազոտման համար բժիշկը կարող է էլեկտրաէնցեֆալոգրաֆիա նշանակել։

Գլխապտույտն արագ վերացնելու համար (եթե, իհարկե, այն վտանգավոր պատճառներով չի առաջացել) կարելի է նստել ցանկացած մակերևույթի վրա, մի փոքր թուլանալ և 5-6 խորը ներշնչում-արտաշնչում իրականացնել։ Անպայման բացեք պատուհանը (շինության մեջ գտնվելիս ), ապահովեք թարմ օդի ներհոսք։ Եթե վերտիգոյի պատճառներն անվտանգ են, ապա այդ գործողությունները լիովին բավարար են, որպեսզի գլխապտույտն արագ անհետանա։

Նյութը՝  nairimed.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook